Ցրտի, խոնավության մեջ սովամահ են լինում

15/02/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երկու տարեկան Արմենի սպիտակամաշկ դեմքը մրի հաստ շերտից այնպես է սեւացել, որ դիմագծերը չեն երեւում: Վագոնակի սոսկալի ցրտին թախտին նստած Արմենն ամբողջ ուժով բղավելով՝ լաց է լինում: Մրսում է… Առավոտից ընդամենը 1 գավաթ անհամ շաքարաջուր է խմել: Քաղցից ու ցրտից իրեն պատռելով ճչում է: Վագոնում տեղադրված կոտրատված, հնամաշ պահարաններում հացի փշուր գտնելը բառացիորեն անհնար է: Մայրը` Ոսկեհատն, ասում է, որ ամբողջ օրվա ընթացքում երեխան միայն թեյ է խմել: Փոքրիկ Արմենի նյարդային, չարացած վարքագիծը, սակայն, այնպիսի տպավորություն է թողնում, կարծես նա ամեն օր միայն թեյ է խմում: Լավագույն դեպքում` հարեւանների խիղճը շարժած մի կտոր հացն է ուտում: Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ Ոսկեհատ Մարկոսյանի կենսակերպը հնարավոր չէ նկարագրել, բայց հնարավոր է կանխատեսել այս երեխաների ապագան: Երկու տարեկան այս փոքրիկն ապրում է մի վագոնում, որտեղ սարսափելի ցուրտ, խոնավ ու հակահիգիենիկ իրավիճակ է: Արմենի քրոջ` 14-ամյա Աննայի «բախտը բերել է»: Հաճախում է գիշերօթիկ դպրոց եւ «տուն» է վերադառնում միայն շաբաթ-կիրակի օրերին: Աննան Արմենի նման դժվար, ծանր մանկություն է ապրել, բայց գիշերօթիկ դպրոցի միջավայրը ստիպում է հավատալ վաղվա օրվան: Այլապես վագոնում գիշերներ անցկացնելու սարսափը Աննայի հոգեկան աշխարհն այնպես է խեղաթյուրել, որ մասնագետները նրա մոտ արատ են հայտնաբերել:

«Կռիսներ, կարիճներ, մորմ, օձ, ամեն ինչ էլ կա… Ահ ու սարսափով ենք քնում, արթնանում»,- ասում է Ոսկեհատը, ով, գիտակցելով աղջկա մոտ հայտնաբերված հիվանդության վտանգավորությունը, այնուամենայնիվ, չի կարողանում նրան բժշկի տանել: Ասում է, որ մասնագետները խորհուրդ են տվել աղջկան պարտադիր մասնագետի մոտ տանել` տեղեկացնելով, որ նրա մոտ արդեն մտավոր խնդիրներ են առաջացել. «Ի՞նչ անեմ, ախր ընդհանրապես փող չունեմ, որ գոնե տրանսպորտ նստեմ, տանեմ: Վաղը-մյուս օրը կբարդանա վիճակը, բայց ճար չունեմ»: Ոսկեհատը նախկինում «Ռոսիա» տոնավաճառում որպես հավաքարար էր աշխատում, բայց հիմա չի կարող Արմենին միայնակ թողնել: Առաջ փոքրիկին թողնում էր Աննայի խնամքին եւ գնում էր հավաքարարություն անելու, բայց հիմա Աննան տուն է վերադառնում միայն շաբաթ-կիրակի օրերին: Հարցնում եմ` «Ամուսին չունե՞ք»: «Չէ, առաջինից բաժանված էի, հետո կապվեցի ուրիշի հետ ու Արմենին ունեցա: Պարզվեց՝ ամուսնացած էր… երեխուն ունեցա, հետո կանգնեց, ասեց` կինս, ընտանիքս իմացել ա մեր կապի մասին, էլ չենք կարա միասին լինենք: Տենց, թողեց: Ոչ օգնում ա, ոչ հետաքրքրվում ա, ոչ էլ երեխուն ա տիրություն անում»,- պատասխանում է 2 երեխաների մայրն` ասելով, որ սկզբում չի իմացել, որ Արմենի հայրն ընտանիք ունի, քանի որ հղիանալուց հետո է այդ տղամարդը տեղեկացրել իր ընտանիքի մասին: Նախկինում Ոսկեհատը երեխաների հետ ապրել է Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում վարձակալած մի բնակարանում, որտեղ անգամ էլեկտրականություն չի եղել: Այնուհետեւ բնակարանի սեփականատերը պահանջել է այն ազատել` պատճառաբանելով, որ ցանկանում է բնակարանը վաճառել: Արդեն 6 ամիս է, ինչ բնակվում են Մերձավանում գտնվող այս վագոնում, որի համար տարածքի սեփականատերը ամսական 10.000 դրամ է պահանջում: Վեց ամիս ապրելով, սակայն, նա ոչ մի ամսվա գումարը չի վճարել: Ասում է` «Էս վագոնի տիրոջն ասեցի` ինձ նպաստ ա հասնում, թղթերը կդասավորեմ ու ամեն ամիս ստանալուն պես 10.000 դրամը քեզ կտամ: Մեռա էդ թղթերի համար գնալով, բայց նպաստ չեն տալիս: Էս պահի դրությամբ ես առանց կոպեկ եմ, ոչ աշխատում եմ, ոչ էլ` էդ թղթերն են ձեւակերպում, որ նպաստ ստանանք: Մեր սոցիալական ծառայությունն Էջմիածնում ա: Էս քանի ամիս ա գնում եմ` բա թե` էս թուղթը բեր, բերում եմ, բա թե` էն թուղթը բեր, նորից բերում եմ` բա սենց, բա նենց, արդեն զզվացնում են, որ էլ չգնամ: Ինձ ասում են` գրանցված չես, ասում եմ` ուրիշի վագոն ա, վարձով ա տվել, ո՞նց գրանցվեմ, բա թե` ի՞նչ իմանանք, տանտերը համաձա՞յն ա, թե՞ համաձայն չի: Սկզբում մաղարիչ էին ուզում, հասկացնում էին, որ առաջին 2 ամսվա նպաստն իրանց պիտի թողնեմ, ես էլ մտածում էի` ջհանդամը, թող իրանց լինի, բայց մյուս ամիսները տան: Մի խոսքով` դրանից հետո էլ` բա, եթե դու էդ վագոնում ապրում ես՝ ո՞նց ես վարձ տալիս: Էնքան տարան-բերեցին, որ էլ տրանսպորտի փող էլ չունեմ, ջղայնացա` սենց նստել եմ»: Ոսկեհատն ասում է, որ սոցիալական աշխատողները չեն հավատում իր ներկայացրած փաստարկներին եւ կարծում են, թե ինքն ինչ-որ բան է թաքցնում: Հարցնում եմ` «Իսկ էսքան ժամանակ գոնե մի անգամ եկե՞լ, տեսե՞լ են ձեր պայմանները»: Պատասխանում է` «Չէ՛, չէ՛… ոչ մի անգամ: Ավելի լավ չէ՞ր գային, իրենց աչքով տեսնեին, թե չէ` համ ինձ չեն հավատում, համ էլ` մի հատ չեն գալիս տեսնելու»: Երկու տարի շարունակ Ոսկեհատ Մարկոսյանը դիմում է սոցիալական ծառայություններին` խնդրելով իրեն տրամադրել իրեն հասանելիք պետական աղքատության նպաստը: Սոցիալական ծառայությունը ոչ այն է՝ մերժում, ոչ այն է` հաստատում է ընտանեկան նպաստ ստանալու նրանց իրավունքը: Երկու տարվա ընթացքում սոցիալական աշխատողները նպատակահարմար չեն գտել երբեւէ այցելել եւ տեղում ծանոթանալ վագոնում ապրող այս ընտանիքի կենսակերպին: Այդ 2 տարվա ընթացքում ամեն օր շաքարաջուր խմող եւ նման պայմաններում ապրող Արմենը եւս 2 տարի հետո մի քանի հիվանդություններ ձեռք կբերի: Այնպես, ինչպես քույրը` Աննան: Պատահում է` օրերով չեն տաքացնում վագոնը, քանի որ Ոսկեհատը չի կարողանում փողոցներից կարտոններ ու անպետք իրեր գտնել: Հարցնում եմ` «Բայց, եթե չեք աշխատում, նպաստ էլ չեք ստանում` ո՞նց եք ապրում, ինչո՞վ»: «Դե՛, մի օր մի հարեւանն ա մի կտոր հաց տալիս, մյուս օրը քույրս ա մի երկու հատ խաշած կարտոշկա տալիս… ի՞նչ իմանամ, երեւի մարդիկ սենց են էլի սովամահ լինում: Պատերազմների ժամանակ ո՞նց են մարդիկ սովից մեռել, երեւի այ սենց` կամաց-կամաց: Հո միանգամից չե՞ն մեռնում»,- անտարբեր ու սառը հայացքով պատասխանում է 2 անչափահաս երեխաների մայրը, ով նույնիսկ չի կարողանում մտաբերել Աննային ախտորոշած հիվանդության անունը:

Արմենն այնպես է ճչում, որ մեր զրույցը շարունակելն այլեւս անհնար է դառնում: Ոսկեհատը նրան գրկելով վագոնից դուրս է հանում: Առանց վերարկուի, բարակ հագուստով այս փոքրիկի լացն ընդհատվում է, որովհետեւ արեւից մի քիչ տաքություն է զգում: Արմենն իր սոված, սառած վիճակից էլի կլացեր, բայց այլեւս ուժ չունի, ձայնն էլ «նվաղել» է: Երկու տարեկան այս փոքրիկի մանկական հայացքը շուտով կդառնա կյանքից մի քիչ հասկացող երեխայի հայացք: Արմենը դեռ փոքր է՝ հասկանալու համար, որ ինքը ծնվել է պատահաբար, անսպասելի ու չնախատեսված: Դեռ չի հասկանում, որ մեկ այլ ընտանիք ունեցող իր «հայրն» ընդամենը փորձել է մի քիչ «զվարճանալ»: Մայրն էլ` ընդամենը ցանկացել է սփոփել իր միայնությունը: Երկու տարեկան այս փոքրիկ տղան շուտով սկսելու է հարցեր տալ, որոնց պատասխաններն իր համար անբացատրելի են թվալու: Արմենը շուտով նաեւ հարցեր է տալու պետության մասին, որի մասին պատասխաններ հավանաբար չեն լինելու:

Հ.Գ. Իհարկե, մեր թերթի գրեթե բոլոր հրապարակումներին շատ-շատերը, նույնիսկ արտերկրից արձագանքում են: Կարիքավոր ընտանիքներին օգնության ձեռք են մեկնել նաեւ պետական պաշտոնյաներ, գործարարներ, շարքային քաղաքացիներ, որոնցից շատերը չեն ցանկացել նշել իրենց անունը: Այս փոքրիկ ընտանիքը սարսափելի ծանր պայմաններում է ապրում: Վստահ ենք, մեր համաքաղաքացիներն այս անգամ եւս կարձագանքեն: Հուսով ենք նաեւ, որ գոնե այս հրապարակումից հետո կլուծվի նաեւ սոցիալական նպաստի հետ կապված խնդիրը, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք: