Երեկ «Wikileaks»-ի ռուսաստանյան գործընկեր «ՀցրրՍՌռ ՀպտՏՐՑպՐ» կայքը հրապարակել է Հայաստանին վերաբերող նյութերի հերթական դրվագը. Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի կողմից 2008թ. Վաշինգտոն ուղարկված հաղորդագրությունը:
«Գաղտնի» մակագրությամբ հեռագրում ամերիկյան դիվանագետն անդրադառնում է Հայաստանի սոցիալ-տնտեսական, քաղաքական վիճակին եւ արտագաղթի աճող տեմպերին: Փենինգթոնի` Վաշինգտոն ուղարկված հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Հայաստանի այն բնակիչների համար, ովքեր վաղուց էին մտադրվել արտագաղթել՝ ավելի լավ ճակատագրի փնտրտուքներով, ներկայիս քաղաքական ճգնաժամը խթան դարձավ, ինչը ստիպեց գործնականում իրականացնել այդ մտադրությունը։ Մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգական անկարգություններից հետո եւ դեռեւս պահպանվող լարված իրավիճակում մոտ 20 հոգի դիմել են դեսպանատուն՝ ապաստան հայցելով։ Մեր ուշադրության կենտրոնում է նաեւ Հայաստանի միջին խավի այն ներկայացուցիչների աճող թիվը, ովքեր ցանկանում են արտագաղթել։ Դրանց թվում է նաեւ դեսպանատան առաքման բաժնի աշխատակիցներից մեկը, ով ԱՄՆ կառավարության համար 12 տարի աշխատելուց հետո անսպասելի աշխատանքից ազատվեց՝ Չեխիա արտագաղթելու համար։ Միջին խավի հաջողակ ներկայացուցիչները մեզ պատմել են, որ ճգնաժամը վճռորոշ դեր խաղաց` իրենց ստիպելով վերջնական որոշում կայացնել արտագաղթելու հարցում եւ վերջնականապես կործանելով հույսերը, թե Հայաստանը մի օր կայուն եւ ծաղկող երկիր կդառնա։ Շատերն ասում են, որ ճգնաժամի առաջացրած քաղաքական անկայունությունը իրենց անհանգստացնող գործոնների երկար ցուցակին (որի մեջ մտնում է տնտեսական անորոշությունը, վատթարացող իրավիճակը, որի պայմաններում պետք է երեխաներ մեծացնեն) եւս մի կետ է ավելացրել։ Ոմանք էլ ասում են, որ շարունակվում է հասարակության բարոյահոգեբանական դեգրադացիան, եւ օրենքին չենթարկվող վերնախավի հարուստ ներկայացուցիչները՝ իրենց լավ կապերով, կոպտորեն խախտում են Հայաստանի շարքային քաղաքացիների իրավունքները։ Այս մտահոգություններից բացի, մենք լսել ենք նաեւ հիասթափված պետական ծառայողների մտահոգությունները, ովքեր ցանկանում են արտագաղթել երկրից։
Մենք միշտ մտածել ենք արտագաղթելու մասին
Հրաչյա Հարությունյանը, ով 12 տարի աշխատել է դեսպանատանը՝ որպես առաքիչ, ապրիլի 22-ին դեսպանատան աշխատակցին պատմել է, որ վաղուց էր մտածում արտագաղթելու մասին, սակայն միայն այժմ է վերջնական որոշում կայացրել։ Հակոբյանը, ով միջին տարիքի մարդ է, ապրիլի 17-ին անսպասելի ազատվեց աշխատանքից եւ 28-ին մեկնեց Չեխիա՝ թողնելով լավ վարձատրվող աշխատանքը, գործազուրկ կնոջն ու երկու անչափահաս երեխաներին։ Հակոբյանը Պրահայում աշխատանքի ոչ մի կոնկրետ առաջարկ չուներ, սակայն հույս ուներ առաքողի աշխատանք գտնել որեւէ արեւմտյան ֆիրմայում։
40-ամյա հաջողակ շինարար եւ հիդրոէլեկտրակայանների նախագծող Ռուբեն Ալեքսանյանը դեսպանատան աշխատակցին պատմել է, որ նույնպես կանգնած է Պրահա արտագաղթելու վերջնական որոշման շեմին՝ կնոջ, հինգամյա որդու, երկու եղբայրների եւ նրանց ընտանիքների հետ։
50-ամյա դիվանագետ Կարինե Աֆրիկյանն աշխատանքից ազատվել է փետրվարի վերջին, որպեսզի մի շարք այլ դիվանագետների հետ հրապարակի նախագահական ընտրությունները քննադատող հայտարարություն։ Ասում է, որ անկախության ձեռքբերումից հետո ողջ ընթացքում փորձել է իր լուման ներդնել երկրի զարգացման գործում, սակայն կորցրել է բոլոր հույսերն ու պատրաստվում է արտագաղթել:
Հիմա մենք վերջապես պատրաստ ենք դա անել
Ինչպես նմանատիպ իրավիճակում հայտնված շատ այլ անձինք, Հակոբյանն ասել է, որ արտագաղթելու որոշման վրա շատ գործոններ են ազդել, սակայն հետընտրական ճգնաժամի արդյունքում առաջացած քաղաքական անկայունությունը դարձավ այն վճռորոշ պատճառը, որ նա կորցնի երկրի վերականգնման հետ կապված բոլոր հույսերը։ Չլինելով Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակից՝ Հակոբյանը սուր քննադատության էր ենթարկում նախկին նախագահին՝ հիմնվելով իր հոր կարծիքի վրա, ով ժամանակին սերտորեն համագործակցել է ԼՏՊ-ի հետ Մատենադարանում աշխատելու տարիներին։ Հակոբյանը մարտի մեկին տեղի ունեցած արյունալի բախումների մեջ մեղադրում էր երկու կողմերին։ Նա հայտարարում էր, որ հասարակության մեջ շարունակվող անորոշությունը հույս չի թողնում, թե գործող որեւէ քաղաքական գործիչ կարող է կամ ցանկանում է շտկել դրությունը։
Ալեքսանյանը, ով քվեարկել է Սերժ Սարգսյանի օգտին, ասել է, որ ահագնացող տնտեսական անորոշությունը ստիպել է իրեն եւ իր գործընկերներին (եղբայրներին) դիվերսիֆիկացնել իրենց շինարարական բիզնեսն ու տեղափոխել Հայաստանի սահմաններից դուրս։ Ալեքսանյանն ասել է, որ Հայաստանում գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում բիզնես վարելը` ձեռքերը լայնորեն տարածել է՝ ցույց տալու համար, թե իրեն որքան լիցենզիա է հարկավոր եղել ստանալ՝ Հայաստանի հարավում ոչ մեծ հիդրոէլեկտրակայան կառուցելու համար։ «Ոչ ոք երբեք չգիտի, թե որքան նոր օրենքներ կընդունվեն»,- ասել է նա։ Հենց այդ գործոնն է փլուզում նրա բիզնես պլանները։ Ալեքսանյանը հիասթափված էր նաեւ իր ռուս գործընկերներից, որոնց հետ նախորդ տարի համատեղ ներդրումներ էր կատարել Երեւանի կոմերցիոն անշարժ գույքի ոլորտում, եւ ովքեր որոշել էին դադարեցնել շինարարությունը՝ քաղաքական ճգնաժամի պատճառով։
Ալեքսանյանի գործընկերը նույնպես մեկ ամիս առաջ մեկնել է Կանադա՝ իր հետ տանելով կնոջն ու երեխաներին։ Նրա եղբայրներից մեկն անցյալ տարի արտագաղթել է Պրահա, իսկ ինքը՝ Ալեքսանյանը, վերջին 18 ամիսների ընթացքում 4 անգամ եղել է Չեխիայի մայրաքաղաքում՝ անշարժ գույքի բիզնեսի հեռանկարները գնահատելու նպատակով։ Նա ասել է՝ Պրահայում գնելու համար հարմար անշարժ գույք գտնելուն պես, կվերցնի կնոջն ու երեխաներին եւ նոր կյանք կսկսի Պրահայում։
Մեզ միշտ ասել են, որ ամեն ինչ կփոխվի դեպի լավը
Ալեքսանյանն ու Հակոբյանն իրենց իսկական հայրենասեր են համարում եւ ասում են, որ չեն լինի «այն հայերից», ովքեր արտագաղթելուց հետո երբեք հայրենիք չեն վերադառնում։ Սակայն երկուսն էլ բարձրաձայն մտահոգություններ են հայտնում ներկայիս ավտորիտար Հայաստանում իրենց որդիների դաստիարակության առնչությամբ, որտեղ կրթական համակարգն ամբողջությամբ փլուզվել է, որտեղ պատիվը գործնականում որեւէ արժեք չունի, իսկ կարիերայի աճի հնարավորությունները սահմանափակված են միայն կլանային կապերով։ Ալեքսանյանը հույս ունի, որ իր որդին չի հանդիպի նույն դժվարին ժամանակներին, որոնցում ինքը սեփական կարիերան է ստեղծել։ Նա նորից ու նորից շեշտում էր, որ երեխաների փայլուն ապագայի մասին խոստումները, որ սկզբում տալիս էին խորհրդային իշխանությունները, հետո՝ Հայաստանի, այդպես էլ չիրականացան։ «Ես ուզում եմ, որ իմ ընտանիքը հիմա՛ ապրի,- ասում է Ալեքսանյանը,- Ես չեմ ուզում կրկնել իմ մոր ճակատագիրը, ում երազանքները՝ կապված իրենց երեխաների լավ կյանքի հետ, այդպես էլ իրականություն չդարձան»։
Բարոյական անկումը եւ երեխաների ապագան
Հակոբյանն ասել է, որ կայուն աշխատանք գտնելուն պես պատրաստվում է վերադառնալ կնոջ եւ երեխաների հետեւից։ Անվերջանալի թվացող քաղաքական ճգնաժամի հետեւանքներից բացի, նա մտահոգված էր նաեւ իր անչափահաս երեխաների բարոյահոգեբանական առողջությամբ, «երբ նրանք տեսնում են, որ միայն ուժն է ճիշտ» ժամանակակից Հայաստանում։ Հակոբյանը կարծում է, որ բարոյականության անկումը սկիզբ է առել դեռ 1991 թվականից՝ ուղղորդող ազգային գաղափարախոսության բացակայության պայմաններում, եւ այդ պրոցեսն ավելի է արագացել վերջին մի քանի տարիների ընթացքում՝ կապված իրենց օրենքից վեր դասող էլիտաների ազդեցության մեծացման հետ, որոնք արհամարհական վերաբերմունք ունեն հասարակ քաղաքացիների իրավունքների հանդեպ։
Կարինա Աֆրիկյանը նմանատիպ միտք է հայտնել դեսպանատան աշխատակցին՝ մարտի 1-ի բախումներից անմիջապես հետո. «Հայաստանի պատանիներն այժմ պետք է սովորեն զարգանալ կոռումպացված, ավտորիտար հասարակության մեջ՝ գոյատեւելու եւ հաջողակ լինելու համար»։ Նա նաեւ ասել է, որ երիտասարդ սերունդը կամ «կկորցնի հոգին», կամ էլ կարտագաղթի՝ իշխանությանը կառչած այս ռեժիմից փախչելու համար։
Ավտորիտար կառավարումը նաեւ մյուսներին է հիասթափեցնում
Ոստիկանության պետը վերջերս հանդիպել է ֆինանսների փոխնախարար Դավիթ Ավետիսյանին՝ կառավարության առաջատար երիտասարդ բարեփոխիչներից մեկին, ով մեծագույն ցինիզմով է արտահայտվել կառավարության որդեգրած կուրսի առնչությամբ։ Նա մինչեւ տարվա վերջ կանխատեսել է խորը քաղաքական եւ տնտեսական ճգնաժամ։ Ինչպես նաեւ կիսվել է իր այն համոզմամբ, որ նախագահ Սերժ Սարգսյանն ընդամենը դատարկ ժեստեր է անում, փոխանակ բնակչության շահերից բխող եւ միջազգային հանրությանն ուղղված բարեփոխումներ իրականացնի։ Նա հայտարարել է, որ այդուհանդերձ, նոր նախագահը կուլիսներում զբաղված է իշխանության կենտրոնացմամբ, հեռու է վանում բարեփոխիչներին, եւ ինչպես կառավարությունում, այնպես էլ դրա սահմաններից դուրս իշխանության է բերում քրեական տարրերին։ Արդյունքում, ըստ Ավետիսյանի, շատ հնարավոր է, որ ինքը ամռանը թողնի պետական աշխատանքը եւ մեկնի Վաշինգտոն՝ միջազգային ֆինանսական կառույցներից մեկում աշխատելու նպատակով։
Ընդդիմության ղեկավարները կապվել են մեզ հետ՝ ապաստան կամ տուրիստական վիզա ստանալու հարցով, որպեսզի ճգնաժամի ժամանակահատվածն անցկացնեն ԱՄՆ-ում։ Նրանցից մեկը Լեւոն Տեր-Պետրոսյանի զարմիկն էր, ով, ԼՏՊ-ի տեղակալներից մեկի խոսքերով, այժմ թաքնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, վախենալով իր կյանքի համար։ ԼՏՊ-ի վստահված անձը դիմել է դեսպանատուն՝ տուրիստական վիզա ստանալու հարցով, պնդելով, որ Տիգրանը՝ ԱՄՆ-ում հայտնվելով, նպատակ չունի քաղաքական ապաստան հայցել։ (ՆՇՈՒՄ- Մենք ԼՏՊ-ի ներկայացուցիչներին պարզաբանեցինք, որ քանի որ Տիգրանի գործի արժանահավատության հարցում համոզվելու հնարավորություն չկա, ապա չենք կարող միջամտել վիզա տրամադրելու պրոցեսին, եւ նա պետք է դիմի Դուբայի հյուպատոսություն՝ ընդհանուր հիմունքներով։) Տեր-Պետրոսյանի որդին՝ Դավիթը, մինչեւ ընտրությունները մեկնել է Լոս Անջելես, կրկին՝ նրա կյանքին սպառնացող վտանգների հետ կապված հոր մտահոգությունների արդյունքում։ Մեր տեղեկություններով, նա դեռ չի վերադարձել։ Չնայած այն հանգամանքին, որ դժվար է որոշել նման պնդումների իսկությունը, բայցեւ չի կարելի հերքել այն փաստը, որ անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանում բռնությունը դարձել է քաղաքական մշակույթի նկատելի գիծը։
Մեկնաբանություն
Արտագաղթը Հայաստանից նոր երեւույթ չէ։ Ըստ գնահատականների, ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանից արտագաղթել է շուրջ մեկ միլիոն մարդ՝ բնակչության շուրջ մեկ երրորդը։ Այս իրավիճակում նորն այն է, որ փախչում են միջին խավի հաջողակ ներկայացուցիչները, ովքեր նախկինում տանում էին անկախ պետության զարգացման բոլոր դժվարությունները, սակայն վերջում համոզվեցին, որ իրենց սպասելիքներն անհույս են։ Այս մարդկանց մեկնելը հսկայական նշանակություն ունի. նրանք կմնային, եթե երկիրը ճիշտ ուղղությամբ զարգանար։ Սակայն նրանց որոշումը՝ հեռանալ հենց հիմա՝ ծանրագույն քաղաքական ճգնաժամից հետո, թույլ է տալիս ենթադրել, որ հասարակության մեջ առկա անհանգստությունը խորն արմատներ ունի։ Հիասթափված, սակայն իրենց երկրին նվիրված մարդիկ, ըստ երեւույթին, կորցրել են հավատն առ այն, որ իրենց կառավարությունը հոգում է իրենց մասին եւ երկիրը տանում է դեպի առաջընթաց»։