Երգչուհի Լանա Խաչատրյանը զուգերգ կկատարի երաժիշտ Նիկ Եգիբյանի հետ, ով համատեղ «Ընդհատված հեքիաթ» զուգերգում հանդես է եկել՝ նաեւ որպես պրոդյուսեր: Մինչեւ փետրվարի վերջ նրանք միասին կներկայացնեն «Ընդհատված հեքիաթ» երգի տեսահոլովակը, որի սյուժեն նպատակ ունի վերամիավորել բաժանված մի զույգի ընտանիք: «Տղամարդն ու կինն ամուսնանալով՝ ստեղծում են իրենց հեքիաթը, որտեղ երեխա է ծնվում, որպեսզի այդ հեքիաթն ավելի երջանիկ լինի: Սակայն շատերի մոտ այդ հեքիաթը շատ շուտ է ավարտվում: Ցավոք, մեր երկրում գնալով շատանում է ամուսնալուծությունների թիվը, որոնց արդյունքում տուժում են երեխաները: Սակայն շատ քչերն են փորձում վերականգնել իրենց ընտանիքի ընդհատված հեքիաթը: Ահա այդպիսի բաժանված իրական մի զույգի պատմություն է նկարահանվելու մեր տեսահոլովակում: Այդ զույգի տղամարդը հույս ունի այս տեսահոլովակով եւ երգով վերադարձնել իր կնոջն ու երեխային, ովքեր ապրում են ԱՄՆ-ում: Նա ամեն կերպ փորձում է բացատրել կնոջը, որ պետք է միանալ` հանուն երեխայի, հանուն ընտանիքի, հանուն հեքիաթի, որն ընդհատվել է: Անչափ ուզում եմ, որ մեր տեսահոլովակն իր առաքելությունն իրականացնի»,- մեզ հետ զրույցում նշեց Լանա Խաչատրյանը: «Ընդհատված հեքիաթ» երգի երաժշտության եւ բառերի հեղինակն է Սուսաննա Բարսեղյանը, ում ճանաչում են որպես մանկական երգերի հեղինակ: Սուսաննան երգեր է գրել «Արեւներ», «Դո, Ռե, Մի», «Արեւիկ» երաժշտական խմբերի համար: Բացի այդ, Սուսաննան երաժշտություն է գրել դերասան եւ երգիչ Միքայել Պողոսյանի եւ երգիչ Մայքլ Քոթանջյանի երգերի համար: