Հայաստանում իրականացվող աղքատության ուսումնասիրությունների եւ վերլուծությունների համաձայն` մեր բնակչության բազմազավակ եւ բազմանդամ ընտանիքներն ավելի աղքատ են: «Նրանք ավելի հեշտ են հայտնվում աղքատության ճիրաններում»,- վստահեցնում է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը: Ի դեպ, հանրապետության աղքատության ամենացածր մակարդակը Երեւանում է: Հայաստանում ընտանեկան նպաստ ստանում է 105.000 ընտանիք: Հիշեցնենք, որ ընտանեկան նպաստ համակարգը ներդրվել է 1999թ.-ից եւ որոշ մասնագետների գնահատմամբ` այդ համակարգի գործունեությունը ոչ թե ընտանիքների կենսամակարդակը բարելավում, այլ` ճահճացնում է` մարդկանց մղելով անգործության: Ա. Մինասյանը չի կիսում այդ կարծիքն՝ ասելով` «Եթե ես այդ կարծիքին լինեի` հաստատ այստեղ չէի աշխատի»: Ինչ խոսք, կան նաեւ ընտանիքներ, որոնք չեն ընդունում աշխատելու բազմաթիվ առաջարկները` մտավախություն ունենալով, որ զբաղվածության կարգավիճակի պատճառով կզրկվեն ընտանեկան նպաստից: «168 Ժամը» բազմիցս հրապարակել է ընտանեկան նպաստ համակարգի գրասենյակների տեսուչների կողմից կատարվող «մախինացիաների» մասին բազմաթիվ տվյալներ: Ավելին, նշել ենք նաեւ կոնկրետ անուններ եւ կաշառք վերցնելու կոնկրետ դեպքեր: Մինչդեռ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն այդ փաստերի հետքերով գնալու հետաքրքրություն չի ցուցաբերել կամ առհասարակ չի արձագանքել: Որքան էլ տարօրինակ է, բայց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը հորդորում է նման դեպքերում դիմել Երեւանի քաղաքապետարան կամ ՀՀ Գլխավոր դատախազություն: «Եթե դա Երեւանն է, ապա տեսուչների ճակատագրով` պատժելուց մինչեւ խրախուսում՝ պետք է զբաղվի Երեւանի քաղաքապետարանը, իսկ մարզերում` մարզպետարանները: Մեր նախարարությունը կարող է ստուգել մեթոդաբանությունը քաղաքացու իրավունքի իրացման գործընթացում»,- նշում է նա: Չնայած դրան, այս նախարարությունն ունի վերահսկողական համապատասխան վարչություն, որը կոչված է սոցիալական ոլորտի վերահսկողական գործունեություն իրականացնելուն: Եթե պետության տրամադրած սոցիալական աջակցությունը «փոշիանում» է տեսուչների «թեթեւ ձեռքով», ապա բյուջեից սոցիալական ոլորտին տրամադրված գումարների համար պատասխանատվություն է կրում նաեւ այդ գերատեսչությունը: