Ֆուտբոլ
Հավաքականը պարտվեց, կեցցե՛ հավաքականը
Նման վերնագիրն առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, սակայն չշտապենք ամեն ինչ չափել սեւուսպիտակի տարբերակով: Նախ, որ պարտվեցինք Եվրոպայում ոչ ամենաուժեղ` Վրաստանի հավաքականին, անշուշտ, արդյունքի առումով չի կարող դիտվել որպես դրական փաստ: Բայց, Կիպրոսում լուծվելիք խնդիրը, վստահ եմ, այլ հարթության մեջ էր ձեւակերպված, այն է ձմեռային դադարից հետո հասկանալ հավաքականի անդամների մարզավիճակի մակարդակը, ստուգել խաղային օղակների փոխգործակցության ամրության պաշարը, եւ վերջապես, հավաքականի մի քանի առաջատարների բացակայության պայմաններում փորձարկել թիմի մոտակա ռեզերվը: Եվ ասեմ, չնայած բացասական արդյունքին՝ խաղի բովանդակությունը հուսադրեց: Վրաստանի հավաքականն, այնուամենայնիվ, եթե ամենաուժեղներից չէ, Անդորրայի կարգի էլ չէ, նրանց դեմ, թեկուզ ընկերական խաղում, անհնար է խաղալ թեթեւ մարզումային ռեժիմով: Սակայն, ամեն ինչ՝ հերթով: Նախ, առաջին խաղակեսում մեր պաշտպանության օղակի անհամաձայնեցված գործողությունները հանգեցրին երկու ոչ պարտադիր գոլերի, ինչը եւ բերեց ընդհանուր բացասական արդյունքի: Միանգամայն ճիշտ էր հավաքականի մարզիչը, երբ Կիպրոս մեկնելուց առաջ մեր թերթին տված հարցազրույցում նշում էր, որ դարպասապահի դիրքում Բերեզովսկին արժանի փոխարինող առայժմ չունի: Ռոմանը երկու դեպքից մեկում հաստատ կփրկեր վիճակը: Եվ այնուամենայնիվ, չնայած արդյունքին, խաղի ընդհանուր պատկերն ամբողջական էր, զգացվում էր ձեռագիր: Չեմ կարող ասել` ի՞նչ տեղի ունեցավ ընդմիջմանը, բայց, որ Վարդան Մինասյանը կարողացավ կտրուկ ուժեղացնել խաղը, ակնհայտ էր: Երկրորդ խաղակեսը գրեթե ամբողջությամբ մերն էր: Եվ խաղը սկսեց հիշեցնել 2010-ի աշունը: Կտրուկ ավելացավ Հենրիխ Մխիթարյանի օգտակար գործողության գործակիցը, ակտիվացան կենտրոնական գոտին եւ հարձակումը, իսկ համատարած պրեսինգը վրացիներին ստիպեց երկար ժամանակով հրաժարվել ակտիվ գործողություններից: Արդյունքում՝ մեկ պատասխան գնդակ խփվեց, երկրորդը կարող էր խփվել: Պակասեց հաճախ կատարողական վարպետությունը, առանձին դեպքերում` հաջողությունը: Հաշվի առնելով տարվա ժամանակաշրջանը եւ խաղացողների մարզավիճակների տարբերությունը՝ հարկ է խոստովանել. անցյալ տարի ձեւավորված խաղաոճի նվազագույն կորուստներ էր կրել: Եվ սա՝ այն դեպքում, երբ թիմի կազմում չկային հիմնական խաղացողներից դարպասապահ Բերեզովսկին, պաշտպաններ Կառլեն Մկրտչյանն ու Ռոբերտ Արզումանյանը, հարձակվող Յուրա Մովսիսյանը: Կարճ ասած` Վարդան Մինասյանը ցուցադրեց, որ լիովին տիրապետում է իրավիճակին եւ շատ փոքր ժամանակահատվածում անցում է կատարում երիտասարդ խոստումնալիցի կարգավիճակից հմուտ մասնագետի կարգավիճակին, եւ, այս առումով, մարտի 26-ից շաբաթներ առաջ, մեր հավաքականի գործերը բավականաչափ հուսադրող են:
Կիպրոս, Լիմասոլ, 9 փետրվար
Հայաստան-Վրաստան՝ 1:2
Գոլերը` Իաշվիլի 22(Վ), Սիրաձե 34(Վ), Մանուչարյան 63 (Հ. 11մ)
Մեր մրցակիցների գործերից
Նույն օրը կայացած մի քանի այլ ընկերական հանդիպումներին մասնակցեցին Եվրո-2012-ի մեր ընտրական խմբի մրցակիցները: Հատկապես վերջին օրերի աղմուկի ֆոնին մեզ առավել հետաքրքրում էր մեր մոտակա մրցակցի` Ռուսաստանի հավաքականի խաղը Իրանի դեմ, որը կայացավ Աբու Դաբիում: Ռուսները, քիչ է ասել, պարտվեցին: Նրանք, ըստ էության, ոչինչ չկարողացան պարտադրել իրանցիներին ոչ տակտիկական, եւ ոչ խաղային առումներով: 2008-ին մի պահ փայլատակած սերունդը կարծես թե ապրում է հին օրերի հուշերով, իսկ նոր խաղացողներ, որ կկարողանային թարմություն մտցնել հավաքականում, Ռուսաստանում կարծես թե չեն հայտնվում: Համենայն դեպս, Դիկ Ադվոկատը նախընտրում է աշխատել փորձառու եւ իրեն լավ ծանոթ խաղացողների հետ: Իսկ իրանցիները, կարծում եմ, մեզ հուշեցին ռուսների դեմ հաջող խաղալու ոչ ամենավատ տարբերակը:
ԱՄԷ, Աբու Դաբի, 9 փետրվար
Իրան-Ռուսաստան՝ 1:0
Գոլը` Խոլաթբարի 90(Ի)
Շարունակում են զարմացնել սլովակները, նրանք պարտություն կրեցին Լյուքսեմբուրգի հավաքականից 1:2 հաշվով: Սա ամենաիսկական սենսացիա է, քանի որ Լյուքսեմբուրգի կարգի հավաքականներին սլովակները պետք է հաղթեին նույնիսկ երկրորդ կազմով: Ամեն դեպքում, լյուքսեմբուրգյան ֆուտբոլի պատմությունում ոսկե էջ ավելացավ: Պարտվեցին նաեւ անդորրացիները նույնպիսի` 1:2 հաշվով, սակայն այս դեպքում ամեն ինչ օրինաչափ էր, հաղթող կողմը Մոլդովայի հավաքականն էր: Վերջապես, մեր մեկ այլ մրցակիցը, Մակեդոնիայի ընտրանին սեփական հարկի տակ պարտություն կրեց Կամերունի ուժեղ թիմից 0:1 հաշվով: Եվ ստացվեց, որ Եվրո-2012-ի մեր ընտրական խմբի` ընկերական խաղերին մասնակցած բոլոր թիմերը պարտություններ կրեցին նվազագույն հաշիվներով: Մարզիչների համար մտորելու նյութ` ինչքան ուզես: