«Այն, ինչ ասում է Ռոբերտ Քոչարյանը, ես կարծում եմ, բացարձակ ճշմարտություն է: ՀՀԿ ամբողջ ցուցակը, իսկապես, կազմվել է եթե ոչ անպայման Ռոբերտ Քոչարյանի ձեռքով, ապա իր համաձայնությամբ»,- երեկ կայացած ասուլիսում ասել է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Հակոբյանը: Ըստ նրա, դա պարզ ճշմարտություն է, եւ զարմանալի է, որ այդ հայտարարությունը նման մեծ հակազդեցության է արժանացել: «Երբեք Հայաստանն այսքան ոչ պառլամենտական, մաֆիոզ, կոռումպացված, ցածր ինտելեկտով Ազգային ժողով չի ունեցել, ինչպիսին այսօր է»,- հայտարարել է Հակոբյանը` ավելացնելով, որ այսօրվա խորհրդարանի մեղքով է նաեւ այսօր Հայաստանը հայտնվել վատ իրավիճակում: «Ի դեպ, ասեմ, եթե ոչ ամբողջությամբ, Ռոբերտ Քոչարյանը նաեւ մասնակի մասնակցություն է ունեցել, իմ կարծիքով, նաեւ «Բարգավաճի» համամասնական ցուցակների ձեւավորմանը»,- ասել է նախկին դաշնակցականը: Նա, ի դեպ, չի բացառել, որ ՀՀԿ-ԲՀԿ հակասությունների պատճառով կարող է տեղի ունենալ «առնետավազք»: «Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի ներքաղաքական դաշտում, կարող է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ միանգամից եւ արտահերթ ընտրությունների հարց լինի, եւ նաեւ կասկածի տակ հայտնվի անգամ իշխող ուժերի հայտնվելն առաջիկա խորհրդարանում»,- հայտարարել է նա: Հակոբյանն անդրադարձել է նաեւ այն հարցին, թե ինչու Հայաստանում չաշխատեց ռուսական մոդելը, այսինքն` ինչու Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց հետո Ռոբերտ Քոչարյանը չդարձավ վարչապետ: Ըստ նրա՝ դա տեղի չունեցավ երկու հիմնական պատճառներով. Վլադիմիր Պուտինն անառարկելի հեղինակություն ունի ռուսական իշխանական էլիտայում, եւ Ռուսաստանը չունեցավ «Մարտի 1»: «Մարտի 1-ն այն հիմնական ստորագրությունն է, որն ըստ էության դրվեց Ռոբերտ Քոչարյանի` իշխանությունը հանձնելուց հետո, որը խարան դարձավ մեր ազգի ճակատագրի համար»,- հայտարարել է «Ժառանգության» ներկայացուցիչը: