Կարեւորը՝ սիրուն լինի

12/02/2011 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Երեկ Նկարիչների տան սրահում մեծ բազմության պայմաններում ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ բացվեց «Art expo-2011» ցուցահանդես-հաշվետվությունը, որի ֆորմատը ՀՀ Մշակույթի նախարարությունը ավանդական է դարձրել:

Նախորդ երկու տարիներին այն որպես տոնավաճառ էր ներկայացվում (ինչն էլ անընկալելի էր դարձնում այս ձեռնարկը, քանի որ ի՞նչ տոնավաճառ՝ առանց արտադրանքի կամ գաղափարների շոու-վաճառքի): Իսկ այս տարվանից սկսած՝ «Art expo-2011»-ը սոսկ հաշվետվություն է համարվել, առանց շարունակություն ենթադրող գաղափարի շեշտադրման: ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղերձում ասվում է, որ «Art Expo-2011»-ն ուղղված է մշակութասեր հանրությանը եւ «ոչ այլ ինչ է, քան նախորդ տարվա աշխատանքի արդյունք»: Այսինքն՝ տարբեր պետական թատրոնները, թանգարանները, միավորումները, նախարարության հետ համագործակցության եզրեր գտած հ/կ-ներն ու մասնավոր կազմակերպությունները ստանում են փոքր տաղավարներ, որտեղ նստում են այդ կազմակերպությունների ներկայացուցիչները (բուկլետներով, գրքերով ու պաստառներով շրջապատված) ու սպասում են, որ 2 օրվա ընթացքում իրենց մարդիկ մոտենան ու հարցեր տան: Այս ձեւաչափը շատ նման է «բաց դռների» օրվան: Մարդիկ շրջում են, թերթիկներ են վերցնում, հարցեր են տալիս ու գոհ եւ շնորհակալ հեռանում են` համոզվելով, որ անցյալ տարի հանրության համար ահռելի գործ է արվել: Օրինակ` համերգներ են եղել, ցուցահանդեսներ ու փառատոներ են անցկացվել: Նաեւ` հոբելյաններն են նշվել, որոնց անցկացման մասին փաստում է Մշակույթի նախարարության հատուկ ենթակառուցվածքներից մեկը:

50 մշակութային կառույցները բուկլետներով զինված՝ խոսում են նվաճումների մասին ու երբեմն էլ` խնդիրների: Բայց խնդիրները նշելը այս օրերին խրախուսելի չէ, քանի որ, ինչպես նշվում է Հ. Պողոսյանի ուղերձում` «մշակույթի հետ հանդիպումը պիտի խոստանա հոգեւոր բավարարվածություն, գեղեցիկ լիցքեր ու լավատեսություն»: Դե, իսկ եթե լավատեսություն չկա (ասենք՝ պարզապես աշխատանք կա, որն այդքան էլ գեղեցիկ ու հուսադրող չէ), ավելի լավ է լռել: Թերեւս այդ պատճառով էլ տարբեր թատրոնների, թանգարանների ու միությունների ղեկավարներից շատերը լռում են`այցելուներին պարզապես հուշաթերթիկներ կամ անցած միջոցառումների ծրագրեր փոխանցելով: Ասելու բան չկա, թեեւ` դռները բաց են: Իրականում սա շատ հետաքրքիր ֆորմատ է, քանի որ մշակութային հիմնարկներին հարցեր տալը ի սկզբանե լավ գործ է: Մանավանդ, երբ նրանց պարտադրվում է գալ, կանգնել ու հանրության հարցերին պատասխանել: Դա օգնում է մարդկանց տեղյակ լինել, ծանոթանալ, որոշել որեւէ թանգարան կամ թատրոն այցելել, միգուցե նաեւ` իրենց կարծիքը հայտնել դիտածի ու լսածի մասին: Սակայն այս ձեռնարկն` իր շնորհանդեսային բնույթով (որի ենթատեքստում տոնն է, բավարարվածության սպասումն ու նվաճումների ցուցադրումը), բնավ էլ հարցեր տալու միջավայր չի ստեղծում: Հարց տվողը կոնտեքստից դուրս է հայտնվում նույնիսկ այն ժամանակ, երբ շատ անմեղ հարց է տալիս, ասենք՝ որեւէ թատրոնի տաղավարի մոտ կանգնած մարդկանց հարցնում է` որո՞նք են լինելու 2011 թվականի պրեմիերաները: Պատասխան չկա, քանի որ հրահանգված է խոսել միայն անցածի մասին, իսկ նորի մասին` հետո, մեկ այլ առիթով: Նույնն էլ բոլոր տաղավարների մոտ է, որոնք աչքի են ընկնում կրեատիվ մոտեցման տարբեր աստիճաններով: Ասենք, կարող են պաստառը ոչ թե պատին, այլ` առաստաղին փակցնել, կամ էլ` բուկլետները ոչ թե շարանով, այլ` հովհարանման տեղադրել: Այդքանը բավարար է:

Ի դեպ` համեմատելով անցյալ եւ այս տարիների «Art Expo»-ները՝ նկատելի է, որ ակնհայտ առաջընթաց կա. շատ մասնակիցներ արդեն այդքան էլ լուրջ չեն վերաբերվում այս միջոցառմանը: Ոմանք չեն էլ փորձել ձեւացնել, որ նմանատիպ շոու-հաշվետվությունն անհրաժեշտ է: Իսկ ոմանք էլ պարզապես չեն ներկայացել: Եվ դա ամենահուսադրող բանն է այս ճոխ պաշտոնական ձեռնարկում, որը արվեստի ներկայությունը մեր կյանքում նմանեցնում է գեղեցիկ փաթեթավորված նվերի: