Թեեւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը պարբերաբար հայտարարում է մարզային դպրոցները վերակառուցելու ծրագրերի մասին, այդուհանդերձ, որոշ գյուղերի դպրոցներ մինչ օրս գործում են տարրական պայմանների բացակայությամբ: Արմավիրի մարզի Մերձավան գյուղի դպրոցում, օրինակ, ընդհանրապես խմելու ջուր գոյություն չունի: Ավելին` դպրոցում մինչ օրս խմելու ջրի խողովակաշար կառուցելու հնարավորություն չի եղել: Մերձավանի դպրոցականների ծնողները վստահեցնում են, որ աշակերտներից գումար հավաքելու միջոցով դպրոցի ղեկավարները դույլեր են գնում, որպեսզի հարակից տարածքից ջուր «կրելով»` դասարաններում խմելու ջուր ունենան: «Մեզ մոտ նախնադարյան կարգեր են: Երեխեքը վեդրոներով են ջուր կրում, որ կարողանան դպրոցում միշտ խմելու ջուր ունենալ»,- ասում են դպրոցականների ծնողները: