Եգիպտոսում ճգնաժամի հաղթահարման համար ԱՄՆ-ը այդ երկրի իշխանություններին 4 քայլից բաղկացած լուծում է առաջարկել: Այդ մասին Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանի հետ հեռախոսազրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը: Պաշտոնական Վաշինգտոնն առաջարկում է սահմանափակել Ներքին գործերի նախարարության լիազորությունները, անհապաղ դադարեցնել ընդդիմադիր ակտիվիստների ու լրագրողների ձերբակալությունները, հետապնդումներն ու բռնությունները նրանց նկատմամբ, անհապաղ փոխել արտակարգ իրավիճակի մասին օրենքը, շարունակել ընդդիմության հետ երկխոսությունը եւ կազմել դեպի ժողովրդավարություն անցման հստակ ժամանակացույց: Միաժամանակ Օմար Սուլեյմանը զգուշացրել է նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը պահանջողներին, որ իշխանությունները չեն կարող երկար հանդուրժել բողոքի ցույցերը, եւ, որ դրանք պետք է դադարեցվեն: Սուլեյմանն ասել է նաեւ, որ ռեժիմի փոփոխություն չի լինի, եւ Մուբարաքն էլ մինչ սեպտեմբերյան ընտրություններ հրաժարական չի տա: Հիշեցնենք, որ Եգիպտոսի փոխնախագահը արդեն մի քանի օր բանակցում է ընդդիմադիր որոշ խմբերի, այդ թվում` «Մահմեդական եղբայրության» հետ, սակայն, ինչպես հայտարարում են ընդդիմության ներկայացուցիչները, բանակցություններում առաջընթաց գրեթե չի արձանագրվել: Մյուս կողմից՝ «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդ Էսամ ալ Էրիանը հայտարարել է, թե Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը եւ նրա շրջապատը մեկ շաբաթ ժամանակ ունեն լիազորությունները վայր դնելու համար: