Կկալանավորեն

12/02/2011

ԱԱԾ Քննչական վարչությունը միջնորդություն է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` «սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու» մեղադրանքով ձերբակալված «Մեթըլ Փրինս» ընկերության սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար: Ձերբակալումից հետո 72 ժամվա ընթացքում քննչական մարմինը պարտավոր է նրան մեղադրանք ներկայացնել, կամ ազատ արձակել: Այդ ժամկետը լրանում է այսօր: Հիշեցնենք, որ քննչական մարմինները սկսեցին զբաղվել Սերոբ Տեր-Պողոսյանի գործով մամուլի հրապարակումից հետո, որոնցում նշվում էր, որ ախթալացիները Սերոբ Տեր-Պողոսյանին, ում ղեկավարած ընկերությանն է պատկանում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը, մեղադրում են սոցիալապես անապահով ընտանիքների անչափահաս տղաներին մեծ գումարներով դեպի իրեն գրավելու եւ նրանց հետ սեռական գործողություններով զբաղվելու մեջ: