«Ես ցավում եմ, որ մեզ մոտ օտար հեղափոխություններ տեսնելով` կրկնությունը կիրառելու խանդավառություն կա: ՀՅԴ-ն իր ստեղծման օրվանից դրել է հեղափոխական գաղափարը, ինչը պետք է լինի ազգայինի վրա: Հիմա ով մեզ օգնի, հետո մենք ստիպված ենք լինելու վճարելու դրա դիմաց»,- երեկ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը` անդրադառնալով Եգիպտոսում եւ Թունիսում տեղի ունեցող հեղափոխություններին: Իսկ նրա հետ խորհրդարանական ճեպազրույցներին մասնակցող պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել է, որ բացառվում է` Դաշնակցությունը կոալիցիա կազմի ներկա իշխանությունների հետ: «Բացառվում է: Չի լինելու որեւէ կոալիցիոն համաձայնություն, համաձայնագիր ներկա իշխանությունների հետ»,- հայտարարել է Արծվիկ Մինասյանը՝ ավելացնելով, որ այդ հարցի շուրջ կա նաեւ կուսակցության որոշումը: Հարցին, թե նման առաջարկ եղե՞լ է Դաշնակցությանը, Մինասյանը պատասխանել է. «Մենք նման տեղեկություն չունենք, բայց եթե լինի էլ, բնականաբար, մերժում է լինելու»: Մինասյանն ասել է նաեւ, որ փետրվարի 19-ին իրենք մտադիր են հայտարարել Հայաստանում ընտրական իրավունքի պաշտպանությանն ուղղված շարժման ձեւավորման մասին: Ըստ պատգամավորի՝ շարժումը միտված է լինելու ընտրական իրավունքի պաշտպանությանը, որը, կուսակցության համոզմամբ, միակ հնարավոր տարբերակն է ժողովրդի միջոցով իշխանություն ձեւավորելու: Մինասյանի խոսքով՝ դա միակ հարցն է, որտեղ ՀՅԴ-ն չի բացառում համագործակցությունը որեւէ քաղաքական ուժի հետ: