Գործադուլ Գյումրիում

15/02/2011

Գյումրիի Շահումյան փողոցի «Պինգվին» ՍՊԸ-ում հագուստ եւ կոշիկ վաճառող առեւտրականները երեկ գործադուլ էին հայտարարել: Ըստ «Գալա» հեռուստաընկերության` առեւտրականները փակել են տաղավարներն ու բողոքի դուրս եկել՝ ընդդեմ հարկային մարմինների: Խնդիրն այն է, որ վերջերս առեւտրականների նկատմամբ Գյումրիի Հարկային տեսչության կողմից խոշոր չափի գումարային տուգանքներ են կիրառվել, միաժամանակ ժամկետ են սահմանել, որի ընթացքում առեւտրականները վճարելու են տուգանքը, հակառակ դեպքում, ասել են, որ տուգանքի չափը կկրկնապատկվի ու կեռապատկվի, այնուհետեւ ընդհանրապես կդադարեցվի մանր ձեռնարկատերերի գործունեությունը: Այս սպառնալիքները ոտքի են հանել առեւտրականներին. տեղում որոշել են գնալ ու իրենց դժգոհությունները հայտնել անմիջապես Հարկայինի պետին: Գյումրիի հարկային տեսչության նորանշանակ պետի աշխատասենյակ, սակայն, մանր ձեռներեցներից միայն 3-ին է հաջողվել մուտք գործել: Տեսչության պետ Թելման Ասատրյանը նրանց հարցերին չի պատասխանել ու հանձնարարել է բոլորին դուրս հրավիրել կառույցից: