Հայերս մեզ համար երկրագնդի վրա բնակության ամենառիսկային վայրը համարում ենք Թուրքիան եւ Ադրբեջանը: Սակայն այն միգրացիան, որը տեղի է ունենում Սփյուռքի հայկական գաղթօջախներում թե՛ երրորդ երկիր տեղափոխվելու առումով, թե՛ երկրի ներսում, վկայում է, որ երջանկության փնտրտուքը հայերիս դեպքում անվե՛րջ է: Հայաստանից արտագաղթը, որն, ըստ էության, նշանակում է՝ Սփյուռքին անընդմեջ «կենդանի» հումքի մատակարարում, վաղ թե ուշ իրեն կսպառի, քանի որ այն մարդիկ, ովքեր Հայաստանից փախչում են, իրենց ազգությունը պահպանելու առաքելություն իրենց առաջ չունեն: Իսկ «դասական» սփյուռքը, որը հիմնականում ձեւավորվել է Ցեղասպանությունից հետո, ժամանակի ընթացքում ծերանալու, վերանալու վտանգի առաջ է: Այսինքն` հայկական Սփյուռքը ուծացման եւ վերացման առաջ է: Եվ Սփյուռքի նախարարությունն ու հայ բարձրաստիճան ղեկավարները սա պիտի որ գիտակցեն: Սակայն նման խնդիրներ իր առաջ դնում է լուրջ պետությունը` ապահովել իր յուրաքանչյուր քաղաքացու կյանքն այնպես, որ իրեն լավ ու ապահով զգա` որպես ի՛ր երկրի քաղաքացի: Հայերիս դեպքում պետությունն անում է ամեն ինչ, որ իր ժողովուրդը հայրենիքում իրեն անհանգիստ զգա, նախապատվությունը տա անգլերենին, ռուսերենին, որ երկրից փախչելուց հետո ձուլումը տեղի ունենա առանց բարդությունների: Սակայն Մերձավոր Արեւելքում հայ համայնքներն այսօր բազմաթիվ խնդիրներ ունեն: Այդ մասին կվկայի պատմական գիտությունների թեկնածու, արեւելագետ Արաքս Փաշայանը: Սակայն, քանի որ հայերիս համար խիստ ռիսկային միջավայր է նաեւ մեր հայրենիքում` Հայաստանում, մեր զրույցին հրավիրել եմ նաեւ պոլսահայ մտավորական Տիրան Լոքմագյոզյանին, ով ավելի քան 20 տարի հերոսաբար մաքառում է Հայաստանում:
Լ.Ա. – Արա՛քս, Թուրքիայի արտաքին քաղաքականությունը որոշակի սրբագրումների է ենթարկվել: Իսլամական ուղղությունը ձեռք է բերել առաջնահերթություն, ինչը, փաստորեն, անդրադարձ է ունեցել Միջին Արեւելքի հայ համայնքների վրա` որոշակիորեն սահմանափակելով նրանց ազգային գործունեության շրջանակները:
Ա.Փ. – Ճիշտ նկատեցիք. Միջին Արեւելքի հայ համայնքների առաջ այսօր կանգնած են լուրջ խնդիրներ, որ կապված են արտագաղթի, խառնամուսնությունների, գլոբալացման, ձուլման իրողությունների, նաեւ` տարածաշրջանում առկա քաղաքական ու սոցիալական հիմնահարցերի հետ: Եթե 1970-ականներին մեծ Մերձավոր Արեւելքում, այդ թվում՝ Թուրքիայում եւ Իրանում, հաշվվում էր մոտ մեկ միլիոն հայություն, ապա ներկայումս հայերի թիվը տարածաշրջանում մոտ 300.000 է: Միջին Արեւելքում հայ համայնքների նկատմամբ որոշակի սահմանափակումներ կիրառելու միտումներ սկսեցին ի հայտ գալ 2002-ից ի վեր, երբ Թուրքիայում իշխանության եկած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը շրջադարձ կատարեց երկրի արտաքին քաղաքականության մեջ` մեծ տեղ տալով միջինարեւելյան ուղղությանը: Արդյունքում, Թուրքիան սկսեց աստիճանաբար բարելավել նախկին բարդ ու խրթին հարաբերություններն արաբական մի շարք երկրների, առաջին հերթին` Սիրիայի հետ: Իսկ դա նշանակում է, որ արաբական վարչակարգերն էլ պետք է կանխեն Թուրքիայի ազգային շահերի դեմ ուղղված ցանկացած գործողություն:
Լ.Ա. – Եվ դա՝ այն դեպքում, երբ հայկական համայնքները Միջին Արեւելքի առանձին երկրներում այդքան ազդեցիկ են համարվում:
Ա.Փ. – Նշված իրողությունը չի անդրադարձել հայերի նկատմամբ արաբական հասարակությունների կամ իշխանությունների ջերմ ու հարգալից վերաբերմունքի վրա: Հայերն արաբական մի շարք երկրների` Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի, Հորդանանի լիիրավ քաղաքացիներն են, ունեն իրենց ազգային իրավունքները կիրարկելու հնարավորություն: Սակայն Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ արաբական ուղղության ակտիվացումը կարող է բացասական դեր խաղալ` կապված մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցի ավելի լայն արծարծման հետ:
Լ.Ա. – Սակայն Սփյուռքի հիմնական խնդիրը եւ անգամ գոյության հիմնավորումը Ցեղասպանության ճանաչման հարցն է:
Ա.Փ. – Համամիտ եմ, քանի որ ցեղասպանության հարցը Սփյուռքում հայ ինքնության պահպանման բաղադրիչներից մեկն է:
Լ.Ա. – Արա՛քս, եթե ԱՄՆ-ում կամ Արեւմուտքում հայկական քարոզչությունը չեզոքացնելու դեմ Թուրքիան օգտագործում է սեփական, ադրբեջանական կամ հրեական լոբբին, ապա Միջին Արեւելքի նկատմամբ Թուրքիան, փաստորեն, լծակներ է ձեռք բերում արաբական վարչակարգերի միջոցով: Իսկ մեզ, միեւնույն է, թվում է, որ Արաբական աշխարհը հայերի համար օազիս է:
Ա.Փ. – Մեզանում այն սխալ մտայնությունը կա, որ բոլորը պետք է զոհեն իրենց շահերը` հանուն մեր խնդիրների: Մինչդեռ նույն արաբական երկրներից յուրաքանչյուրն ունի իր օրակարգը, ազգային անվտանգության իր խնդիրները:
Լ.Ա. – Տիրա՛ն, Դուք երկար տարիներ բնակվել եք Պոլսում: Որոնք են իսլամական երկրներում բնակություն հաստատած հայերի համար ամենալուրջ խնդիրները: Ուծացումից զատ` կա՞ ֆիզիկական անվտանգության խնդիր:
Տ.Լ. – Տարբեր երկրներում, ինչպես, օրինակ, Թուրքիայում, կարող է լինել նաեւ ֆիզիկական անվտանգության խնդիր: Բայց մնացած երկրներում, իմ կարծիքով, այդպես չէ: Թեեւ դասական գաղութներում, ինչպես Թուրքիայի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի, ես տեսնում եմ մի նոր վտանգ` կամավոր ձուլումը: Նախկինում Թուրքիայում պետականորեն գործում էր մեծ քաղաքականություն` հայերին կա՛մ վերացնել, կա՛մ ձուլել: Իսկ մյուս երկրներում` Իրանում եւ այլն, այդպես չէր: Օրինակ` Իրանում անհամեմատ լավ պայմաններում էին ապրում հայերը: Այսօր, իմ կարծիքով, գլխավոր խնդիրն այն է, որ հայերը սկսել են կամավոր խառնվել տվյալ երկրի բնակչության հետ: Այսինքն` խառնամուսնությունների քանակը շատ մեծ չափերի է հասել: Սփյուռքը` որպես մեկ ամբողջություն, չի կարելի ընդունել. ամեն մի երկիր ունի իր առանձնահատկությունները, բայց գլխավորապես պետք է տարանջատել Արեւելյան, այսինքն` դասական սփյուռքը, եւ Արեւմտյան` եվրոպական եւ ամերիկյան սփյուռքը: Եվրոպայում եւ ԱՄՆ-ում խառնամուսնությունների խնդիրն ունեցել ենք միշտ, բայց Թուրքիայում, Իրանում, Լիբանանում եւ Սիրիայում չենք ունեցել: Այսօր բոլոր գաղութներում, անգամ Իրանում, Լիբանանում, խառնամուսնությունների թիվը սոսկալի մեծ չափերի է հասնում:
Լ.Ա. – Սակայն հատկապես Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ուծացման պատճառն ամենեւին էլ խառնամուսնությունները չեն. հայն ամուսնանում է հայի հետ, սակայն խոսում են այլ լեզվով, ապրում են այլ ավանդույթներով: Անկեղծ լինենք. մարդկանց ոչինչ չի տալիս հայ լինելու գիտակցությունը: Անգամ խանգարում է:
Տ.Լ. – Եվրոպական երկրներում ավելի շատ են խառնամուսնությունները: Եվրոպայում օտարի հետ ամուսնությունը ավելի հեշտ էր ընկալվում. ի վերջո, քրիստոնյա են, քաղաքակիրթ են: Եվ քանի որ հայերը Եվրոպայում կամ ԱՄՆ-ում տարածված են ապրում եւ իրենց հայ տարեկիցների հետ շփումն ավելի քիչ է, այնտեղ խառնամուսնություններն ավելի նորմալ են ընկալվում: Իսկ իսլամադավան երկրներում` Թուրքիա, Իրան, հայերն ավելի համայնքային կյանքով են ապրում, եւ մահմեդականների հետ ամուսնությունները կրոնական նկատառումներով քիչ էին, իսկ եթե պատահում էլ էր, մեծ հակազդեցության էր արժանանում: Հիմա, արդեն, փոխվել է վիճակը:
Լ.Ա. – Արաբական երկրներում կա՞ն հայ համայնքների անվտանգության հետ կապված խնդիրներ:
Ա.Փ. – Վերջին շրջանում, այսինքն` 2003-ից ի վեր մասնավորապես իրաքահայ համայնքի առաջ ծառացել է նաեւ մի նոր մարտահրավեր` անվտանգության խնդիրը: Երկրում մինչ օրս շարունակվող սոցիալ-քաղաքական ճգնաժամը նմանօրինակ խնդիրներ է ստեղծել ոչ միայն հայերի, այլեւ՝ ընդհանրապես քրիստոնյաների, նաեւ` մուսուլմանների համար: Անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով այսօր իրաքահայ համայնքում տեղի են ունենում լուրջ գործընթացներ: Հայերը պարզապես արտագաղթում են Իրաքից` ապաստանելով Միջին Արեւելքի երկրներում` Սիրիայում, Լիբանանում, Հորդանանում, ապա եւ՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում: Եվ նաեւ շատ հետաքրքիր մի գործընթաց է տեղի ունենում, երբ հայերի քաղաքաբնակ մի հատված Բաղդադից, Բասրայից տեղաշարժվում է դեպի հյուսիս` քրդական շրջաններ, ուր կան անվտանգության երաշխիքներ: Այս պարագայում խոսքը ներքին միգրացիայի մասին է: Իրաքահայ համայնքի ներկա վիճակը մեկ անգամ եւս ապացուցում է, որ անվտանգության խնդիրը ոչ պակաս կարեւոր է, քան` ազգային ինքնության պահպանման հարցը:
Լ.Ա. – Իրաքահայ համայնքի հետ կապված մի վիճակագրություն ներկայացնեմ. եթե մինչեւ 2003թ.-ի պատերազմն իրաքահայերի թիվը 22-25.000 էր, այժմ հայերի թիվն Իրաքում մոտավորապես 5000 է: Տիրա՛ն, Արաքսը նշեց Իրաքում հայկական համայնքի ներքին միգրացիայի մասին. նախընտրում են երկրի հյուսիսային, քրդաբնակ շրջանները, սակայն ոչ Հայաստանը: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են մեր հայրենակիցները ապահովություն փնտրելիս արտագաղթում երրորդ երկիր: Ի վերջո, մեր իշխանությունները` Սփյուռքի նախարարի շուրթերով, չեն ձանձրանում նրանց տուն հրավիրել:
Տ.Լ. – Այո, մեր գլխավոր խնդիրներից մեկն էլ տարածաշրջանում հայերի պակասելն է: Անգամ պարսկական համայնքում հայերի մեկ քառորդն էլ չի մնացել: Գնում են ԱՄՆ: Իսկ թե ինչո՞ւ Հայաստան չեն գալիս, իր տարբեր պատճառներն ունի: Հայաստանի այսօրվա վիճակն ազդում է նրանց վրա. անգամ հայաստանցիներն իրենց հայրենիքում չեն կարողանում նորմալ գոյություն պահպանել: Տեսեք, մեր պատմության ընթացքում հայերը միշտ էլ արտագաղթի խնդիր են ունեցել: Եվ երբ երկրում ինչ-որ խնդիրներ են առաջացել, հայերը մեծ քանակով արտագաղթել են այլ երկրներ: Հայերը միշտ վատ վիճակից դեպի լավ վիճակն են ձգտում:
Լ.Ա. – Բայց, համաձայնեք, որ դա միայն հայերին չէ, որ բնորոշ է: Մարդն ինքն` անկախ ազգային պատկանելությունից, ձգտում է վատից տեղափոխվել բարենպաստ, լավ միջավայր:
Տ.Լ. – Գիտեք, այսօր տարածված է, բայց անցյալում քիչ ժողովուրդների է բնորոշ եղել բարդություններից փախչելը: Եվ այդ ժողովուրդներից մեկն էլ հայերն են: Անգամ, եթե ներքին տեղաշարժ էլ կատարվում է, միշտ ձգտում են ավելի լավ պայմանների:
Լ.Ա. – Կնշե՞ք այն մի քանի հիմնական պատճառները, որոնք խանգարում են Սփյուռքի մեր հայրենակիցներին բնակություն հաստատել Հայաստանում (խոստովանեմ. հարցիս մեջ կեղծ նոտա կա, քանի որ ինքս եւ բոլոր ընթերցողները, վստահ եմ, այնքան լավ ենք պատկերացնում` ինչու չեն գալիս Հայաստան):
Տ.Լ. – Նախ` մարդ պետք է իր կյանքն ապահովի, իսկ Հայաստանում կյանքն աշխատանքով ապահովել բավական դժվար է: Դրա համար այստեղ գալիս են նրանք, ովքեր նյութապես ապահով են, իրենց երկրում թոշակի են անցել եւ այդ երկրից մշտական ինչ-որ եկամուտ ունեն:
Լ.Ա. – Հետեւաբար կարող են իրենց թույլ տալ հայրենասեր լինել, գալ եւ մշտական բնակություն հաստատել Հայաստանում:
Տ.Լ. – Այո: Ի դեպ, գալիս են նաեւ նրանք, ովքեր ոչինչ չունեն, բայց ուզում են հենց Հայաստանում ապրել: Այսինքն` գալիս են կա՛մ փող ունեցողները, կա՛մ չունեցողները: Միջին խավը նախընտրում է այլ երկրները:
Լ.Ա. – Կա նաեւ երկքաղաքացիության խնդիրը: Դուք, Տիրա՛ն, հիշում եմ, վաղուց պայքարում էիք ՀՀ քաղաքացիության համար: Սակայն դա վաղուց էր: Այսօր, կարծեմ, այդ ուղղությամբ չեք էլ մտածում:
Տ.Լ. – Ես Հայաստանում ապրում եմ 20 տարուց ավելի, եւ դեռեւս Թուրքիայի քաղաքացի եմ: Ինչո՞ւ: 20 տարի առաջ մեծ ուրախություն, պատիվ կլիներ լինել Հայաստանի քաղաքացի: Այսինքն` երկքաղաքացի՛ լինելը, հատկապես 90-ականներին: Համառորեն սփյուռքահայերին երկքաղաքացիություն չէին տալիս: Այդ խնդիրն այնքան շահագործվեց, այնքան վիրավորական արտահայտություններ եղան թե՛ սփյուռքահայերի, թե՛ մասնավորապես, թուրքահայերի հասցեին, որ ես արդեն ցանկություն չունեմ ՀՀ քաղաքացի դառնալ: Ինձ հետաքրքիր չէ այլեւս ՀՀ քաղաքացիություն ստանալը:
Լ.Ա. – Քրիստոնյաների եւ մահմեդականների փոխհարաբերությունների խնդիրը կա ողջ աշխարհում: Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է այն սուր այսօր, եւ որքանո՞վ այն չի կարող վտանգավոր մասշտաբներ ընդունել:
Ա.Փ. – Այն, որ իսլամական աշխարհում կա որոշակի անվստահություն քրիստոնյաների հանդեպ, կասկածից վեր է: Դա միշտ էլ եղել է, սակայն 2003 թ.-ից հետո ստացել է ավելի սուր բնույթ` պայմանավորված լինելով ոչ այնքան կրոնական, որքան քաղաքական ու սոցիալական գործոններով: Հակաքրիստոնեական տրամադրությունները Միջին Արեւելքում ավելի շատ կարելի է դիտարկել հակաամերիկյան, հակաարեւմտյան, հակագլոբալիստական տրամադրությունների համատեքստում: Շատ դեպքերում քրիստոնյաները դիտարկվում են որպես 5-րդ շարասյուն, որի միջոցով Արեւմուտքը ցանկանում է իրագործել իր շահերը Մերձավոր Արեւելքում: Այդպես է եղել նաեւ եվրոպական գաղութատիրության շրջանում: Այսինքն` դա նոր երեւույթ չէ, եւ պատահական չէ, որ քրիստոնյաները կարող են թիրախ դառնալ իսլամական ծայրահեղական շրջանակների կողմից: Իհարկե, քրիստոնյաների հանդեպ ոչ դրական վերաբերմունքը կարող է պայմանավորած լինել նաեւ սոցիալական գործոնով: Ահագնացող սոցիալական ու տնտեսական խնդիրները, որ կան այսօր արաբական իսլամական հասարակություններում, ծնում են գործազրկություն, դժգոհություն, մրցակցություն, նաեւ` ծայրահեղական տրամադրությունների ակտիվացում: Մերձավոր Արեւելքում ցանկացած անկայունություն առաջին հերթին խոցելի է դարձնում հենց քրիստոնյաների դիրքերը: Դա է պատճառը, որ մասնավորապես քրիստոնյաների շրջանում մեծ են արտագաղթի տեմպերը: Միեւնույն ժամանակ, մասնավորապես Արեւմուտքում, որոշակի տարածում ունի իսլամաֆոբիան:
Լ.Ա. – Թուրքիայում մենք ունենք հսկայական թվով մահմեդականություն ընդունած հայեր: Հետաքրքիր է, այդ միտումը այսօր շարունակվո՞ւմ է` ֆիզիկական անվտանգությունն ապահովելու կամ այլ արտոնություններից օգտվելու համար դավանափոխ լինել, ընդունել մահմեդականություն:
Տ.Լ. – Բացառություններ միշտ էլ լինում են: Բայց կարող եմ ասել, որ 1915-ից այսկողմ զանգվածաբար դավանափոխ չեն լինում: Այնտեղ կա հակառակ միտումը. մահմեդականություն ընդունած հայերը վերադառնում են քրիստոնեությանը: Թեեւ դա էլ զանգվածային չէ: 10-12 տարի առաջ այդ մարդկանց գոյության մասին չիմացող մարդիկ այսօր Հայաստանում վեր են կենում, ինչ-որ ծրագրեր են մշակում, որ, օրինակ, համշենահայերին հայության գիրկը վերադարձնեն: Սա դժվար խնդիր է: Այնպես չէ, որ այդ մարդիկ այսօր գիտակցում են իրենց հայկական արմատները, բայց այնպես էլ չէ, որ վատ են զգում, որ մահմեդական են: Նրանց կարելի է մի քանի խմբերի բաժանել: Հնարավոր է անգամ մի փոքր մասին հայության վերադարձնել, բայց ոչ քրիստոնեության:
Ա.Փ. – Մի հավելում անեմ. ոչ միայն Թուրքիայում, այլեւ արաբական երկրների (նաեւ` Իրանի) հայ համայնքների շրջանում այսօր նման միտում չկա: Գուցե կա նահանջ հայերեն լեզվից, եւ կան այլեւայլ խնդիրներ, սակայն ոչ երբեք՝ կրոնափոխություն: