Խորհուրդը դեռ խորհուրդ չի տվել

12/02/2011

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն արդեն 89-րդ թատերաշրջանն է թեւակոխել: 2011 թվականին թատրոնը շարունակելու է ներկայացնել իր խաղացանկում եղած բեմադրությունները: Նաեւ պատրաստվում է փետրվարի 23-ին հանդիսատեսին ներկայացնել Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործությունների հիման վրա արված «Ծառերը» մոնոներկայացումը, որը բեմադրել է Դավիթ Հակոբյանը, իսկ գլխավոր դերակատարուհին Գրետա Մեջլումյանն է: Իսկ թե որո՞նք են լինելու Մայր թատրոնի հետագա պրեմիերաները, անհայտ է, քանի որ դեռ հաստատված չէ բեմադրությունների այն ցանկը, որը պետք է փորձնական փուլով անցնելուց հետո, վերջիվերջո, ներկայանալի թատերական ֆորմա ստանա: Ինչպես հայտնի է, թատրոնն, արդեն երրորդ տարին է, առանց գեղարվեստական ղեկավարի է աշխատում, եւ այս կամ այն բեմադրությանը նախապատվությունը տալու պարտավորությունը վստահված է գեղարվեստական խորհրդին: 17 հոգուց բաղկացած խորհուրդը չի որոշել թատրոնի ապագա անելիքները, քանի որ դեռ նիստ չի հրավիրել: Այնպես որ, թատրոնն իր տարեկան գործունեությունը պլանավորելու հնարավորություն չի ստացել: Միգուցե ընդհանրապես պրեմիերաներ չեն լինի, ու թատրոնը կբավարարվի արդեն իսկ արվածո՞վ: