Մեր «Հանրային» հեռուստատեսությունում շատ կենսունակ մանրէ կա. այն, ինչը հայտնվում է եթերում` միանգամից կեղծիք է դառնում: Նույնիսկ զարմանալ կարելի է, թե որքան հեշտ է դա կատարվում: Եվ խոսքը միայն լրատվության մասին չէ, այլ`ավելի «անվնաս» թեմաների (ասենք` սիրո, մարդկային պատմությունների, բեմականացված ինչ-որ իրադարձությունների) եւ զվարճալի ֆորմատ համարվելու կոչված հաղորդումների մասին է:
Մարդը գնում է «Հ1»-ի տաղավար` որեւէ զրույց-շոուի մասնակցելու, ու միանգամից հայտնվում է գավառական կեղծ շրջանակի մեջ: Իսկ էկրանի առջեւ նստած ու մի քանի ժամ շարունակ հեռուստածամոն դիտողին անասելի տանջանքներ են սպասում (միայն ամենատոկունները կարող են ցինիկաբար դիտել զվարճալի հեռուստաշերտը):
Դեռեւս մի քանի տարի առաջ թվում էր, որ «Հ1»-ը չի կարող ավելի վատը լինել, քան արդեն իսկ կա, սակայն այդ հեռուստաալիքի վերջին ամիսների եթերացանցը փաստում է, որ դեգրադացման համար սահմաններ չկան: Եվ դրա վառ ապացույցը սերիալային իրականությունն ու սերիալների շարունակությունը դարձած սիրային-կենցաղային հաղորդումներն են, որոնք ոչ կյանք են, ոչ էլ այդ կյանքի իմիտացիա: Դրանք պարզապես աղբ են, որը չի կարող ընկալել նույնիսկ ամենահիմար հանդիսատեսը:
Երբ աղբը սերիալի ֆորմատի մեջ է հայտնվում, դեռ ոչինչ, քանի որ կարելի է ենթադրել (երեւակայության մեծ լարումով), որ դա գրոտեսկ է, կամ էլ վատագույն դեպքում` կյանքի անհաջող դիտակետ: Սակայն երբ «թոք-շոու»-ների հիմք են դարձնում կեղծ հերոսների մանկամիտ բարբաջանքը (այն էլ՝ գլամուրային շրջանակում մատուցված)` արդեն նմանվում է դիագնոզի: «Հ1»-ի հիվանդությունը կոչվում է օլիգոֆրենիա, այսինքն` հանրության շահերին ծառայելու կոչված ու հանրային գումարներով ապրող ալիքի «ուղեղն» է վնասված: Եվ հետեւաբար` մենք ջղաձգումների, մկանային սպազմատիկ կրճատումների ականատեսն ենք դառնում: Թեմաների ընտրության մեջ եղած ինքնացենզուրան հանգեցրել է նրան, որ այլեւս հնարավոր չէ ոչինչ անել: Իրական կյանքից որքան կարելի է հեռու մնալու պահանջը «Հ1»-ին դրդել է ազատվել պրոֆեսիոնալիզմի նշույլ անգամ ունեցող աշխատակազմից, եւ արդյունքում` սկսել է իշխել գավառական գլամուրը (որը նույնիսկ չի էլ կարելի «ռաբիս» անվանել, քանի որ ռաբիսն ավելի կայուն հիմք ունեցող կենսակերպ է, քան ոչնչից փայլ սարքելու գլամուրի մարտավարությունը):
Թե ինչպե՞ս կարելի է աղբ դարձնել, օրինակ, սիրո թեման, շատ լավ ցուցադրում են Սունդուկյանի անվան թատրոնի առաջատար դերասաններ համարվող Նելլի Խերանյանն ու Տիգրան Ներսիսյանը: Նրանց «Հանուն սիրո» հաղորդումը դիտած մարդը կարող է եզրակացնել, որ հայտնվել է քաղաքակրթության նշաններից զուրկ որեւէ հետամնաց գյուղի ակումբում ու սիրողական մակարդակի մի հավաքույթի ականատեսն է դարձել: Ընդ որում, հեռուստադիտողը ոչ ճանաչում է այդ հավաքույթի մասնակիցներին, ոչ էլ կարող է հասկանալ` ինչի՞ մասին են նրանք խոսում: Այդ հաղորդումն այնքան է տեղայնացրել ու նեղացրել պերսոնաժների ներկայության շրջանակները, որ աբսուրդի թատրոնի լավագույն նմուշ կարող էր համարվել, եթե այդ աբսուրդի խտացումը հասկացող անձանց ուժերով պատրաստվեր: Սակայն (օ՜, զարմանք) այդ հաղորդումը փորձում է ամենայն լրջությամբ հեքիաթային սեր ներկայացնել` կադրերի կոլաժ ցուցադրելով այն մասին, թե ինչպես են սիրած էակներն իրար ծաղիկ, փուչիկ, ժելեով տորթ, սրտիկներով հողաթափեր, սպիտակ ձիով կառք նվիրում ու գալով դերասանական զույգի մոտ` ասում, որ միշտ հավատացել են հեքիաթային սիրո ուժին: Մի երիտասարդ, օրինակ, ասաց, որ Մոխրոտիկի մասին հեքիաթի երկրպագու է ու հավատում է, որ սերն ամենակարող է: Նույն այդ միտքը հնչեցվում է կամ երրորդ սորտի ինչ-որ երգչուհու (երգչի, դերասանի) շուրթերով, կամ էլ լրիվ անծանոթ երիտասարդների, որոնց դեմքի վրա մտքի հետք անգամ չկա: Կա միայն մի մեծ խրախճանքի մասնակցելու մղում: Դա է հեռուստաֆորմատը, որը մարդուն (իր սիրով հանդերձ) իջեցնում է հողաթափիկ ինֆուզորիայի մակարդակի ու դրդում կցկտուր ու անորակ հայերենով բարբաջել ու դրանով իսկ` սեփական անձին կարեւորություն տալ: Հանդիսատեսը նրանց ծափահարում է, Ն. Խերանյանն ասում է` տեսա՞ր, Տիկ, իսկ Տ. Ներսիսյանը պատասխանում է` հա, Նել, ինձ էլ սիրային նամակ գրիր… Ահա այսպիսի «գեղի կլուբ» է դառնում Հանրային ալիքը, որտեղ «անվնաս» բաների մասին են խոսում` ներկայացնելով սիրային ատրիբուտները՝ որպես հանրային սպասումների արգասիք: Ի դեպ` այդ հաղորդման կողքին՝ Նազենի Հովհաննիսյանն իր «Երջանկության մեխանիկայով»` արդեն հանգիստ սրտով կարող է դասական համարվել, քանի որ ավելի ընկալելի ու, վերջիվերջո, տրամաբանական է վարում իր հաղորդումը, քան չգիտես` ի՞նչ ասել ցանկացող վաստակավոր դերասանները: Ի՞նչ է ուզում ասել վաստակավոր դերասան Արա Դեղտրիկյանը, ով որոշել է, սերիալներում նկարահանվելուց բացի, նաեւ` հաղորդում վարել, ոչ ոք սթափ ուղեղով հասկանալ չի կարող: Նա կարող է եւ տանը նստել շպարված աղջնակի կողքին ու խոսել կինոյի երգերի մասին, բայց չգիտես ինչո՞ւ՝ համարում է, որ սերիալը կյանք է, իսկ կյանքը` սերիալ: Հետեւաբար` եթերը աղբանոց է, որտեղ մեկ աղբակույտ ավելի կամ պակաս, ոչինչ չի փոխում:
Իհարկե, հասկանալի է, որ Հանրային ալիքը միտումնավոր է իջեցնում հաղորդումների նշաձողը` լուսարձակների փայլի տակ ներկայացնելով մի կերպ մտքերը ժողովող թերի մարդկանց, ովքեր խոսում են հեքիաթից, «love» բառի նշանակությունից, սիրած կերակրատեսակից, սիրած կլիպներից ու հագուստից: Այլ թեմաները տաբու են:
Կեղծ պաթոսն ու գավառամտությունն ամբողջովին կլանել են «Հ1»-ը: Եվ խոսքը միայն մեդիա-դեմքերի մասին չէ, այլ` հաղորդումների կառուցվածքի: Արդեն հանգիստ սրտով կարելի է ոչ մոնտաժային անցումներ անել, ասենք` առանց տարրական կոմպոզիցիայի կանոնների պահպանման` կադրերն իրար կպցնել այնպես, որ իրականությունը (նույնիսկ այդպիսի շինծու ֆորմայով) անընկալելի դառնա: Լուսային պարտիտուրա չկա՞, կադրերն էլ ֆոկուսից զո՞ւրկ են: Դե, ոչինչ` կարելի է կադրը լղոզել, մեկ-մեկ էլ ընդմիջել այն «ռապիդով» ու «Մերսեդեսի» նշանի կամ աղջնակների վարսերի թրթռոցի բլումային ցուցադրմամբ, ու մատուցել այդ ոչ պրոֆեսիոնալիզմը գավառական գլամուրի սոուսի տակ: Այդպես էլ «կուտվի», դե, աղբանոց է, չէ՞: Պրոֆեսիոնալ օպերատորներից, լուսային ու ձայնային մասնագետներից «վնասազերծված» «Հ1»-ն ամեն դրսեւորմամբ է դարձել գավառական: Եվ նրանից պատկերի որակ պահանջելն այլեւս անիմաստ է, ինչպեսեւ` հոդաբաշխ խոսել ու մտածել իմացող մարդկանց տեսնելն է անիմաստ:
Բոլոր հայրենական հեռուստաալիքներն էլ նույնն են, թեմաների սրություն ու իրական կյանք եթերում վաղուց չկա, սակայն հիմա ակնհայտ է, որ այն, ինչը հեռուստակյանք է կոչվում, այլեւս չի էլ ջանում նեխած աղբակույտի հոտը գոնե փոքր-ինչ մեղմել: Ընդհակառակը, հեռուստակյանքը գարշահոտի մոդա է ստեղծում, դիլետանտիզմը դարձնում է նվաճում` այդ գործին լծելով գլամուրային դեմքերին: Մոդայիկ երիտասարդ Ավետ Բարսեղյանն, օրինակ, իր` ոչինչ չասող ու լայն ժպիտով, նոր նվաճումային դաշտ է դուրս եկել` «Արմենիա» հեռուստաընկերության եթերով «բանավեճ» ներկայացնելով` («Ճիշտ, թե սուտ»), որի մասնակիցներն արդեն մարդիկ չեն, նույնիսկ կենդանիներ էլ չեն, այլ` շարքային միաբջիջ ամեոբաներ են` հողաթափիկ ինֆուզորիաներ: Այդ միաբջիջ կերպարները կարող են տարբեր ալիքներով թափառել ու կանգ առնելով ասենք, «Հ2»-ի եթերում` բերանը ծռելով ու կլկլացնելով` ռեստորանային երգեր երգել ու ժամեր շարունակ խոսել փողկապների կամ կիսաշրջազգեստների երկարության մասին: Կամ էլ իրենց ուրույն մտքերը հայտնել դարավոր մշակույթի ու բարոյականության վերաբերյալ: Այդ ամենն անելով` ընդամենը մեկ բջիջով ու դեմքի լուրջ արտահայտությամբ: Ավելին պետք չէ:
Հեռուստատեսության գիտակներից մեկը վերջերս շատ լավ գաղափար առաջ քաշեց. առաջարկեց առանց որեւէ միջամտության սղագրել եթերում հնչող տեքստը (ասենք` սերիալների, թոք-շոուների, բանավեճ համարվելու հավակնություն ունեցող հաղորդումների) ու տպագրել դրանք առանց մեկնաբանության՝ տպագիր որեւէ օրաթերթի ֆորմատով: Դա անկասկած բեստսելլեր կդառնա: Պատկերացնո՞ւմ եք, թե որքան ուշագրավ կլինի կարդալ այդ մտավոր «գոհարները», որտեղ, ինչպես պիեսներում` «ապարտ» ռեպլիկներ կլինեն (ասենք` ծիծաղեց, գոռաց, լաց եղավ, վեր կացավ, կամ դուրս եկավ): Կկարդաս, կուշտ կծիծաղես, հետն էլ` կհաշտվես, որ աղբանոց-եթերը նոր իրականություն է ստեղծում, որի հետ իրական կյանքը մրցել չի կարող: