Բուժիչ նամակներ

12/02/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Ինչպե՞ս խնամել շրթունքները

Գեղարարությունը մեծ դեր ունի կնոջ կյանքում, ցանկացած տարիքում նա զգալի ժամանակ եւ միջոցներ է հատկացնում դեմքի մաշկի եւ մազերի խնամքին՝ հաճախ անտեսելով շուրթերը։ Սահմանափակվելով փայլով կամ շրթներկով, երբեմն ուշադրություն չենք դարձնում առաջին հայացքից մանրուք թվացող դրանց չորությանը, մանր ճաքերին կամ թեփուկների առաջացմանը։ Սակայն շուրթերի կոլագենային շերտը չափազանց բարակ է եւ նուրբ, որի պատճառով մաշկի ծերացման առաջին նշանները հաճախ նկատվում են դրանց մոտակայքում։

Շրթունքների վնասվելու հիմնական պատճառներն են.

– ուլտրամանուշակագույն ճառագայթները, քամին, ցուրտը,

– հոգնած կամ սթրեսային վիճակում դրանց մերթ-մերթ կրծոտելը,

– A, E եւ B խմբի վիտամինների (հատկապես՝ B2-ի եւ քոլինի) պակասը օրգանիզմում,

– հերպեսը, որը հայտնի է «մրսածություն» շրթունքների վրա անվանմամբ,

– կախվածությունը ծխախոտից։

Բերանի անկյուններում ճաքերը առաջանում են հիպովիտամինոզի կամ բերանի խոռոչի հիվանդությունների դեպքում։ Այս հիվանդությունն ավելի շատ հանդիպում է ծխողների մոտ, փորձը ցույց է տալիս, որ ծխվող գլանակները պակասեցնելը նպաստում է արագ ապաքինմանը։ Հիվանդության առաջացմանը կարող է նպաստել ֆտոր պարունակող ատամի մածուկը, շրթներկը փոխելը։

Մարդկանց ավելի քան 90 տոկոսի մոտ առկա է հերպեսի պարզ տեսակի վիրուսը, որն արտահայտվում է դիմադրողականության անկման, մրսածության, ալկոհոլի չարաշահման, սթրեսի, ստամոքսի խանգարման, գերհոգնածության, դաշտանի եւ այլ դեպքերում։ Եթե ձեռնարկված միջոցները չեն օգնում 10-15 օրվա ընթացքում, ապա պետք է դիմել բժշկի, հերպեսը կարող է լուրջ հիվանդության հետեւանք հանդիսանալ։ Ոչ մի դեպքում չի կարելի վերքին ձեռք տալ, նույնիսկ դրա չորանալուց հետո, այլապես վիրուսը կփոխանցվի մարմնի այլ մասերին։ Շրթունքների խնամքի վերաբերյալ բազմաթիվ միջոցներ է առաջարկում ժողովրդական բժշկությունը։

Հին Հայաստանում 15-րդ դարի բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին իր դեղամիջոցների միջնադարյան հանրագիտարանում շրթունքների խնամքի վերաբերյալ առաջարկել է հետեւյալ դեղատոմսը. «Ճաքճքված շրթունքները բուժելու համար օգտագործել սպիտակ մեղրամոմի, հավի եւ սագի յուղերի խառնուրդը»։

Նշենք նաեւ, որ մեղրի հիման վրա արտադրվում են բազմաթիվ միջոցներ շրթունքների խնամքի համար։ Շրթունքներին քսեք հավասար ծավալային հարաբերությամբ մեղրի եւ եթերային յուղի, հյութի կամ խյուսի խառնուրդը։ Հարմար է հալվեի հյութը, դեղձի, վաղենակի, բրգաձեւ եղեւնու յուղը, ավոկադոյի, ադամաթուզի, գազարի խյուսը։ Օգտակար եւ արդյունավետ միջոց է մեղրի եւ ձկան յուղի խառնուրդը (4։1)։

Շրթունքների վրայի թեփուկները մաքրելու միջոցներ

– Խառնեք վարսակի ալյուրը եւ մեղրը (1։1), 2-3 րոպե մերսեք շրթունքները, մաքրեք, եւ անմիջապես քսեք վուշի կամ չիչխանի յուղ։

– Խառնեք քերիչով անցկացրած գազարը, կաթնաշոռը, կաթի սերուցքը։ Քսեք շրթունքներին, պահեք 20 րոպե։ Օգտագործեք շաբաթը 1 անգամից ոչ ավելի։

– Ոչ շատ թունդ թեյի գոլ թրջոցը 15-20 րոպե տեւողությամբ դրեք շրթունքներին, որից հետո բամբակե խծուծի օգնությամբ դանդաղ ներմերսեք կտավատի յուղը։

Պաշտպանիչ քսուք

– Խառնեք 30-ական գրամ դեղին մեղրամոմը, արեւածաղկի յուղը, 5 գրամ լանոլինը, անընդհատ խառնելով տաքացրեք ջրային բաղնիքի վրա, պահեք ապակե մուգ տարայի մեջ։ Քսուքը պաշտպանում է արտաքին միջավայրի վնասակար (աղեր, թթուներ, փոշի, քամի) ազդեցություններից եւ բուժում դրանց հետեւանքները։ Բուժման ժամկետը՝ 10-20 օր։

– Ջրային բաղնիքի վրա տաքացրեք մեղրամոմ, կակաոյի յուղ, բուսական յուղ (չիչխանի, նշի կամ դեղձի), 2 հաբ վիտամին E (1։2։2։2)։ Քսելուց առաջ կարգավորեք քսուքի խտությունը մեղրամոմի կամ յուղի ավելացմամբ։ Կարող եք ամեն օր քսել։

Շրթունքների ճաքճքվածության դեպքում

– Կտրատեք խնձորը (տանձը կամ ադամաթուզը), եփեք կաթի մեջ։ Խնձորը հանեք, ազատեք միջուկից եւ քսեք շրթունքներին, պահեք 15-30 րոպե։

– Խառնեք բուսական յուղը եւ գազարի հյութը (1։1), քսեք շուրթերին եւ պահեք 5 րոպե։

Թարմություն հաղորդող քսուքներ

– Կես թեյի գդալ մեղրի վրա ավելացրեք մի քանի կաթիլ հալվեի հյութ, հալվեի տերեւը նախապես մի քանի օր պահեք սառնարանում։

– Հերպեսի սրացման շրջանում հակացուցված է կծուն, թթուն, աղին եւ քաղցրը։ Հիգիենիկ կամ դեկորատիվ շրթներկի փոխարեն օգտագործեք սնուցող եւ պաշտպանիչ միջոցներ։

– Բերանի խոռոչի հիվանդությունների դեպքում հրաժարվեք ծխախոտից, ծուխը ճնշում է լիզոցիմ ֆերմենտի առաջացումը, չի վերականգնվում բերանի լորձաթաղանթը, խախտվում է A վիտամինի փոխանակման ընթացքը։ Այս բոլոր հանգամանքները նպաստում են մանրէների անկաշկանդ տարածմանը։ Տվյալ պարագայում պետք է անել ողողումներ, օգտակար է գրեյպֆրուտի կեղեւի եփուկը, թեյի ոգեթուրմը, չիչխանի յուղը։ Այս միջոցները պետք է մի քանի րոպե պահեք բերանի մեջ։

– Չջնջվող շրթներկ օգտագործելու դեպքում այն հանեք կաթով։

Դիմադրողականությունն ամրացնող միջոցներ

– Խառնել 30-ական գրամ կեչու բողբոջները, սրոհունդի, անթառամի եւ երիցուկի ծաղիկները։ Մեկ դեսերտային գդալ խառնուրդի վրա ավելացնել 200 մլ եռջուր։ 15-20 րոպե թրմել, բաժանել 3 մասի։ Խմել օրվա ընթացքում։ Բուժման ժամկետը 1 ամիս է։

– Քերիչով անցկացրած բազուկին ավելացնել կիսով չափ ջուր, 5-6 օր պահել սառնարանում։ Վրան ավելացնել մեղր (2 թեյի գդալ՝ 100 գրամին), եւս 3 օր պահել սառնարանում։ Օգտագործել մեկական դեսերտային գդալ, օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ՝ ավելացնելով 2-3 կտոր կիտրոն։