Այս օրերին վրացական պետհամարանիշերով մեքենաների վարորդների բողոքի ցույցերը նոր թափ են ստացել` ընդգրկելով ոչ միայն Շիրակի, այլ արդեն նաեւ՝ Տավուշի եւ Լոռու մարզերը: Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Գյումրիի Հայուհու հրապարակում սկսվեց վրացական պետհամարանիշերով մեքենաների վարորդների բողոքի ակցիան: Վարորդները դժգոհում են ՀՀ մաքսային օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունից, որն արգելում է ՀՀ քաղաքացիներին մեքենաները գրանցել Վրաստանում եւ ժամանակավոր ներմուծման ռեժիմով դրանք շահագործել Հայաստանում` 1 ամիս ժամկետով: Օրենքի փոփոխությունը նախատեսում է, որ ավտոմեքենան կարելի է ժամանակավոր ներմուծել միայն 15 օր տեւողությամբ: Այլ կերպ ասած՝ օրենքի այս փոփոխության նպատակը էժան մաքսազերծման կանխումն է: Ինչեւէ, երեկ Գյումրիում վերսկսել են բողոքի ակցիաները: Ոստիկանության աշխատակիցները շարունակում են խոչընդոտել ցույցերը, ավելին՝ ամենաակտիվ բողոքող վարորդներին ոստիկանության բաժանմունքներ են տանում՝ Ոստիկանապետ Վահրամ Ենգոյանի հետ առանձնազրույցի համար: Ականատեսների պատմելով՝ ուժային կառույցների ներկայացուցիչներն ուժով, հարկադրաբար ստիպում են վարորդներին ներկայանալ ոստիկանապետ Ենգոյանին: Ավելին՝ 4 ոստիկաններ ուժով փորձել են մեքենայից դուրս բերել բողոքի ակցիայի ակտիվ մասնակիցներից մեկին՝ այն պատճառաբանությամբ, թե ոստիկանապետն առանձնազրույցի է կանչում:
Ի պատասխան Կառավարության այն փաստարկներին, թե այս փոփոխության նպատակն այն է, որ թանկարժեք մեքենաների վարորդներն այդ արտոնությունից չօգտվեն, վարորդներն ասել են, որ իրենց շարքերում շքեղ ավտոմեքենա ունեցողներ գրեթե չկան: Ըստ նրանց՝ ավտոմեքենաները ձեռք են բերվում կամ ապառիկով, կամ արտերկրում աշխատած գումարներով: Վարորդները նաեւ նշել են, որ օրենքի այդ փոփոխությամբ կոռուպցիոն ռիսկերն ավելի են մեծանում: Նրանցից շատերն այլեւս հիասթափվել են երկրում տեղի ունեցող անհասկանալի գործընթացներից եւ պատրաստվում են մեկնել Վրաստան՝ հարեւան երկրի քաղաքացիներ դառնալու նպատակով: Ցուցարար վարորդները բողոքի ավտոերթ են կազմակերպել դեպի Ախուրյան եւ Գյումրու տարբեր հատվածներում: