Ինչպես խնձորից մաքինթոշ սարքել

29/10/2005

Մի անգամ նրա մայրը, իմանալով, որ որդին հետաքրքրվում է էլեկտրոնիկայով, նրան մի հոդված է ուղարկում: Հոդվածը տպագրված էր Esquire հանդեսում՝ 1971թ. նոյեմբերի համարում, եւ վերնագրված էր «Կապույտ արկղիկի գաղտնիքները»: Այն պատմում էր «հեռախոսային ֆանատների» ընդհատակյա ցանցի մասին: Այդ կապույտ արկղիկները հնարավորություն էին տալիս խաբել Bell հեռախոսային ընկերության հաշվապահական մեքենաներին ու անվճար զանգել աշխարհի ցանկացած երկիր: Խաբեբաները կարողացել էին թափանցել անգամ կառավարական հեռախոսացանց, որը սպասարկում էր ԱՄՆ-ի օրինապահ համակարգը, զինված ուժերին ու նույնիսկ ԿՀՎ-ին:

Հոդվածն այնքան գրավեց Վոզնյակին, որ նա անմիջապես նետվեց մանկության ընկերոջը՝ Սթիվ Ջոբսին զանգելու: Եվ այսպես, նրանք որոշեցին զբաղվել «կապույտ արկղիկների» պատրաստմամբ: 4 ամիս չարչարվելուց հետո նրանց հաջողվեց հավաքել ազդանշան-գեներատոր, բայց դրա նորմալ աշխատանքն ապահովելու համար ստիպված էին փոքրիկ թվային սարք ստեղծել, որը սնվում էր 9 վոլտանոց մարտկոցից: Այժմ նրանց հաջողվեց խաբել Bell «տատիկին», ու երկու ընկերները սկսեցին իրենց չարաճճի խաղերը:

Բայց շուտով Ջոբսը որոշեց խաղերը թողնել ու ընկերոջ հայտնագործությունից փող սարքել:

Արկղիկի դետալներն արժեին 40 դոլար, Վոզնյակը սխեման հավաքում էր մոտ 1 ժամում: Ջոբսը տալիս էր մասերի փողը, Վոզնյակը հավաքում էր, իսկ եկամուտը պիտի հավասար կիսեին:

Վոզնյակը համաձայնեց, ու շուտով ընկերներն ամբողջ թափով գործի անցան. նրանց «արկղիկները» վաճառվում էին տղամարդկանց հանրակացարանի սենյակներում: Ապա արկղիկները սկսեցին վաճառվել Հարավային Կալիֆոռնիայում՝ շնորհիվ նրանց մի ծանոթի, որն առաջարկեց դառնալ նրանց ներկայացուցիչը Բեւեռլի Հիլզի շրջանում:

Ընկերներն այդպիսի մոտ 200 արկղիկ վաճառեցին՝ հատը 150 դոլարով: Գնորդներից մի քանիսին բռնեցին ու դատի տվեցին. նրանց թվում էր եւ երաժիշտ Այք Թերները: Մի տարի անց հեռախոսային ընկերությունը կատարելագործեց իր համակարգը, եւ «կապույտ արկղիկներն» այլեւս պիտանի չէին:

Կյանքն իր հունով գնում էր: Վոզնյակը հերթով կտրվում էր բոլոր քննություններից: Ջոբսի գործերն ավելի վատ էին. նա սկսել էր թմրանյութեր օգտագործել, տարվել էր դեն-բուդդիզմով… Շուտով նրան քոլեջից վռնդեցին, ու նա վերադարձավ ծնողների մոտ:

Հայտարարելով, որ աշխատել է Hewlett-Packard ֆիրմայում՝ նրան հաջողվեց աշխատանքի անցնել Atari ընկերությունում, որտեղ պիտի զբաղվեր առաջին տեսախաղի՝ «Պոնգոյի» ստեղծմամբ: Շատ շուտով Ջոբսին հաջողվեց իր դեմ տրամադրել գրեթե բոլոր աշխատակիցներին, որովհետեւ քիթը խոթում էր ուրիշների գործերի մեջ ու բոլորին «հաստագլուխ անասուններ» անվանում: Ջոբսի պետը ստիպված էր նրան տեղափոխել գիշերային հերթափոխ, որպեսզի մյուսների հետ չշփվի:

Ջոբսին հանձնարարված էր ստեղծել նոր խաղ՝ «Ջարդիր պատը», որը «Պոնգոյի» վերափոխված տարբերակն էր: Շուտով Ջոբսը հասկացավ, որ առանց Վոզնյակի ինքը գլուխ չի հանի գործից: Վոզնյակը միամտաբար համաձայնեց օգնել:

Atari ֆիրման ամեն անգամ պարգեւատրում էր այն կոնստրուկտորին, որին հաջողվում էր նվազեցնել միկրոսխեմաների քանակը, որից իջնում էր ապրանքի ինքնարժեքը: Վոզնյակն այդ գործի մասնագետն էր: Ջոբսը Վոզնյակին խոստացավ հավասար կիսել նախատեսված պարգեւատրությունը, որը նրա խոսքերով կազմում էր 700 դոլար: Ինչպես հետո պարզվեց, Ջոբսը դրա դիմաց ստացել էր ոչ թե 700, այլ 7000 դոլար: Բացի դրանից, նա ոչ մեկին չէր էլ ասել Վոզնյակի մասնակցության մասին:

Այդ ընթացքում Վոզնյակը աշխատանքի է անցնում Hewlett-Packard ֆիրմայում եւ սկսում զբաղվել հաշվիչ մեքենայի ստեղծմամբ: Բայց իրականում նրան հետաքրքրում էին համակարգիչները: Նա սկսում է մասնակցել Մենլո Փարկի հավաքույթներին, որտեղ հավաքվում էին ինժեներներ, ծրագրավորողներ ու տեխնիկներ: 1975 թվականն էր, ու համակարգիչներն այն ժամանակ հսկայական չափսեր ունեին: Այդպիսի մեքենաներ կարող էին ձեռք բերել միայն հարուստ ընկերությունները, հայտնի համալսարաններն ու կառավարական հաստատությունները: Համակարգչային ակումբի նպատակը համակարգիչները հասարակ մարդկանց համար մատչելի դարձնելն էր:

Ակումբի անդամները կարծիքներ ու գաղափարներ էին փոխանակում, բայց առայժմ նրանք հիշեցնում էին դոնկիխոտների, որոնք երազում էին անհավանական բաների մասին:

1975թ. հունվարին «Հանրամատչելի էլեկտրոնիկա» ամսագիրը տպագրեց հոդված, որտեղ խոսվում էր առաջին համակարգչային մասերի հավաքածուի՝ 8800-ի ստեղծման մասին: Այն արժեր 375 դոլար, բայց մասերի հավաքածուն վաճառվում էր առանց ծրագրային ապահովության, առանց օպերացիոն համակարգի, ուստի գնորդը ստիպված ինքն էր ծրագրավորելու մեքենան: Ամեն դեպքում, Altair-ը ցույց տվեց, որ համակարգիչ հավաքելը հնարավոր է անգամ սիրողների համար:

Վոզնյակը հնարավորություն չուներ Altair-ը գնելու, եւ նա որոշեց ձեռքի տակ եղած դետալներից սեփական ուժերով հավաքել իր միկրոհամակարգիչը:

Վոզնյակի համակարգիչն աշխատեց, բայց երբ նա այն առաջարկեց Hewlett-Packard-ի ղեկավարությանը, վերջիններս հայտարարեցին, որ հետաքրքրված չեն այդ առաջարկով:

Իսկ Ջոբսին այն հետաքրքրեց: Նա առաջարկեց ստեղծել սեփական ընկերություն, որի նույնիսկ անունն էր հորինել՝ Apple:

Համակարգչային ակումբի անդամներից մեկը, որ էլեկտրոնային մասերի վաճառքով զբաղվող 3 խանութ ուներ, նրանց առաջարկեց հավաքել ամբողջական համակարգիչ: Նա ասաց, որ կգնի 50 հատ:

Սթիվների համար դա երկնային մանանա էր: Նրանք վարկ վերցրին բանկից՝ մոտ 25.000 դոլար, եւ Ջոբսի ծնողների ավտոտնակը վերածվեց արհեստանոցի:

Համակարգիչները հավաքելուց հետո ընկերները հաշվեցին ծախսերը եւ հետաքրքիր գին նշանակեցին իրենց համակարգիչների համար՝ 666 դոլար 66 ցենտ: Սակայն համակարգիչը չուներ ոչ ստեղնաշար, ոչ մոնիտոր… Դրանք դեռ երկար ժամանակ փոշոտվում էին խանութների ցուցափեղկերում…

Իսկ Վոզնյակն այդ ընթացքում արդեն աշխատում էր Apple-2 համակարգչի վրա: Այն ունենալու էր ստեղնաշար, BASIC, ձայն, գույն, եւն: Վոզնյակն առաջարկեց նախկին մետաղյա պատյանը փոխարինել ավելի հարմարավետ պլաստմասսայե պատյանով:

Այժմ Վոզնյակն ու Ջոբսը պատրաստ էին գրոհելու համակարգչային աշխարհը: Եվ նրանք հաղթանակ տարան: