Ինչպես հայտնի է, մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայանալիք «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթին Հայաստանը ներկայացնելու է երգչուհի Էմմին: Արդեն հայտնի է մասնակցող երգի ընտրության օրը: Եվ այսպես` փետրվարի 26-ին, ժամը 21:30-ին Հանրային հեռուստաալիքի ուղիղ եթերում տեղի կունենա «Եվրատեսիլ 2011»-ի երգի ընտրությունը: Մասնակցող երգը կընտրվի հեռուստադիտողի եւ ժյուրիի քվեարկությամբ` 50/50 հարաբերությամբ: Ի դեպ, ներկայացված 70 երգերից լավագույն չորս երգն ընտրել է Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդը: Ներկայացված չորս երգերից երեքի հեղինակները` Վահրամ Պետրոսյանը, Ապրիկոտան եւ Դեր Հովան, ներկայացնում են Հայաստանը, եւ մեկը` Մարտին Կեսիցին` Գերմանիան: Այս մասին մեզ տեղեկացրեց «Եվրատեսիլ 2011»-ի Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Հիշեցնենք, որ նախնական տվյալներով երգի ընտրության օրը նշանակված էր փետրվարի 19-ին, որը համընկնում էր Մարզահամերգային համալիրում կայանալիք Սարա Քոնորի համերգի հետ: Մեր դիտարկմանը, թե չի՞ խանգարի արդյոք Ս.Քոնորի ելույթը եվրատեսիլյան երգի ընտրության հարցում, քանի որ շատերը կնախընտրեն այդ օրը մասնակցել այդ համերգին, Գոհարն ասել էր. «Ով ցանկանում է մասնակցել քվեարկությանը, թող մնա տանը»: Երեկ մենք Գ. Գասպարյանից հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ո՞րն է քվեարկության օրը փետրվարի 19-ից փետրվարի 26-ը տեղափոխելու պատճառը, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Բացարձակ կապ չունի Ս. Քոնորի համերգի հետ: Պարզապես Էմմիի մենահամերգը եւ «Մանկական Եվրատեսիլի» կազմակերպչի` Սիթքե Բեքքերի Հայաստան ժամանումը հետաձգեցին մեծերի «Եվրատեսիլին» մասնակցող երգի ընտրության կազմակերպումը»: