Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում Գեւորգ Կոտինյանի մահվան գործով նախօրեին ձերբակալվել են 4 զինծառայողներ: «Ազատություն» ռ/կ-ին Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից հայտնել են, որ ձերբակալված շարքայիններ Տարոն Սուվարյանը եւ Վահե Աղաջանյանը կասկածվում են Քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` «զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից», ինչպես նաեւ՝ 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 9-րդ եւ 14-րդ կետերով` «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով` անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահը»: Նույն գործով ձերբակալվել է կրտսեր սերժանտ Մարգար Դավթյանը, ով կասկածվում է Քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նաեւ 38-359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` նշված հանցագործությանը օժանդակելը, 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 9-րդ, 14-րդ կետերով, եւ 375 հոդվածի առաջին մասով` «իշխանության չարաշահումը եւ իշխանության անգործությունը»: Ձերբակալվել է նաեւ ավագ լեյտենանտ Արմեն Ռաֆայելյանը, ով կասկածվում է 375 հոդվածի առաջին մասով: Պաշտպանության նախարարության քննչական ծառայության փոխանցմամբ, նշանակվել է Կոտինյանի դիակի դատաբժշկական փորձաքննլություն, ինչպես նաեւ՝ դատահոգեբուժական, դատաքիմիական, դատահետքաբանական, հողագիտական եւ դատաբժշկական փորձաքննություններ: Հարցաքննվել են գործով որպես վկա անցնող մի շարք անձինք: Հիշեցնենք, որ 19-ամյա զինծառայող Գեւորգ Կոտինյանը մահացել է փետրվարի 6-ին: Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չորեքշաբթի օրը հաստատել էր, որ զինծառայողը սպանվել է դաժան ծեծի արդյունքում: