Այն, ինչ պահանջվում էր ապացուցել

12/02/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Անցած տարվա մայիսին երբ քննարկվում էր զրպարտությունը եւ վիրավորանքը ապաքրեականացնող օրենսդրական փոփոխությունների նախագիծը, մտավախություն կար, որ դրանով լրատվամիջոցներին ճնշելու նոր տարբերակ է ներդրվում:

Նախկինում, եթե դատարանը գտներ, որ լրատվամիջոցն իր հրապարակմամբ զրպարտել կամ վիրավորել է տվյալ անձին, նրան կարող էր քրեական պատասխանատվության ենթարկել: Օրենքի այդ դրույթը, սակայն, գործնականում գրեթե չէր կիրառվում: Իշխանությունները որոշեցին «բարեշրջել» այն եւ տուգանք սահմանել: Մեկ տարի առաջ, երբ քննարկվում էր այս օրենքի նախագիծը, կոալիցիոն պատգամավորներն անընդհատ հայտարարում էին, թե իրենք բավականին մեղմացրել են պատիժը` քրեկան պատասխանատվության փոխարեն ընդամենը գումարային տուգանք են սահմանում: Այն ժամանակ նույնիսկ անեկդոտներ հորինվեցին այդ նախաձեռնության մոտիվներով` «վճարիր եւ զրպարտիր», կամ` «վճարիր եւ վիրավորիր»: Իսկ վճարելու համար հեղինակները սահմանել էին մինչեւ նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափ տուգանք: Դեռ այն ժամանակ մտահոգություն կար, որ քրեական պատասխանատվության փոխարեն տուգանք սահմանող այս օրենքն օգտագործվելու է լրատվամիջոցներին սնանկացնելու համար: Եվ եթե իշխանությունները նախկինում խուսափում էին լրատվամիջոցի կամ լրագրողի նկատմամբ քրեական պատիժ սահմանել, քանի որ դա մեծ աղմուկ կբարձրացներ, ապա հիմա նրանք կարող են ցանկացած պահի դատի տալ եւ պատկառելի գումար պահանջել նույն լրատվամիջոցից իրենց մասին գրված ոչ ցանկալի հրապարակման համար: Այս փոփոխությունից դեռ մի տարի չի անցել, «Հայկական Ժամանակ» օրաթերթը երկրորդ անգամ է զգում այդ օրենքի «զորությունը»: Առաջին անգամ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքն էր թերթին դատի տվել: Բնականաբար, դատարանը որոշումը կայացրել էր նրա օգտին, եւ ՀԺ-ն ստիպված էր Ռ.Քոչարյանի ընտանիքին վճարել մոտ 3,5 մլն դրամ: Այս անգամ թերթին դատի են տվել Ազգային ժողովի երեք գործարար պատգամավորներ` Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հովսեփյանը եւ Լեւոն Սարգսյանը: Պատգամավորներից յուրաքանչյուրը թերթից 2 մլն դրամ է պահանջել՝ որպես իր պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցում, ինչը դատարանը բավարարել է:

Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերի 24-ի ՀԺ-ի «Ութից յոթը ցուցակում են» հրապարակման մեջ ասվում էր, թե Ռուսաստանի իրավապահները կազմել եւ Մոսկվայում գործող «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ քննարկել են իրենց քննած քրեական գործերում շրջանառվող հայաստանյան պաշտոնյաների ու պատգամավորների մի ցուցակ, որտեղ նշված են եղել նաեւ վերոհիշյալ երեք պատգամավորների անունները: Թերթին տեղեկություններ է տրամադրել նույն Ս.Կարախանյանը, սակայն դա պատգամավորներին ու դատավորին չի հետաքրքրում: Այդ օրենքի համահեղինակներ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը, ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանը եւ ԲՀԿ անդամ Ռուբեն Գեւորգյանը դեռ մեկ տարի առաջ հավատացնում էին` եթե լրատվամիջոցը հրապարակում է որեւէ մեկի տեղեկատվությունը, ինչը համարվում է զրպարտություն կամ վիրավորանք, ապա պատասխանատվությունը կրում է տեղեկատվության աղբյուրը: Ժամանակին այս հատվածը հստակ սահմանված չէր նախագծում, եւ կարող էր պատասխանատու համարվել նաեւ լրատվամիջոցը: Սակայն լրագրողական կազմակերպությունների դժգոհությունից հետո հեղինակները որոշակի փոփոխություններ կատարեցին եւ հավատացրեցին, թե նման դեպքերում արդեն պատասխանատուն լինելու է տեղեկատվության աղբյուրը կամ այն անձը, ով տվյալ լրատվամիջոցով վիրավորանք է հնչեցրել: Սակայն Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի կայացրած վճիռը հակառակն ապացուցեց` նպատակը լրատվամիջոցին ֆինանսապես ճնշելն է: Այդ մասին է վկայում նաեւ այն, որ Կ.Պետրոսյանը թեեւ կարող էր ավելի քիչ, ասենք՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի կամ 1000-ապատիկի չափով տուգանք սահմանել (ինչի հնարավորություն օրենքը տալիս է), սահմանեց առավելագույն` 2 մլն դրամի փոխհատուցում: Իսկ ինչպե՞ս են մեկնաբանում այս հանգամանքն իրենք` օրենքի հեղինակները, չէ՞ որ նրանք պնդում էին, թե նման դեպքերում պատասխանատուն լրատվամիջոցը չի լինի: Կամ արդյո՞ք հետաքրքրվում են, թե իրենց հեղինակած օրենքը գործնականում ինչպես է կիրառվում: Հ.Սահակյանն ու Հ.Մարգարյանն ասացին, թե ծանոթ չեն գործի մանրամասներին, ընդամենը մամուլից են տեղեկացել, այդ պատճառով էլ չեն ցանկանում կոնկրետ մեկնաբանություններ տալ: «Դա դատարանն է որոշում: Եթե կոնկրետ նյութեր, տեղեկություններ տվողը հրապարակային է, հղումը կատարվել է, դատարանը պետք է որոշի ըստ օրենքի` սկզբնաղբյուրը նշելով, թե որ լրատվամիջոցն է պատասխանատվությունը կրում: Եթե հակառակ կողմը կասկածում կամ վիճարկում է այդ փաստը, թե արդար դատավճիռ չի կայացվել, ապա կա հաջորդ դատական ատյանը, կա Սահմանադրական դատարան, այնուհետեւ` Եվրոպական դատարան»,- պատասխանեց Հ.Սահակյանը:

Հ.Մարգարյանն էլ կարծում է, որ իրենց հեղինակած օրենքը «մի քայլ առաջ» է: Նրան այդ մասին վերջերս ասել է նույնիսկ Եվրախորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգը: Իսկ Համարբերգը գիտի՞, որ այդ օրենքը Հայաստանի դատարաններում թյուր մեկնաբանության է արժանանում եւ սխալ դատավճիռների հիմք դառնում: «Եթե մենք այսօր մտահոգություն ունենք, օրենքը քարի վրա գրված չէ: Հավաքվենք` քննարկենք, միգուցե մի մասը կընդունեն, թե ավելի մեղմ է դրված գումարի չափը, կամ որոշ դրույթներ հստակեցնելու կարիք կա»,- ավելացրեց Հ.Մարգարյանը:

Իսկ հեղինակներից երրորդը` ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը, Օդեսայում է, խոստացավ վերադառնալուց հետո մեկնաբանություններ տալ: Ի դեպ, նշենք նաեւ, որ այդ օրենքի հեղինակը իրականում վերը նշված պատգամավորները չեն: Դեռ մեկ տարի առաջ խոսակցություն կար, որ այն գրել է Կարեն Անդրեասյանը, ով համարվում է Հայաստանի օմբուդսմենի հիմնական թեկնածուներից մեկը: