«Հայաստանն ամբողջությամբ վերքերի մեջ է»,- «Ա1+»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-Հայաստան հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը։ Նա դա բացատրում է նրանով, որ շահագործված հանքավայրերը հետո չեն բերվում նախկին տեսքի: Իսկ ամեն բացված հանքավայր մի վերք է: Կենտրոնը, Սեւծովյան համագործակցության հիմնադրամի աջակցությամբ, մեկ տարվա ընթացքում հետազոտություններ է կատարել այս ոլորտում եւ հայտնաբերել բազմաթիվ թերություններ: Պաշտոնական աղբյուրներից կենտրոնը փորձել է ստանալ տվյալներ մետաղական հանքավայրերի վերաբերյալ` սկսած նրանց հիմնադիրների կազմից, վերջացրած նրանց իրականացրած բնապահպանական-սոցիալական ծրագրերով եւ վճարումներով: 50-ից ավելի ընկերություններից կենտրոնը տվյալներ է խնդրել, սակայն նրանցից միայն երեքն են պատասխանել: Ուսումնասիրությունը, ըստ Սոնա Այվազյանի, բացահայտել է նաեւ հետաքրքիր խնդիրներ: «Այն փաստաթղթերը, որոնք որ պահվում են պետական կառույցներում, դրանք բավականին անփույթ ձեւով են եւ բացակայում են, օրինակ, ինչ-որ թղթեր, հավելվածներ, որտեղ ամրագրված են ընդերքօգտագործման պայմանները»,- ասել է Սոնա Այվազյանը` ավելացնելով, որ այդ փաստաթղթերում բացակայել են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականները, որը հենց պետք է հիմք ծառայեր համապատասխան թույլտվություն տալու կամ չտալու համար: Փաստաթղթերում առկա են եղել տվյալներ, որոնք ակնհայտորեն ցույց են տվել, որ հանքարդյունաբերության բիզնեսում ներգրավված է այս կամ այն պաշտոնյան: «Հանքասարի հանքավայրի հիմնադիրներից մեկը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն է: «Հրազդան» երկաթի հանքավայրի հիմնադիրների կազմում են Տիգրան Արզաքանցյանը եւ պատգամավոր, նախկին բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի որդին»,- ասել է Սոնա Այվազյանը: