«3.33» անունը կրող ռեփ խմբի անդամներ` հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանն ու պարող եւ ռեփեր A chilla-ն հայտնվել են հոգեբուժարանում: Սակայն ոչ թե իրական կյանքում, այլ իրենց համատեղ «Հայելի» տեսահոլովակի նկարահանումների ժամանակ: «Տեսահոլովակի գործողություններն ընթանում են հոգեբուժարանում, որտեղ հայտնված հերոսները չեն կարողանում հասկանալ, թե որտե՞ղ է իրական կյանքը` հայելու մե՞ջ, թե՞ հայելուց դուրս: «Հայելու» մեջ փորձել եմ ցուցադրել, որ շատ անգամ ոչ թե հոգեբուժարանում հայտնվածն ունի բուժման կարիք, այլ նրանք, ովքեր փակի տակ են պահում նրան: Իրականության մեջ եւս շատ անգամ անհասկանալի է, թե ով է բժիշկը եւ ով` հիվանդը, ով է տիկնիկը, եւ ով` տիկնիկավարը, որն է արտացոլանքը եւ որն` իրականությունը: Երբեմն այս հասկացողություններն այնքան են խառնված իրար, որ անհնար է կողմնորոշվելը: Հայելու մեջ արտացոլվող երկրորդ կեսը` Ֆելիքսը, հուշում է նրան` A chilla-ին, ճիշտ ապրելակերպը»,- մեզ հետ զրույցում ասաց տեսահոլովակի ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանը եւ նշեց, որ «Հայելու» նկարահանումներից հետո տղաները որոշել են, որ իրենց` «3.33» խմբի վիդեոշարքով այսուհետ զբաղվելու է միայն Լիլիթը: