ՀԱՐԴԻՆԳ ԳԵՅԹ

10/02/2011 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Վերջերս հետախույզների խմբեր «փոխանակած» Մոսկվայի եւ Լոնդոնի միջեւ նոր սկանդալ է հասունանում: Երկուշաբթի օրը Ռուսաստանի սահմանապահ մարմինները լոնդոնյան «Գարդիան» թերթի թղթակից Լյուկ Հարդինգին թույլ չտվեցին մուտք գործել Մոսկվա: Լրագրողը, որն աշխատում է Ռուսաստանի մայրաքաղաքում, երկուշաբթի ժամանել էր «Դոմոդեդովո» օդանավակայան, սակայն նրան չի հաջողվել անցնել անձնագրային ստուգումը: Առանց պատճառները ներկայացնելու` Հարդինգին են վերադարձրել փաստաթղթերը եւ հայտարարել, որ նրա մուտքը Ռուսաստան արգելված է: Դրանից հետո առաջին իսկ չվերթով Լյուկ Հարդինգը հետ ուղարկվեց Մեծ Բրիտանիա:

Նույն օրը Միացյալ Թագավորության ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգը փորձել էր հայտնի պարբերականի աշխատակցին արտաքսելու պատճառը պարզել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում: Սակայն, ըստ բրիտանական ինտերնետ-պարբերականների` նա ստիպված է եղել բավարարվել ռուսաստանցի իր գործընկերոջ խոստումներով` ուսումնասիրելու ստեղծված իրավիճակը: «Մենք կապ ենք պահպանում ռուսաստանցի մեր գործընկերների հետ` մեկնաբանություններ ստանալու նպատակով, եւ սպասում ենք նրանց պատասխանին»,- արտգործնախարարի դիրքորոշումն են մեջբերում բրիտանական էլեկտրոնային ԶԼՄ-ները: Ինքը` Ռուսաստանի սահմանապահների կողմից «վիրավորված» պարբերականը նույնպես մանրամասն մեկնաբանությունների է սպասում` չգոհանալով անցագրային կետում հերթապահի` Հարդինգին տված պատասխանով. «Ձեզ համար Ռուսաստանը փակ է»: Այս թեմայի շուրջ «Գարդիանի» խմբագրական հոդվածում ընդգծվում է, որ Լյուկ Հարդինգն առաջին լրագրողն է, որ արտաքսվել է Ռուսաստանից «սառը պատերազմի» ավարտից ի վեր: Սակայն դժվար թե ինքը` Հարդինգը, ում, իր իսկ խոսքերով, Մոսկվայում սպասում են անհետաձգելի գործեր, ուրախ է «առաջինը լինելու» նման փառքի կամ գովազդի համար:

Մեր տեղեկություններով, Լյուկ Հարդինգի հետ կապված պատմությունը կարող է վերջինը չլինել. Ռուսաստանի սահմանի հատման հարցում վերահսկողության խստացման այս «ձեւաչափի» շրջանակներում նման միջոցներ կարող են ձեռնարկվել արտասահմանյան ԶԼՄ-ների այլ ներկայացուցիչների նկատմամբ եւս: Մեր զրուցակից իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյան չմանրամասնեց, թե կոնկրետ ինչի հետ է կապված «վերահսկողության ուժեղացման» ռեժիմը, սակայն նրա ասածներից կարելի էր ենթադրել, որ դա պայմանավորված է «Դոմոդեդովոյում» վերջերս տեղի ունեցած պայթյունի հետ: Ընդ որում` անմիջական կապ առայժմ չկա, համենայն դեպս` ահաբեկչական գործողության վերաբերյալ հնչած վարկածներից եւ ոչ մեկում չի խոսվել այն մասին, թե դրան կարող էին մասնակից լինել օտարերկրացիներ:

Անվտանգության Դաշնային Բյուրոյի սահմանապահ ծառայությունում, որն արգելել էր Լյուկ Հարդինգի մուտքը Ռուսաստան, որեւէ մեկնաբանություն չտրվեց կատարվածի առնչությամբ: «Մենք դա առանց մեկնաբանության ենք թողնում… Օտարերկրյա քաղաքացուն կարող են մերժել ՌԴ մուտք գործել` առանց որեւէ մեկնաբանություն տալու»,- լրագրողներին հայտարարեց այդ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը: Իսկ Ռուսաստանի Միգրացիոն Դաշնային ծառայությունը պարզապես «ձեռքերը լվաց» սկանդալից` հայտարարելով, որ տեղի ունեցածի հետ որեւէ առնչություն չունի:

Հետաքրքրական է լրագրողական շրջաններում պտտվող վարկածը` Լյուկ Հարդինգին Ռուսաստանից արտաքսելու մասին: Նրան լավ ճանաչող գործընկերներիցս մեկը կասկածներ ունի, թե պատճառն այն է, որ Հարդինգը կապ ունի սկանդալային «Wikileaks»-ի նյութերի` «Գարդիանում» հրապարակման հետ: Խոսքը հատկապես Ռուսաստանի ղեկավարությանը, քաղաքական վերնախավին եւ գործարար շրջանակներին վերաբերող նյութերի մասին է: Նա կարծում է, որ պատճառը ռուսաստանյան որոշակի շրջանակների կողմից տարրական վրեժխնդրությունն է, ուրիշ ոչինչ:

Փոխարենը` մոսկովյան Հելսինկյան խմբի ղեկավար Լյուդմիլա Ալեքսեեւան Հարդինգի արտաքսումն անվանում է «խոսքի ազատության ճնշում»: «Դա հարված է երկրի հեղինակությանը: Ինքներս ենք ուզում մտնել Առեւտրի Համաշխարհային Կազմակերպություն, Եվրոպա, եւ միաժամանակ արտաքսում ենք լրագրողներին: Նա ի՞նչ է, լրտե՞ս է: Թող բացատրություն տան: Սակայն նրանք ոչինչ չեն բացատրում»,- ասաց Ալեքսեեւան:

«Հրապարակայնության պաշտպանության հիմնադրամի» նախագահ իրավապաշտպան Ալեքսեյ Սիմոնովն էլ ենթադրում է, որ կատարվածը կարող է քաղաքական ենթատեքստ ունենալ: «Մենք տեղեկություն չունենք, թե կոնկրետ ինչ պատճառով են լրագրողին արգելել մուտք գործել Ռուսաստան: Դժվար է անգամ ենթադրություններ անել: Ես հնարավոր եմ համարում, որ իրավիճակը կարող է միանշանակ չլինել, թեեւ 99%-ով համոզված եմ, որ այդ ամենը, քաղաքականությունից բացի, ուրիշ ոչ մի բանի հետ առնչություն չունի»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սիմոնովը: Նրա կարծիքով` տեղի ունեցածը կարող է լայն արձագանք ստանալ, սակայն հազիվ թե բրիտանական իշխանությունները համարժեք միջոցներ կիրառեն Միացյալ Թագավորությունում աշխատող ռուսաստանցի լրագրողների նկատմամբ: