«Մոխրամանում» ծխած մեղքեր

15/02/2011

Ի դեպ, չնայած Լ. Մովսիսյանը դեռ Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնի հինգերորդ կուրսի ուսանողուհի է, սակայն արդեն հասցրել է նկարահանել իր առաջին լիամետրաժ գեղարվեստական «Մոխրաման» ֆիլմը, որն էկրաններ կբարձրանա մարտ ամսին: «Մոխրաման», որտեղ հանգցնում ենք մեր գաղտնի ծխված մեղքերը»,- այսպես է ներկայացնում Լիլիթն իր ֆիլմի ընդհանուր գաղափարը: 60 հոգուց բաղկացած նկարահանող խմբում ամենակրտսերը Լիլիթն է եղել, սակայն շնորհիվ դերասանների պրոֆեսիոնալ մոտեցման ու մարդկային վերաբերմունքի՝ նա ոչ մի վայրկյան իրեն «փոքր» չի զգացել: Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորել են Լիլի Էլբակյանն ու Արսեն Գրիգորյանը: Նկարահանվել են նաեւ Յուրի Իգիթխանյանը, Լեւոն Հարությունյանը, Վարշամ Գեւորգյանը, Լուիզա Ներսիսյանը, Սերգեյ Դանիելյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Նազենի Հովհաննիսյանն ու շատ ուրիշներ: «Ֆիլմի հերոսն իր հեղինակած «moxraman.am» կայքում նկարահանում եւ տեղադրում է միայն սենսացիոն եւ շոկ առաջացնող տեսանյութեր` մեծամասամբ բացասական բովանդակությամբ: Սակայն շուտով հովանավորները որոշում են հանել կայքից իրենց գովազդը: Եվ հերոսը որոշում է, կայքի վարկանիշը բարձրացնելու նպատակով, իրականացնել իր երազանքն ու իրական ինքնասպանության մասին ֆիլմը նկարահանել եւ տեղադրել «մոխրամանում»: Իր իսկ տեղադրած «Պահանջվում է աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը` ֆիլմում նկարահանվելու համար» հայտարարությամբ, նա ի վերջո գտնում է ապագա զոհին: Զգալով, որ աղջիկն իրոք պատրաստ է ինքնասպանության, նա ոչինչ չի ձեռնարկում նրան փրկելու համար: Ավելին` ամեն վայրկյան դրդում է նրան դեպի այդ քայլը: Բայց իրավիճակի աբսուրդը կայանում է նրանում, որ զոհը սիրահարվում է իր դահճին»,- համառոտ պատմում է Լիլիթը: Միայն մոր` հայկական բազում ֆիլմերի գրիմյոր Էմմա Մովսիսյանի հովանավորությամբ եւ ընկերների աջակցությամբ 21-ամյա Լիլիթը կարողացել է այս տարի ի վերջո ավարտին հասցնել` 2009-ին սկսված «Մոխրաման» ֆիլմի նկարահանումները: Ուսանողական ամբիցիաները սկզբում չէին թողնում ռեժիսորին, ինչպես հարկն է, մոնտաժել ֆիլմը. նա ափսոսում էր նկարահանած յուրաքանչյուր կադր, եւ նախնական մոնտաժի արդյունքում ստացվել էր երկու ժամանոց ֆիլմ: Սակայն մարտին կայանալիք «Մոխրամանի» պրեմիերան հանդիսատեսից կխլի ընդամենը 60 րոպե ժամանակ` ֆիլմի հերոսների մեղքերին հետեւելու եւ սեփական «ծխած» մեղքերը վերհիշելու համար: