Մերձիշխանական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների համաձայն, երկուշաբթի օրը տեղի ունեցած կոալիցիայի նիստում (որի մասին այդպես էլ որեւէ պաշտոնական հաղորդում չեղավ) ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարության տեքստ է ներկայացրել ԲՀԿ ղեկավար Գ. Ծառուկյանին եւ առաջարկել է այն ստորագրել: Ըստ այդ հայտարարության, նախ ԲՀԿ-ն պետք է հայտարարի, թե 2013թ. նախագահական ընտրություններում պաշտպանելու է Ս. Սարգսյանի թեկնածությունը, իսկ 2012թ. խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի հետ մասնակցելու է միասնական ցուցակով: Ըստ նույն աղբյուրների, նշված հայտարարությունից հրաժարվելու դեպքում ԲՀԿ-ն պետք է դուրս գա կոալիցիայից: Գ. Ծառուկյանին հաջողվել է հայտարարության պատասխանը հետաձգել մինչեւ ուրբաթ, այսինքն` վաղը: Երեկ ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցությունների պատգամավորները խուսափել են այս թեմայի շուրջ որեւէ մեկնաբանությունից: Հիշեցնենք, որ տարբեր հրապարակումների համաձայն՝ անցած օրերին Գ. Ծառուկյանը գտնվել է Մոսկվայում, որտեղից վերադարձել է երեկ երեկոյան: Շաբաթվա սկզբին Մոսկվայում է եղել նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Որոշ տեղեկությունների համաձայն, վերջինս հանդիպել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Այսինքն` չի բացառվում, որ Ս. Սարգսյանի ներկայացրած հայտարարությունը ստորագրելու կամ մերժելու հարցը որոշվելու է հենց Մոսկվայում: Նախօրեին էլ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հեռախոսազրույց է ունեցել Ս. Սարգսյանը: Նշենք, որ երեկ տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում եւս քննարկվող հիմնական հարցը վերաբերել է ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններին: Մինչ ուշ երեկո տեւած այդ նիստի մասին մանրամասներ չեն հրապարակվել: ՀՀԿ-ականները եւս սպասում են…: