Օրեր առաջ մեր թերթի խմբագրություն էր դիմել Արմավիրի մարզի Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի արդեն նախկին աշակերտ Ալբերտ Հարությունյանը, ով սովորում է 10-րդ դասարանում: Աշակերտն այնքան է վիրավորվել իր նախկին դպրոցի տնօրենից, դպրոցում տիրող բարքերից ու մթնոլորտից, որ անգամ դպրոցից հեռանալուց հետո հոգեկան խաղաղություն չի գտել: Ամիսներ առաջ դպրոցում կատարված բախումների մասին Ալբերտը պատմում էր շատ հանգիստ՝ առանց վիրավորելու որեւէ մեկին: Ըստ տղայի՝ ամեն բան սկսվել է հոկտեմբերին, երբ դպրոցի բակում դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանը վիրավորել է բջջային հեռախոսով խոսող աղջկան: «Մի աղջիկ էրեխու ասաց՝ հեռախոսդ կվերցնեմ ու կմտցնեմ մամայիդ համապատասխան վայրը: Ես էլ ասացի՝ էս ո՞ւր ենք ընկել: Էդ աղջիկն ընդամենը հեռախոսով էր խոսում»,- պատմում էր Ալբերտը: Աշակերտի պատմելով՝ այդ պատմությանը հաջորդել են դպրոցի տնօրենի որդու եւ վերջինիս ընկերախմբի հետապնդումները, իսկ ավելի ճիշտ՝ «ռազբորկաները»: «Ինձ վրա մուռ էին պահում, հա ուզում էին կպնել ինձ: Հունվարի 31-ին էլ սկսեցին էլի կպնել, սկսեցին խփել ինձ: Դպրոցի բակում կռվեցինք: Դասի ժամ էր: 3-4-րդ դասերի ժամանակ էր: Իրանք շատ էին` մի 10 հոգի էին: Ինձ գցեցին գետնին, խփում էին: Ընթացքում իրար հայհոյում էինք: Ես վախենում էի, որ հանկարծ գլխիս չխփեն»,- ասաց Ալբերտը, ով բախումների մասին պատմում էր դադարներով՝ փորձելով վերհիշել յուրաքանչյուր դրվագը: Տղայի պատմելով՝ հաջորդ օրը դպրոցի տնօրենը գնացել էր իր դասարան եւ բոլոր աշակերտների ներկայությամբ իրեն հայհոյել: «Եկավ-մտավ մեր դասարան ու հարձակվեց վրաս: Սկսեց խփել: Մի երկու հատ խփեց, եղունգներով ճանկռեց, հես ա՝ էս իրա ճանկռածի հետքերն են (մատնացույց է անում երեսը.- Մ.Մ.), հետո ձեռը պահեցի: Տղան էլ իրա կողքն էր, ու ինքն էլ հարձակվեց վրաս: Ես որ պաշտպանվեցի, տատս կողքս էր՝ ինքն էլ խփեց, ասաց՝ տնօրեն ա, որ խփում է, մի պաշտպանվիր: Հետո դուրս եկանք, տղան ասաց, որ ես իրա մամայի խփածներից պաշտպանվում էի, բրթում էի: Ըտեղ էլի կռիվ սկսեց, տնօրենը կանչեց, ասաց, որ ես պիտի դուրս գամ դպրոցից: Ես էլ ասացի՝ դուրս կգամ-կգնամ 5-րդ դպրոց: Հետո ասաց՝ խուժան ես, գնա էդ խուժանների դպրոցը: Հետո սեռական բնույթի հայհոյանքներ տվեց, բերան ա հայհոյել»,- հանգամանորեն պատմում էր Ալբերտը, ում տատիկը եւս աշխատում է դպրոցում՝ որպես պատմության ուսուցչուհի: Աշակերտի փոխանցմամբ՝ այդ բախումից անմիջապես հետո ինքը փորձել էր դպրոցի շենքից դուրս գալ, բայց դպրոցի պահակը չէր թույլատրել՝ սպառնալով, որ Ոստիկանություն կզանգահարի: Ալբերտի պատմելով՝ իրենց Ոստիկանություն տարել է պապիկը, ով, ի դեպ, Էջմիածնում բարի համբավ ու մեծ հեղինակություն ունի: Ոստիկանությունում ասել էին, որ Ալբերտի ընտանիքը շատ պարկեշտ է, տղան ինքն էլ լավ երեխա է: Ընտանիքի անդամների վստահեցմամբ՝ իրենք, սակայն, համոզեցին Ալբերտին ներողություն խնդրել տնօրենից: «Ալբերտը լացում էր, չէր ուզում գնալ ներողություն խնդրել: Նույնիսկ Ոստիկանության տեսուչները համամիտ չէին ինձ հետ, որ Ալբերտը ներողություն խնդրի տնօրենից»,- ասացին ընտանիքի անդամները: Ըստ վերջիններիս՝ ամբողջ խնդիրն այն է, որ Ալբերտի տատիկը եւս մանկավարժական կոլեկտիվի անդամ է, եւ պարզապես չէին ուզում տնօրենի հետ փոխհարաբերությունները սրել: Բացի այդ հանգամանքից՝ ընտանիքի անդամները զգուշանում էին, որ հանկարծ Ալբերտի մայրը կատարվածի մասին չիմանա. նա առողջական խնդիրներ ուներ: «Տնօրենն ասաց, որ կհեռացնի ինձ, կամ էլ ես ինքս պիտի դուրս գամ: Նույնիսկ ասաց՝ եթե չգնաք, ես կզանգեմ Ոստիկանություն, կասեմ, որ ամբողջ ընտանիքով եկել-սպառնում եք, որ կծեծեք ինձ»,- նշեց 10-րդ դասարանի աշակերտը, ով արդյունքում դպրոցից ինքնակամ դուրս եկավ՝ ընդունվելով թիվ 5 դպրոց: Տղայի վստահեցմամբ՝ բախումներից 1 օր առաջ էլ իր ընկերներից մեկն էր դպրոցի տնօրենի որդու հետ վիճաբանություն ունեցել: Նա եւս դպրոցից դուրս եկավ: Հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ բախումներն արդեն օրինաչափ են դարձել, Ալբերտը պատասխանեց, որ տնօրենի որդին՝ Տիգրանը, բավական մեծ արտոնություն է ստացել դպրոցում, եւ որ նրա խաթրին ոչ մեկը չի կարող «կպնել»: Ալբերտի պատմելով՝ իր դուրս գալուց հետո տնօրենը մանկավարժական խորհրդի նիստ է գումարել, որտեղ իրավիճակը ներկայացրել էր այլ երանգներով՝ ասելով, թե ինքն է Ոստիկանություն կանչել, թե աշակերտ Ալբերտ Հարությունյանն իրեն խփել է: Ալբերտի փոխանցմամբ՝ այդ պահին միջամտել էր իր տատիկը՝ Եղիազարյան Բահարը, ով դպրոցի պատմության ուսուցչուհին է: Վերջինս խնդրել էր, որ տնօրենը ճշմարտությունն ասի: Սակայն, ըստ տղայի, տնօրենը տատիկին նկատողություն էր տվել, որ իբր խոչընդոտում էր մանկավարժական նիստի հետագա ընթացքը: «Արձանագրե՛ք՝ խիստ նկատողություն վերջին նախազգուշացմամբ, եւ մանկխորհրդի նիստը համարեց փակված»,- նիստի մասին պատմում էր Ա.Հարությունյանը: Վերջինս նաեւ ասաց, որ դպրոցի տնօրենը դպրոցում վախի մթնոլորտ է ստեղծել, բռնապետական կարգեր է հաստատել այնտեղ: «Իմ դուրս գալու հաջորդ օրը տնօրենը բուֆետում հավաքել էր տղաներին: Նրանց պատմելով՝ տնօրենն ասել էր, որ երբ ուզեն, ինքը կթողնի դասերից գնան, ասել էր՝ ձեր գնահատականները ես կապահովեմ, մենակ դուք ինձ լսեք: Ուզում էր իր կողմը քաշեր տղաներին, բայց նրան համարյա ոչ մեկը չի սիրում»,- նշեց Ալբերտը: Ըստ նրա՝ մեկ շաբաթվա ընթացքում թիվ 2 ավագ դպրոցից 10 աշակերտ արդեն տեղափոխվել է թիվ 5 դպրոց: Կատարվածի մասին մենք փորձեցինք որոշ տեղեկություններ իմանալ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանից: Տնօրենի փոխանցմամբ՝ դասամիջոցին Ալբերտը՝ ինքնահաստատվելու պատրվակով, սեռական բնույթի հայհոյանքներ էր տվել, եւ այդ ժամանակ նրան մոտեցել էին 2 աշակերտներ՝ Կարապետ Սիմոնյանն ու Վարդան Մազմանյանը: «Նրանք պահանջել էին, որ աղջիկների ներկայությամբ դասամիջոցին հայհոյանք չհնչի դպրոցում: Իրեն նկատողություն արած տղաներին պատասխան տալու համար Ալբերտը հարվածել է նրանց: Բնականաբար, այդ հարվածը չի մնացել անպատասխան, եւ դրանից հետո սկսվել է վիճաբանություն: Վիճաբանությունից հետո ուսուցիչները, դասղեկը, փոխտնօրենը, չկարողանալով այդ վեճը կանխել, խնդրել են ինձ իջնել համապատասխան իրարանցման վայր: Ես իջել եմ, խնդրել եմ, որ այն երեխաները, ովքեր մասնակից էին այդ միջադեպին, առանձնանան սենյակ՝ ինձ հետ խոսելու: Ու խնդրեցի, որ պարզեն՝ իրավիճակն ինչպես է զարգացել»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց դպրոցի տնօրենը: Ըստ վերջինիս՝ երբ Կարապետը ներկայացրել էր տեղի ունեցած միջադեպի պատճառը, ինքը հարցրել էր Ալբերտին, թե արդյո՞ք ճիշտ էր ասում Կարապետը: «Ալբերտն ասաց՝ այո՛, ճիշտ է ասում: Այդ պահին ընդամենը մնում էր, որ Ալբերտը ներողություն խնդրեր: Եվ ներողության փոխարեն արդեն միջամտեց իր տատիկը, ասաց, որ ինքը երբեք ոչ մեկին ներողություն չունի խնդրելու: Ալբերտն էլ ոգեւորված իր հովանավորյալի դիրքից՝ խփեց իր տնօրենին բոլորի առաջ»,- ասաց Սուսաննա Նազարյանը: Իսկ ինչ վերաբերում է այդ կռվին իր որդու մասնակցությանը, ապա, տնօրենի ասելով` երբ Ալբերտն իրեն հարվածել է, որդին իր մոտ էր: «Կարծում եմ՝ ցանկացած տղա, թեկուզեւ աղջիկ, որի մորը որեւէ մեկը կհանդգնի խփել, իրավունք ունի պատիվ պահանջելու»,- ասաց Ս. Նազարյանը: Իսկ հարցին, թե ինքը հարվածել կամ ճանկռե՞լ է Ալբերտին, նա պատասխանեց. «Փաստեր չկան, որովհետեւ այդ դեպքը տեղի է ունեցել դասամիջոցին, եւ ներկա էին եղել եւ՛ աշակերտներ, եւ՛ մանկավարժներ: Ես ընդամենը լավ հասկանալով իրավական դաշտը՝ Ոստիկանության անչափահասների բաժնի աշխատակիցներ եմ անմիջապես կանչել, որպեսզի իրենք զբաղվեն հետագա ընթացքով: Ոչ մի հարված, ոչ մի իրարանցում Ձեր նկարագրած չի եղել: Դա չի համապատասխանում իրականությանը»: