20-րդ դարի «Մարդաորսը»՝ Արմին Վեգների աչքերով

29/10/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Թուրքիայում նա ոչ միայն սարսափելի իրադարձությունների ականատեսն է եղել, այլեւ իր եւ գերմանացի սպաների կողմից արված լուսանկարները դուրս է բերել Թուրքիայից եւ փորձել տպագրել: Վեգների լուսանկարների եւ նամակների շնորհիվ աշխարհը տեղեկացավ Հայոց եղեռնի մասին: Թուրքիան արտաքսեց Վեգներին իր երկրից՝ մեղադրելով նրան «պետական դավաճանության» մեջ: Վեգները Գերմանիայում հանդիպել է Հիտլերին, եւ հենց նրան է Հիտլերն ասել. «Ո՞վ է այսօր հիշում հայոց ցեղասպանության մասին»: Կիսով չափ հրեա Վեգները Հիտլերի հրամանով համակենտրոնացման ճամբար է ուղարկվել: Եվ ինչ-որ չափով կիսել հայերի ողբերգական ճակատագիրը:

Եղեռնից 90 տարի անց մենք կարող ենք փաստել, որ Վեգների նվիրյալ գործունեությունն ըստ արժանվույն չի գնահատվել, իսկ մեր պատմության ամենասեւ օրերի մասին պատմող վավերագրական ֆիլմերը քիչ են: Կինոբեմադրիչ Տիգրան Խզմալյանը Վեգների լուսանկարների եւ նամակների հիման վրա ֆիլմ է պատրաստել: Նա որոշել է իր «Արմին Վեգներ. Ցեղասպանության նկարիչը» ֆիլմը սկզբում լրագրողներին ցուցադրել, որպեսզի նրանք ճիշտ մթնոլորտ ձեւավորեն: Տիգրան Խզմալյանն ափսոսում է, որ «Երեւան» ստուդիայի տնօրենի պաշտոնից հեռացվելով, չի հասցրել իր ֆիլմն ապրիլին ավարտել եւ տարբեր երկներում ցուցադրել: Նա մտահոգված է իր ֆիլմի ճակատագրով եւ ասում է. «Ես անում են այն գործը, որը պետությունը պետք է աներ»: Այս ֆիլմը պատվեր չէ, այն պատրաստվել է փոքր բյուջեով՝ Խզմալյանի անձնական «Աինեմրա» ստուդիայում: Ֆիլմի հիմքը լուսանկարներն ու կինոխրոնիկան են, իսկ տեքստի հիմքը՝ Վեգների նամակները, որոնք ուղղված են տարբեր կազմակերպություններին, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին, նույնիսկ՝ Հիտլերին: «Վեգների շատ նամակներ տպագրված չեն, նույնիսկ չեն էլ թարգմանված,- ասում է ռեժիսորը։ -Ես արխիվներից ու գրադարաններից եմ դրանք հավաքել եւ սուղ ֆինանսական միջոցների պատճառով` ինքս էլ թարգմանել եմ»:

Լուսանկարները Եղեռնի լուռ վկաներն են, որոնք դիտելիս հանդիսատեսի սիրտը տակնուվրա է լինում: «Մարդիկ մահանում են բոլոր ժամանակների բոլոր հնարավոր մահերով»,- գրել է Վեգները: Դիակների, խոշտանգումների, «անթափանց աչքերով երեխաների», սովամահ մարդկանց կադրերը Տ. Խզմալյանը ներկայացրել է` Թուրքիայում ապրող հայ ազնվականների, աշխատավորների ընտանեկան լուսանկարներ հաջորդելով: Արտահայտիչ դեմքերով, գեղեցիկ ու բարձրաճաշակ հագուստով մեր ազգակիցները ապագային են նայում բաց հայացքով: Հազարավոր ճակատագրեր… Ֆիլմը շատ տպավորիչ է, պրոֆեսիոնալ մոնտաժված կադրերը մխրճվում են հիշողության մեջ: Եվ եթե տեքստն էլ համարժեք լիներ կադրերին, ֆիլմը անկասկած կշահեր դրանից: Ռեժիսորն ինքն է կարդում տեքստը, իր խոսքը հնչելու է նաեւ անգլերեն եւ ռուսերեն տարբերակներում: Ֆիլմի ավարտը լավատեսական սպասումն է: «Ինչ-որ մեկը պետք է պատասխան տա եղածի համար»,- ասել է Վեգները: «Ինչ-որ մեկը պետք է նկարեր այս ֆիլմը»,- ասում է Խզմալյանը: Բարձրաճաշակ ու հուզիչ նմանօրինակ ֆիլմեր շատ են պետք` մեր պատմությունը կաթիլ առ կաթիլ աշխարհին ներկայացնելու համար: