Կթանկանա նաեւ մետրոն

10/02/2011

Երեկ ԱԺ-ում 2010թ. օգոստոսի 10-ին Երեւանում ստորագրված ՀՀ-ի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցում-առաջին փուլ» ֆինանսական պայմանագրի քննարկումների ժամանակ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը չի բացառել, որ վերակառուցումից հետո, առաջիկա 2-3 տարիներին մետրոյի սակագինը կարող է կրկնակի թանկանալ` դառնալով 100 դրամ: Ըստ Արամյանի, մետրոպոլիտենն այսօր չի կարողանում 50 դրամ սակագնով ծածկել իր ծախսերը: «Այդ պահանջը դրված է, որ որոշակի գնի բարձրացում պետք է լինի առաջիկա 2-3 տարիների ընթացքում` մոտ 100 տոկոսով, այսինքն` 100 դրամ դառնա»,- ասել է Արամյանը: «Սա հերթական գումարներ լվանալու մեխանիզմն է պարունակում որոշ պաշտոնյաների համար»,- քննարկումների ժամանակ հայատարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` ընդգծելով, որ կասկածանքով է վերաբերվում Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրին: Նշենք, որ Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման համար նախատեսվում է ծախսել 15 մլն եվրո, որից 5-ական մլն եվրո կտրամադրեն Եվրոպական ներդրումային բանկը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, մնացած մասը կկազմեն եվրոպական համայնքներից ստացված գրանտային միջոցները: