Հասմիկ Պողոսյանի խղճին կմնա

12/02/2011

ՀՀ Հանրային խորհրդի(ՀԽ)՝ Մշակույթի ենթահանձնաժողովը երեկ քննարկել է բազային մեկ մշակութային պետական քոլեջ ստեղծելու մասին ՀՀ կառավարության որոշման արդյունքում ստեղծված իրավիճակը, որը մշակույթի ոլորտում շատերի զայրույթն էր առաջացրել: «Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովից թախանձագին խնդրում ենք՝ օգնել մեզ… Մենք ենք ստեղծել սա, ո՞նց կարող են մեր կարծիքը հաշվի չառնել… մեզ պաշտպանեք մշակույթի նախարարի կամայականություններից»,֊ քննարկման սկզբում ասել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, ով դասավանդում է Էստրադային եւ ջազային արվեստի քոլեջում, նաեւ ՀԽ անդամ է: Երեւանի մշակութային քոլեջի ներկայացուցիչ Վրեժ Կիրակոսյանի կարծիքով, սա վարչական եւ ոչ թե մշակութային վեճ է: Իսկ Ջազային արվեստի քոլեջի ադմինիստրատոր Անահիտ Մազմանյանի կարծիքով` այս ամենն իրականում շենքային վեճ է: Հիշեցնենք, որ Մշակույթի քոլեջը ղեկավարում է Նադեժդա Սարգսյանը, իսկ Էստրադային, ջազային արվեստի քոլեջը` Ակսել Բակունցը: Ջազային արվեստի քոլեջի ներկայացուցիչները նշել են, որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իրենց քոլեջը 45 օրում լուծարելու հրաման է ստորագրել. որ այժմ քոլեջում գույքագրում է իրականացվում, եւ որ իրենց քոլեջի իրավահաջորդ է ճանաչված Մշակույթի քոլեջը: Ջազային քոլեջի դասախոս, կոմպոզիտոր Ստեփան Բաբաթորոսյանն առարկել է. «Դրանով դուք մեր անունը ոչնչացնում եք, մեր հասցեն ջնջում եք, մեզ վերացնում եք աշխարհում մեզ ճանաչող մարդկանց տեսադաշտից»: Ներկաները նաեւ բողոքել են, որ Մշակույթի նախարարությունն այս առաջարկը կառավարությանը ներկայացրել է առանց ստեղծագործական խմբի հետ քննարկելու: «Սա մնում է մշակույթի նախարարի խղճի վրա, մի քանի անգամ ասել է՝ նենց մի արեք, որ փակեմ, եւ փակեց… Ցասում ենք ապրում, մեր աշխատանքը զրոյացված է»,- ասել է Ռոբերտ Ամիրխանյանը: Ի դեպ, Ջազային քոլեջը՝ 32, իսկ Մշակույթի քոլեջը 10 տարվա պատմություն ունեն: Սա` ի գիտություն Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի: Հարցի քննարկումը կշարունակվի Հանրային խորհրդում: