Կռունկը շրջվել է

10/02/2011

Երեկ Երեւանի Բուզանդի փողոցի 89 շենքի բակում («Ագենտստվոյի» շենքի մոտ) ժամը 16:20-ի սահմաններում տեղի է ունեցել դժբախտ պատահար: MLL Industries շինարարական կազմակերպությանը պատկանող 8 տոննա կշիռ ունեցող վերամբարձ կռունկը շրջվել է, որի հետեւանքով 65-ամյա կռունկավար Վոլոդյա Կարապետյանը մահացել է, եւս մեկ մարդ ստացել է մարմնական վնասվածքներ: Վայր ընկած կռունկը վնասել է նաեւ 3 ավտոմեքենա: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ոստիկանության, արտակարգ իրավիճակների նախարարության եւ փրկարար ծառայության աշխատակիցները: Դեպքի վայրում հավաքված էին նաեւ հարակից շենքերի բնակիչներն ու շինարարները: Վերջիններս մեզ հետ զրույցի ժամանակ խուսափեցին ներկայանալ՝ որպես տվյալ շինարարության մասնակիցներ եւ դեպքի ականատեսներ: Նրանք նշեցին, որ իբր հարեւան շենքի բնակիչներ են եւ «հասարակ» անցորդներ: Ըստ նրանց՝ վերամբարձ կռունկը վայր է ընկել ոչ թե անսարքության, այլ կռունկավարի` սրտամկանի ինֆարկտ ունենալու պատճառով: Նրանք զարմանալիորեն վախեցած ու զգույշ էին խոսում: «Սաղ փախել են: Բրիգադիր, բանվոր չես կարա գտնես»,- ասացին հարեւան շենքի բնակիչները, ովքեր հավաքվել էին դեպքի վայրում: Շինարարության նախագծի հեղինակը եւս խուսափեց մեր հարցերից՝ նշելով, որ ինքը կապ չունի այդ ամենի հետ: Վերջինս անգամ չներկայացավ: Ըստ բնակիչների՝ շինարարությունն իրականացնում է «Ռենշին» շինարարական ներդրումային ընկերությունը: Դեպքի վայրում հավաքված մարդիկ խոսում էին, որ կռունկը վայր է ընկել «ռելսերի» անսարքության պատճառով: «Էն ներքեւի ռելսը չի պահել, ջարդվել է, իսկ կռունկավարն ի՞նչ աներ, չէր կարա ուղղակի պահել: Դե, դրա համար էլ կռունկը մի կողմի վրա թեքվել-ընկել ա,- ասաց հավաքված տղամարդկանցից մեկը՝ ավելացնելով,- Իսկ որ ասում են՝ իբր կռանավշչիկը, ինֆարկտ ա տվել, դրա համար ա մահացել, սխալ ա: Տենց են ասում, որ կուժն ու կուլան չթափեն խեղճ մարդկանց գլխին: Դուք չեք տեսնում, որ կռանի մի ռելսը ջարդած ա, ու սաղ մարդիկ, որ գալիս են, հենց էդ ռելսին են նայում-գնում»: Ի դեպ, նշենք, որ ըստ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի՝ 2010թ. մարտի 9-ին կատարվել է վերոնշյալ կռունկի փորձաքննությունը եւ տրվել է թերությունների վերացման միջոցառումների ծրագիր: Ըստ այդ փորձաքննության՝ կռունկն արգելակման համակարգում ունեցել է թերություն, ինչը, սակայն, չէր վերացվել: Երեկ փորձեցինք որոշ մանրամասներ ճշտել «Ռենշին» ընկերությունից, սակայն հեռախոսազանգին այդպես էլ պատասխանող չեղավ: