Բիզնեսն արտագաղթում է դեպի օրինական դաշտ

12/02/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Փետրվարի 1-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մի հայտարարություն արեց, որին մեր գերհայրենասեր ու գերպետականամետ պաշտոնյաները շատ ջղագրգիռ կերպով արձագանքեցին։ «Ստիպել հայերին ասել, որ իրենք ինչ-որ բան սովորում են Վրաստանից, մեծ աշխատանք է պահանջում, եւ մենք դա կարողացանք անել»,- ասել էր Սահակաշվիլին։

Վրաստանի նախագահի անձնական որակներն ու էքսցենտրիկ բնավորությունը ծանոթ են մեր բոլորին` հիմնականում ռուսական ԶԼՄ-ների շնորհիվ։ Սակայն, երբ հնչում է մի միտք, որն արտահայտում է իրականությունը, մեր գերհայրենասերները դրա իմաստը մեկնաբանելու փոխարեն, սկսում են դատողություններ անել կոռեկտության ու նման ուրիշ բաների մասին։ Իսկ այն, որ Վրաստանի նախագահի ասածն իրականությունից հեռու չէ, հաստատում են ոչ թե վերջին ժամանակներս գոնե մեկ անգամ Վրաստանում եղած մեր հայրենակիցները, այլեւ հենց մեր բարձրագույն իշխանությունները։ «Այսօր մեր առաջընթացի թիվ մեկ խոչընդոտներն են կաշառակերությունն ու կոռուպցիան: Դրանց պատճառների եւ նախադրյալների մասին կարելի է ժամերով խոսել, բայց մեր խնդիրն այսօր դրանց հաղթահարումն է: Կան նախկին խորհրդային հանրապետություններ, որտեղ մեր աչքի առաջ այդ խնդիրը լուծվեց: Իհարկե, ոչ ամբողջությամբ, բայց կաշառակերությունն ու կոռուպցիան հասցվեցին այնպիսի նվազագույնի, որ ժողովուրդը սկսեց հավատալ պետական չինովնիկներին, ոստիկաններին ու դատավորներին»,- ՀՀԿ-ի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ ասել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ակնհայտորեն նկատի ունենալով առաջին հերթին Վրաստանին:

Ինչեւէ, Սահակաշվիլիի նշված հայտարարությունից 10 օր չանցած՝ վրացական մամուլը տարածեց մեկ այլ հաղորդագրություն՝ կարծես պատասխանելով իրենց նախագահի պնդմանը չհավատացող հայերին։ Մասնավորապես, Վրաստանի հանրային ռեեստրի ծառայությունը հրապարակել է տեղեկատվություն այդ երկրում հայ գործարարների թվի մասին, ըստ որի` 2010 թ. հունվարի 1-ից Վրաստանում գրանցվել են Հայաստանի 100 տնտեսվարող սուբյեկտներ: Դրանցից 70-ը ՍՊԸ են, 3-ը` մասնաճյուղ, 24-ը` անհատ ձեռնարկատեր։ Հայաստանի պես փոքր տնտեսությունից ընդամենը 1 տարում այդքան բիզնեսների «արտագաղթը» լուրջ թիվ է։ Այնպես որ, վրացի լրագրողներն այնքան էլ չեն չափազանցնում, որ վերը նշվածը որակում են որպես «հայկական ընկերությունների զանգվածային փախուստ դեպի Վրաստան»։ Ավելացնենք, որ մինչ այդ էլ հայկական մամուլում խոսակցություններ կային, որ խոշոր գործարարներն իրենց կապիտալն արտահանում են արտերկիր, իսկ վերջին շրջանում աշխուժացել են խոսակցություններն այն մասին, որ իրենց բիզնեսը Վրաստան են տեղափոխում հայտնի գործարար Հրանտ Վարդանյանն ու ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը։

Ինչո՞ւ են գերադասում հայ գործարարները Վրաստանը։ Կան ֆորմալ եւ ոչ ֆորմալ պատճառներ։ Որպես ֆորմալ գործոն՝ նշենք Համաշխարհային բանկի կողմից ամեն տարի հրապարակվող «Doing Business» զեկույցը, որը դասակարգում է տնտեսությունները՝ ըստ դրանցում բիզնես ծավալելու դյուրինության աստիճանի։ Ժամանակին մեր իշխանությունները շատ մեծ սիրով էին խոսում այս զեկույցի մասին, ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի հորիզոնականը դրանում գնալով բարձրանում էր, այլեւ՝ մեր հարեւանները մեզնից նկատելիորեն ցածր դիրքեր էին գրավում։ Իսկ ինչպիսին է իրավիճակը՝ ըստ վերջին զեկույցի։ Ինչպես երեւում է աղյուսակից, Հայաստանը գրեթե բոլոր ցուցանիշներով զիջում է Վրաստանին՝ բացի ընկերությունը լուծարելու գործընթացից։

 

Հենց միայն ներդրողների պաշտպանության գծով հսկայական տարբերությունը ցանկացած գործարարի կստիպի նախընտրել հարեւան երկիրը։ Պակաս ցավալի չէ նաեւ այն հանգամանքը, որ մեր ցուցանիշները գնալով վատթարանում են, իսկ հարեւաններինը՝ լավանում։ Doing business 2011-ը որոշ առումով ֆորմալ պատճառ է, քանի որ հիմնականում դասակարգում է օրենսդրական գործընթացները։ Կարելի է ունենալ լավ օրենսդրական դաշտ եւ բիզնեսի համար նպաստավոր օրենքներ, սակայն դրանք ոչինչ չարժեն, եթե չեն իրագործվում։ Այստեղ գործում է արդեն ոչ ֆորմալ գործոնը. Վրաստան այցելած ցանկացած օբյեկտիվ քաղաքացի խոստովանում է, որ մարդու իրավունքների, ներդրողի պաշտպանության, կոռուպցիայի եւ հանցավորության դեմ պայքարի առումով վրացիները ոչ միայն օրենքներ են գրել ու ոչ միայն խոսում են, այլեւ կոնկրետ քայլեր են անում, որի արդյունքները զգում է շարքային քաղաքացին։ Եթե այս ամենին գումարենք այն, որ Վրաստանի շուկան ավելի մեծ է, երկիրը ելք ունի դեպի ծով, որը կրճատում է տրանսպորտային ծախսերն ու բացում այլ երկրների շուկաները, ապա զարմանալի կլինի ոչ թե հայկական բիզնեսի արտահոսքը, այլ՝ մինչ այժմ Հայաստանում մնալը։ Մանավանդ, եթե հաշվի առնենք հայերի ու վրացիների նմանությունը՝ բարքերի ու ավանդույթների առումով, հայկական մեծ համայնքի առկայությունն ու սահմանակից լինելը, ապա հայ գործարարի համար Վրաստանի տնտեսական դաշտը գնալով ավելի գրավիչ է դառնում։

Զարմանալի է նաեւ այն, որ հայաստանցի գործարարները շատ ջղային են արձագանքում իրենց՝ Վրաստան տեղափոխվելու մասին լուրերին։ Ոմանք դա ընկալում են դավաճանության մեղադրանքի պես մի բան։ Մինչդեռ, ինչպես ասում են, բիզնեսը հոգի չունի եւ ծաղկում է այնտեղ, որտեղ դրա համար պայմաններ կան։ Բիզնեսմենն էլ կամիկաձե չէ, վնասի համար չի աշխատում, եւ կարող է իր գումարները տեղափոխել այնտեղ, որտեղ դրանք գոնե պաշտպանված են։

Մի օրինակ բերենք։ ԱՄՆ-ում հագուստի կամ կենցաղային տեխնիկայի խանութ մտնող արտասահմանցին կարող է զարմանալ. որեւէ ապրանք ԱՄՆ-ում արտադրված չէ։ Ամեն ինչի վրա կարելի է կարդալ «Made in China», «Made in India» եւ այլն։ Սպառողը վախենալու բան չունի. Չինաստանում արտադրվածն իր որակով չի զիջում եվրոպականին, քանի որ արտադրական պրոցեսը գտնվում է ամերիկյան ընկերության խիստ հսկողության տակ։ Պարզապես Չինաստանում աշխատուժն էժան է, եւ ամերիկացի բիզնեսմենը արտադրությունը տեղափոխել է այնտեղ։ Պարզ է, որ նա, սեփական շահի ետեւից ընկնելով` աշխատատեղեր է բացում այլ երկրում, եւ դա՝ այն դեպքում, երբ ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կազմում է 9%։ Սակայն որեւէ «գերհայրենասեր» ամերիկացու մտքով չի անցնի մեղադրել բիզնեսմենին այդ վարքագծի համար։ Նշենք նաեւ, որ ԱՄՆ իշխանություններն էլ այդ հարցին հանգիստ են վերաբերվում։ Ամերիկյան հանդիպումներից մեկի ժամանակ հարցրեցինք նրանց տնտեսական բլոկի պատասխանատուներից մեկին՝ չի՞ անհանգստացնում իրենց այն, որ արտադրությունը արտահոսում է այլ երկրներ։ «Ոչ»,- հանգիստ պատասխանեց նա՝ պարզաբանելով, որ աշխատատար ճյուղերի փոխարեն՝ իրենք կենտրոնանում են գիտատար ճյուղերի, նորարարությունների վրա։ Այսինքն՝ իրենք միշտ առջեւում են։

Ամերիկացիների հետ համեմատվելը տեղին չէ, սակայն չմոռանանք, որ մենք էլ ենք իբր առաջնահերթություն համարում գիտատար ճյուղերն ու որոշել ենք զարգանալ այդ ուղղությամբ՝ դառնալով բարձր տեխնոլոգիաների գծով տարածաշրջանային կենտրոն։ Սակայն այստեղ էլ ուրախանալու տեղ չի մնում՝ անգամ ադրբեջանցիներն ամոթով թողեցին մեզ՝ բոլորովին վերջերս կոտրելով մի քանի հարյուր հայկական կայքեր։ Իսկ մեր հավակնություններին ամենաթարմ հարվածը հասցրին նույն վրացիները, ովքեր պատրաստվում են համակարգիչներ արտադրել։

Այսքանից հետո թող մերոնք որքան ուզում են խոսեն մեր դարավոր մշակույթի, մեր պոտենցիալի, տարածաշրջանային, համաշխարհային, տիեզերական կենտրոններ դառնալու եւ մեր հարեւանների անտակտության մասին։ Իսկ այն, որ հայկական բիզնեսը՝ որպես հանցագործ ընկալվող օլիգարխներով հանդերձ, ձգտում է դեպի Վրաստան, խոսում է մի պարադոքսի մասին. բիզնեսն ավելի շատ է ձգտում օրինականության, քան սեփական կառավարությունը։