«Մենք տարին ավարտելու ենք մոտավորապես 2.4 տոկոս տնտեսական աճով: Երբ 2010թ. բյուջեն հաստատվում էր Ազգային ժողովի կողմից, մենք կանխատեսում էինք 1.2 տոկոս տնտեսական աճ: Այսինքն` տնտեսական աճի ցուցանիշը գերազանցեց մեր ծրագրած ցուցանիշը, բայց կառուցվածքային առումով տեղի ունեցան լրջագույն փոփոխություններ»:
Այս տարվա հունվարի 22-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 18-րդ նիստում այս խոսքերով է ներկայացրել նախորդ տարվա ձեռքբերումները։ Ինչպես տեսնում եք՝ վարչապետն անցած տարին նկարագրել է բավականին դրական երանգներով։ Նշել է, որ տնտեսության կառուցվածքում տեղի են ունենում փոփոխություններ. նվազում է շինարարության տեսակարար կշիռը ՀՆԱ կառուցվածքում: Այն այս պահի դրությամբ կազմում է 15 տոկոս` 25-ի փոխարեն: Կարեւորել է «արտահանման ծավալի առաջանցիկ տեմպերով բարելավումը»՝ ասելով. «Մենք ունենք 40 տոկոս՝ արտահանման, շուրջ 15 տոկոս` ներմուծման աճ: Այսինքն` այդ տեսակետից էլ առեւտրային հաշվեկշռի միտումները բարելավվել են, ինչպես նաեւ վճարային հաշվեկշռի առումով ունեցել ենք դրական միտումներ»: Վարչապետը խոսել է նաեւ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքների, հակաճգնաժամային ծրագրի, ճանապարհաշինարարության ու ոռոգման համակարգում կատարած ներդրումների մասին։ Ինչպես նաեւ՝ հատուկ ուշադրության է արժանացրել «տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում տրված հարկային արտոնությունները»։ «Կառավարության որոշումներով 12 ձեռնարկության տրվել է հարկային արտոնություն` ավելացված արժեքի հարկի վերադարձը հետաձգելով: Դրանք ծրագրեր են, որոնք ամբողջական ծավալով իրականացվելու են 2011թ. ընթացքում եւ խթանելու են ՀՆԱ-ի աճը արդյունաբերության ոլորտում: Խոսքը նորաստեղծ ընկերությունների մասին է, որոնք արդյունաբերությունում մեծածավալ ներդրումներ են կատարում»:
Ինչո՞ւ որոշեցինք վերհիշել այս ամենը։ Պարզապես երեկ «ՀցրրՍՌռ ՀպտՏՐՑպՐ» կայքը, որը հրապարակում է «Wikileaks»-ի նյութերը, զետեղել էր Հայաստանի մասին լրատվության հերթական չափաբաժինը, որի ֆոնին վարչապետի գերլավատեսական ելույթը շատ հետաքրքիր է դիտվում։
Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը 2008թ. ապրիլին «գաղտնի» մակագրությամբ հեռագիր է ուղարկել Վաշինգտոն, որտեղ խոսել է Հայաստանի սոցիալ-տնտեսական, քաղաքական վիճակի եւ էմիգրացիայի աճող տեմպերի մասին։ «Անգամ միջին խավի հաջողակ ներկայացուցիչներն են ասել, որ այլեւս հույսեր չեն կապում Հայաստանի ապագայի հետ եւ չեն հավատում, որ երկիրը կարող է դառնալ կայուն ու բարգավաճ»,- նշված է հաղորդագրությունում։
2008 թվականին հաջորդեց 2009-ը՝ ճգնաժամը, իսկ 2010 թվականը իր հերթին 2009-ից շատ չէր տարբերվում։ Այնպես որ, հաղորդագրության մեջ նկարագրված վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլեւ՝ կարելի է ասել, ավելի է վատթարացել։ Եվ որ ամենակարեւորն է՝ սա, այսպես ասած, կողքի հայացք է՝ ամերիկացու աչքերով։
Իսկ որ ԱՄՆ-ից շատ երեւույթներ ավելի լավ են երեւում՝ դա ակնհայտ է։ Իր հաղորդագրության մեջ Փենինգթոնը բերել է կոնկրետ օրինակներ միջին խավի ներկայացուցիչների կյանքից։ Ինչո՞ւ է ամերիկացու համար իրավիճակն անսովոր, մանավանդ տնտեսական կյանքի տեսանկյունից, եթե մեր կառավարությունը անդադար խոսում է բարեփոխումների, փոքր եւ միջին բիզնեսին օգնելու մասին։
ԱՄՆ-ում էլ բոլորը գիտեն, որ կառավարության միակ խնդիրը բիզնեսին օգնելն է, չնայած այնտեղ այդ մասին գրեթե չեն խոսում։ Փոխարենը գործում են այնպիսի մեխանիզմներ, որ մասնավոր, ու մանավանդ՝ փոքր բիզնեսն աճի։ Օրինակ՝ վարձու աշխատողն ավելի շատ հարկեր է վճարում, քան անհատ ձեռնարկատերը։ Դա արվում է նրա համար, որ մարդը շահագրգռված լինի ռիսկի գնալ, սեփական գործ սկսել։ Թեկուզ ձախողվի։ ԱՄՆ-ում ձախողումը ողբերգություն չեն համարում, այլ՝ արժեքավոր փորձ։
Ընդ որում, սա միայն մենթալիտետի հարց չէ։ Մենք էլ ասացվածք ունենք՝ փորձը փորձանք չէ։ Սակայն մեզանում իրականությունն է այդպիսին, որ ձախողում ունեցած մարդու առաջ փակվում են բոլոր դռները։ Նախ՝ նորաստեղծ բիզնեսմենին պետությունը դեկլարատիվ հայտարարություններից բացի՝ ոչնչով չի օգնում։ Երկրորդ՝ գործունեության երկրորդ օրվանից բիզնեսմենը բախվում է պետական ապարատի փորձություններին՝ հարկեր, վճարներ, տուրքեր։ Եվ վերջապես՝ քաղաքացին չի էլ կարողանում փակել չհաջողված բիզնեսը. լուծարվելու գործընթացն այնքան դժվարին է, որ մարդ կեսից հուսահատվում է։ Բացի այդ, մեկ անգամ անհաջող բիզնես սկսած մարդու համար գրեթե անհնար է բանկից վարկ ստանալը, եթե նա որոշ ժամանակ անց նոր գաղափարներ ունենա ու որոշի կյանքի կոչել։ Բանկերը վստահում են միայն հաջողակներին, իսկ սկսնակներն ու առավելեւս՝ մեկ անգամ անհաջողության մատնվածները հայտնվում են սեւ ցուցակում եւ պետք է հույսները դնեն միայն իրենք իրենց վրա։
Այս խնդրի հետ անմիջականորեն կապված է մեկ այլ բնագավառ` բարձր տեխնոլոգիաների ոլորտը։ Սրա մասին մենք շատ ենք սիրում խոսել։ Ավելին՝ տարբեր հայեցակարգեր ենք մշակում, ծրագրեր, ցանկանում ենք սեփական Սիլիկոնային հովիտը կառուցել՝ Գյումրիում։ Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում ասում էր Կալիֆոռնիայի Բիզնեսի խորհրդի ներկայացուցիչը, կարեւորը ոչ թե շենքերը սարքելն է, այլ՝ մթնոլորտը։ Պետք է վենչուրային կապիտալ լինի, որը կֆինանսավորի համարձակ գաղափարները։ Իսկ մեզանում, եթե անգամ «ոչ համարձակ» գաղափարներին են կասկածամտությամբ նայում, ինչպե՞ս կարելի է սպասել, որ փող կհատկացվի ապագային միտված նախագծերին։
Եվս մի կարեւոր հանգամանք. ամերիկացիներին մակրոտնտեսական ցուցանիշներն ու կանխատեսումները ամենեւին չեն հետաքրքրում։ Նրանց հետաքրքրում է միայն այն, ինչ վերաբերում է իրենց, իրենց գրպանին։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Standard & Poorգs հեղինակավոր վարկանիշային կազմակերպության տնտեսագետներից մեկը, մարդիկ ավելի շատ հավատում են իրենց աչքի տեսածին։ Կառավարությունը կոչ-հորդորներով հանդես չի գալիս, չի մեղադրում խուճապային տրամադրություններ ստեղծելու համար։ Որովհետեւ այստեղ գիտակցում են մի պարզ ճշմարտություն՝ սպառողն ավելի շատ փող է ծախսում եւ աշխուժացնում տնտեսությունը այն ժամանակ, երբ չի վախենում աշխատանքը կորցնել։
Այստեղ չեն պարծենում, պարզապես ամեն մեկն իր գործն է անում։ Արդյունքում՝ ստեղծվում է մի այնպիսի անխափան աշխատող համակարգ, որ դեպի իրեն է ձգում աշխարհի կապիտալն ու աշխատուժը։ Այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներին։ Իսկ մենք միամտաբար կարծում էինք, որ «Հայաստանը կայուն նավահանգիստ է ճգնաժամի փոթորկոտ ծովում», եւ որ աշխարհի մեծահարուստները, անկայունությունից վախենալով, իրենց ֆինանսները ուղղելու են մեր՝ աշխարհից կտրված, բայց կայուն ֆինանսական համակարգն ու շենացնեն մեր երկիրը։
Ի դեպ, շատ հեղինակավոր կազմակերպություններից մեկի փորձագետից հարցրինք՝ տեսականորեն հնարավո՞ր է մի այնպիսի իրավիճակ, որ ճգնաժամը ոչ միայն շրջանցեր Հայաստանի նման երկրին, այլեւ մենք շահեինք ճգնաժամից։ Պատասխանը հետեւյալն էր. «Ճգնաժամից չէին տուժի միայն այն երկրները, որոնք կախված չէին արտաքին կապիտալից»։ Իսկ ինչ վերաբերում է «փոթորկոտ ծովում կղզյակ դառնալու» տեսական հնարավորությանը, նա ի պատասխան՝ ներողամիտ ժպտաց եւ շատ կարճ պատասխանեց. «Նման բան հնարավոր չէ»։ Ընդ որում, չի բացառվում, որ մտածեց, թե Հայաստանի տնտեսական լրագրողները ի՜նչ ռոմանտիկ երազանքներով են ապրում։ Մենք, բնականաբար, չասացինք, որ ռոմանտիզմը մեր տնտեսական քաղաքականության հիմքն է։
Պարզապես, որոշ չափով ծանոթանալով այդ երկրի հետ, հասկանում ես՝ մեր երկրի օրենսդրությունը ոչնչով չի զիջում ամերիկյանին, մեր մարդիկ՝ մտավոր ունակություններով, աշխատասիրությամբ, չեն զիջում ամերիկացիներին։ Սակայն դրանից պատկերն ավելի տխուր է դառնում, քանի որ հասկանում ես՝ նորմալ երկիր կառուցելու համար ընդամենը ցանկություն է պետք, որը չկա։ Դրա համար էլ 2008-ի սկզբին դեռ փայլուն տնտեսական աճի ցուցանիշներ ունեինք, սակայն Փենինգթոնը վիճակը ներկայացրել էր գրեթե ողբերգական գույներով։
ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ