Մեր թերթի խմբագրություն են դիմել Երեւանի Եկմալյան 1-ին փողոցի բնակիչները` իրենց դժգոհություններն ու բողոքները ներկայացնելով «Գրադինվեստ» ՍՊԸ-ի գործունեության առնչությամբ:
Բանն այն է, որ Եկմալյան 1-ին փողոցի 9 ընտանիքներ 2006թ. պետության կարիքների համար պայմանագիր էին կնքել «Գրադինվեստ» ՍՊԸ-ի հետ: Համաձայն պայմանագրի՝ պետության կարիքների համար բնակիչները հրաժարվել են անշարժ գույքի սեփականության, օգտագործման իրավունքից, տնօրինումից, միեւնույն ժամանակ՝ որպես փոխհատուցում՝ նրանք պետք է ապահովվեին բնակարաններով: Սակայն մինչ օրս բնակիչները ոչ միայն բնակարանները չեն ստացել, այլեւ 5 տարվա ընթացքում բնակելի շենքի շինարարությունն ընթանում է, մեղմ ասած՝ դանդաղ տեմպերով: 2006թ.-ից մինչ օրս բնակիչները շարունակում են ապրել իրենց վարձակալած բնակարաններում՝ այն հույսով, որ «Գրադինվեստը» կկատարի խոստումը: Սա՝ այն դեպքում, երբ պայմանագիրը ենթադրում էր շենքը կառուցել 25 ամսվա ընթացքում, այսինքն՝ շենքի շինարարության վերջնաժամկետը 2008-ն էր: Կառուցապատող ընկերությունը պարտավոր էր հետեւել ՀՀ գործող քաղաքաշինական եւ ճարտարապետական նորմերին, այսինքն՝ բնակարանը հանձնել ներքին հարդարման աշխատանքները կատարված, կոմունալ հարմարություններով, մանրահատակված վիճակում: Ավելին՝ ընկերությունը խոստացել էր շինարարությունը վերոնշյալ ժամկետում չավարտելու դեպքում յուրաքանչյուր օրվա համար տուգանք վճարել: Սակայն այս գայթակղիչ պայմանագիրն այդպես էլ մնացել է բնակիչների արխիվային պահոցներում. նրանք բնակարաններն ազատել են պայմանագրի կնքումից 10 օր անց: Այս տարիների ընթացքում «Գրադինվեստ» ՍՊԸ-ի հետ պայմանագրեր են կնքել նաեւ այլ քաղաքացիներ, ովքեր վճարել են բնակարանի համար սահմանված գնի մի մասը: Այս մասին մեզ հետ զրույցում պատմեցին բնակիչները: Մեր խմբագրություն դիմած բնակիչները նաեւ նշեցին, որ ընկերության փոխտնօրեն Սիմոն Աղազարյանն ու նրա աշխատակիցներն առ այսօր շարունակում են իրենց խոստումներ տալ: Նրանք բնակիչներին փորձում են հանգստացնել՝ ասելով, թե հիմա գումար չունեն, մոտ օրերս շինարարությունը կվերսկսվի, միայն թե բնակիչները թող մի քիչ համբերեն: Բնակիչների փոխանցմամբ՝ նախորդ տարի էլ «Գրադինվեստի» փոխտնօրեն Սիմոն Աղազարյանը ձերբակալվել էր: Դրանից որոշ ժամանակ հետո Ս. Աղազարյանը բնակիչներին ասել էր, թե փաստաթղթերն իր մոտ չեն, բայց 1 ամիս հետո շինարարությունը կսկսի: Բնակիչները նաեւ ասացին, որ 1 տարուց ավելի է՝ շինարարական որեւէ աշխատանք չի կատարվել: «Լավ կլինի, մի մտածեք, էս ամսվա վերջ արմատուրան կգա: Ամեն անգամ Սիմոն Աղազարյանն էսպես ա ասում»,- նշեցին բնակիչները: Վերջիններս նաեւ մտավախություն ունեն, որ գուցե կրկնվի Սիմոն Աղազարյանին պատկանող հարեւան շենքում տեղի ունեցած դեպքը, երբ 3 ընտանիքի տրամադրել էին 1 բնակարան: Բնակիչները իրավիճակի փոփոխություն այլեւս չտեսնելով՝ դիմել են դատարան, սակայն դատական նիստերը 15 անգամ հետաձգվել են պատասխանող կողմի բացակայության պատճառով: Ստեղծված անելանելի վիճակի համար բնակիչները չգիտեն՝ ում դիմել: Նրանք պատրաստվում են բողոքի ցույց կազմակերպել Կառավարության շենքի մոտ: «Այլ տարբերակ չունենք: Ինչքան կարելի ա վարձով ապրել»,- ավելացրեցին հուսահատ բնակիչները: 2 օր շարունակ մենք փորձում էինք զանգահարել ընկերության գրասենյակ՝ իրավիճակի մասին մանրամասներ իմանալու համար, մեր հեռախոսազանգերը, սակայն, այդպես էլ անպատասխան էին մնում: Երեկ, ի վերջո, մեզ հաջողվեց խոսել ընկերության փոխտնօրեն Սիմոն Աղազարյանի հետ, ով ներկայացավ ոչ թե որպես փոխտնօրեն, այլ՝ ընկերության գործադիր տնօրեն: Ի դեպ, վերջինս ՀՀ Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա է: Ի պատասխան հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ էր տարիներ շարունակ ներկայանում իբրեւ փոխտնօրեն, Ս. Աղազարյանն ասաց, որ 1 տարի է՝ տնօրենի պաշտոնում է: Ս. Աղազարյանի փոխանցմամբ՝ ընկերությունը պատրաստվում է փետրվարի 14-ին բնակիչների հետ հանդիպել եւ կնքված պայմանագրերը «թարմացնել»: Նրա հավաստմամբ՝ շինարարական աշխատանքները կավարտվեն առավելագույնը 1,5 տարի հետո: «Մենք 8-րդ հարկ ենք հասել, 7 հարկ է մնում կառուցվի»,- մեզ հետ հեռախոսազրույցում նշեց «Գրադինվեստի» տնօրենը: Վերջինս հերքեց նաեւ բնակիչների այն կարծիքները, թե շինարարության դադարեցումը պայմանավորված էր նրա ձերբակալությամբ եւ փաստաթղթեր չունենալով: «Դա ոչ մի կապ չունի շինարարության դադարեցման հետ: Ձերբակալությունը ընդամենը եղել ա նա, որ ուրիշ տեղ շինարարություն ա կատարվում, քննություն ա գնում: Ոչ մեկը դրա հետ կապ չունի: Նա այլ թեմա ա, սա այլ թեմա ա: Ներողություն եմ խնդրում, բայց ո՞նց կարող ա փաստաթուղթ չլինի, եւ 8 հարկ կառուցվի՝ էն էլ մեր էս գեղեցիկ երկրում»,- ասաց Սիմոն Աղազարյանը՝ հերքելով նաեւ այն լուրերը, ըստ որոնց՝ Եկմալյան փողոցի վրա էլիտար շենքերի «փունջը» պատկանում է նրան: «Դրանք ասեկոսեներ են»,- ավելացրեց Ս. Աղազարյանը: Ի դեպ, նշենք, որ բնակիչների փոխանցմամբ՝ Եկմալյան փողոցում կառուցվող մի քանի բնակելի շենքերը պատկանում են Ս. Աղազարյանին: Նրանք նույնիսկ նշեցին, որ շենքերից մեկը Ս. Աղազարյանը աճուրդի է հանել: