Լիբանանի մայրաքաղաքում անցկացվող տեքստիլի ցուցահանդեսի ժամանակ 1915-ի Հայոց ցեղասպանությունից փրկվածների թոռները թուրքական տաղավարների այցելուներին են բաժանել Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունների մասին պատմող բուկլետներ, ինչի պատճառով թուրք գործարարների հետ ընդհարում է եղել: Հայ երիտասարդների բաժանած բուկլետներում անգլերենով եւ արաբերենով գրված է եղել Թուրքիայի իրագործած հանցանքների մասին: Թուրք գործարարները փորձել են կանխել բուկլետների բաժանումը, որի ընթացքում ընդհարում է տեղի ունեցել հայ երիտասարդների հետ: Ծեծկռտուքի մասին տեղեկությունը հասել է մինչեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին, որից հետո դեպքի վայր են ժամանել մեծ թվով զինվորականներ եւ ոստիկաններ: Բեյրութահայ երիտասարդների մի մասը հասցրել է հեռանալ ցուցահանդեսից, իսկ մի մասը ձերբակալվել է: Ծեծից ստացած վնասվածքների պատճառով հիվանդանոց է տեղափոխվել թուրք գործարար Նուրի Շ.-ն: Մյուս գործարարները վերադարձել են Ստամբուլ։