Եգիպտոսի զինվորական իշխանությունը հայտարարել է խորհրդարանը ցրելու եւ երկրի սահմանադրության գործողությունը դադարեցնելու մասին: Եգիպտոսի Բարձրագույն զինվորական խորհուրդը, որը երկրի ղեկը ստանձնել է ուրբաթ, երբ նախագահ Հոսնի Մուբարաքը հանձնեց իշխանությունը, հայտարարել է, որ իշխանության ղեկին կմնա առաջիկա վեց ամիսներին կամ մինչեւ նոր ընտրությունների անցկացումը: Բարձրագույն զինվորական խորհուրդը հայտարարել է նաեւ նոր սահմանադրություն մշակելու նպատակով հանձնաժողովի ստեղծման մասին: Նշենք, որ խորհրդարանի երկու պալատների ցրումը մայրաքաղաք Կահիրեում եւ այլ քաղաքներում զանգվածային ցույցերին մասնակցող եգիպտացիների հիմնական պահանջներից մեկն էր: Ցուցարարները պնդում էին, որ 2010 թվականի նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծվել էին, որպեսզի նախագահ Մուբարաքին հնազանդ խորհրդարան ձեւավորվեր: Չնայած Մուբարաքի կողմից իշխանության հանձնումից հետո Կահիրեի «Թահրիր» հրապարակում ցուցարարների թիվը կտրուկ նվազել է, այդուհանդերձ եգիպտացիներից շատերը հրաժարվում են լքել հրապարակը` երկրի զինվորական ղեկավարությունից պահանջելով շուտափույթ ընտրություններ անցկացնել: Եգիպտոսի զինված ուժերի գլխավոր խորհուրդը երեկ արգելել է բողոքի ակցիաները: Այդ մասին հրապարակված հրամանագրում արհմիություններին եւ այլ աշխատանքային միություններին արգելվում է գործադուլներ, բողոքի ակցիաներ, ցույցեր կազմակերպել։ Զինվորականները եգիպտացիներին կոչ են անում դադարեցնել ցույցերը եւ վերադառնալ աշխատանքի: Ի դեպ, երեկ տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Եգիպտոսի արդեն նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը կոմայի մեջ է: Մուբարաքը Շարմ էլ-Շեյխի իր նստավայրում է գտնվում հինգշաբթի օրվանից: Նրան այստեղ ցուցաբերվել է որոշակի բժշկական օգնություն: Մուբարաքի առողջական վիճակը վատացել է շաբաթ օրը: Ըստ եգիպտական լրատվամիջոցների, ներկայումս որոշվում է նրան հիվանդանոց տեղափոխելու հարցը: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Եգիպտոսի նախկին նախագահը երկու անգամ կորցրել է գիտակցությունը ժողովրդին ուղղված իր ուղերձի ձայնագրության ժամանակ, որում իշխանությունը փոխանցում էր փոխնախագահ Օմար Սուլեյմանին։ Ի դեպ, Եգիպտոսի զինվորական իշխանությունն արդեն հայտարարել է, որ հավատարիմ է մնալու երկրի բոլոր միջազգային պայմանագրերին, այդ թվում` Իսրայելի հետ հաշտությանը: Եգիպտոսի զինված ուժերի բարձրագույն խորհուրդը երկրի պետական հեռուստատեսությամբ հաղորդել է, որ նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո կառավարությունը կաշխատի ներկա կազմով` մինչեւ նոր քաղաքացիական կառավարության ձեւավորումը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ողջունել է Եգիպտոսի ժամանակավոր կառավարության հայտարարությունը` նշելով, որ 1979 թվականին կնքված իսրայելա-եգիպտական հաշտությունը մերձավորարեւելյան տարածաշրջանի խաղաղության եւ կայունության անկյունաքարն է: