Հայտնի ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչի «Millhouse» ընկերությունը վաճառել է Ռուսաստանի «Առաջին ալիքի» հեռուստաընկերության իր 25 տոկոս բաժնեմասը, որը գնել է «Ազգային Մեդիա խումբ» կազմակերպությունը: Ռուսական մամուլի համաձայն, վերջինս Աբրամովիչին դրա դիմաց վճարել է 150 միլիոն դոլար. պաշտոնապես հաստատվել է միայն առքուվաճառքի փաստը, սակայն գումարի չափն առայժմ չի հրապարակվել: Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, այս գործարքի արդյունքում «Ռոսիա» բանկի խոշորագույն բաժնետեր Յուրի Կովալչուկը դառնում է Ռուսաստանի հեռուստաշուկայի խոշոր խաղացող. Կովալչուկին են պատկանում նաեւ դաշնային երկու հեռուստաալիքներ (այդ թվում` բավական հեղինակավոր եւ ազատ հեռուստաընկերության համարում ունեցող «Ռեն TV»-ն), հեռուստագովազդի ռուսական շուկայի խոշորագույն ընկերություններից մեկը, մի քանի տպագիր լրատվամիջոցներ եւ ինտերնետ կայքեր: Հիշեցնենք, որ Ռոման Աբրամովիչը «Առաջին ալիքի» 49 տոկոս բաժնեմասը գնել էր մեկ այլ ռուս օլիգարխից՝ Բորիս Բերեզովսկիից` 175 միլիոն դոլարով: