ԵԱՀԿ Մինսկի համանախագահներ Բեռնար Ֆասյեի, Իգոր Պոպովի, Ռոբերտ Բրադկեի եւ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը երեկ ասել է. «Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը ոչ մի արդյունք չի տվել, այնուամենայնիվ, մենք նրա հետ դեռ որոշակի հույսեր ենք կապում»: Նաեւ նշել է, որ Ադրբեջանը լրջորեն նախապատրաստվում է «օկուպացված տարածքների ազատագրմանը»: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը երեկ մեկնաբանել է Աբիեւի հնչեցրած ռազմատենչ հայտարարությունները. «Հայաստանի ՊՆ հայտարարությունների մասին արտահայտվելիս բնական է, որ Ադրբեջանի ՊՆ պաշտոնյաները չեն կարողանում թաքցնել իրենց վրդովմունքը: Այդուհանդերձ, դժվար է հասկանալ Ադրբեջանի պաշտպանության նախարարի ագրեսիվ վարքագիծը, երբ խաղաղության ծրագրեր փնտրող միջազգային միջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարում է կրկին պատերազմ սկսելու անհրաժեշտության վերաբերյալ»: