Երեկ վերջապես հրաժարական է ներկայացրել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը` իշխանությունը հանձնելով երկրի զինված ուժերին: Այդ մասին պետական հեռուստատեսությամբ հայտարարել է Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանը: Այդ տեղեկությունը աննախադեպ ոգեւորությամբ է ընդունվել Կահիրեի Թահրիր հրապարակում հավաքված հարյուր-հազարավոր ցուցարարների կողմից: Շատերը նույնիսկ արտասվել են, ի նշան ուրախության՝ գրկախառնվել իրար հետ: Նշենք, որ նախօրեին արդեն տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Մուբարաքն իր ընտանիքի անդամների հետ հեռացել է Կահիրեից եւ գտնվում է Շարմ էլ-Շեյխ ծովափնյա հանգստավայրում: Իսկ երեկ ավելի վաղ Եգիպտոսի զինված ուժերը հայտարարել են, որ երաշխավորում են բարեփոխումների անցկացումը, պայմանով, որ մարդիկ կդադարեցնեն ցույցերը եւ կվերադառնան նորմալ կյանքի: