«Եթե Հայաստանը քիչ թե շատ նորմալ երկիր լիներ, ապա ԿԲ նախագահը կամ ամբողջ խորհուրդը պետք է հրաժարական տար»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է Երեւանի նախկին քաղաքապետ, Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը: Նրա կարծիքով` ԿԲ-ն անպատասխանատու մոտեցում է ցուցաբերում սահմանադրությամբ սահմանված իր հիմնական աշխատանքին, այն է` գնաճի կանխատեսումը եւ այդ կանխատեսման ապահովումը: Ընդամենը մի քանի օր առաջ, համաշխարհային պարենային գների աճով պայմանավորված, ԿԲ-ի Դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը Հայաստանում ապրանքների գների 9%-անոց աճ էր կանխատեսել: «Այն կանխատեսումները, որը ԿԲ-ի կողմից արվում է հիմա, պետք է լիներ անցած տարվա դեկտեմբերին, երբ քննարկվում էր բյուջեն, երբ որ սահմանվում էին մակրոտնտեսական ցուցանիշները` գումարած գնաճի վերին եւ ստորին շեմը (4+,-1.5%),- մեկնաբանելով ԿԲ կանխատեսումները` ասել է Վ. Խաչատրյանը` ավելացնելով,- Այն ժամանակ, դեռեւս, կանխատեսվում էր միջազգային շուկայում պարենային ապրանքների գնի 2,5-3% աճ, եւ հաշվի առնելով այս հանգամանքը՝ Հայաստանի իշխանությունները պետք է ընդունեին այնպիսի մի շեմ (թիվ), որը իրականությանը համապատասխան լիներ»: Ըստ նրա, գնաճի պատճառը ոչ միայն համաշխարհային պարենային ապրանքների գների աճն է, այլ նաեւ Հայաստանի տնտեսության կենտրոնացված, օլիգարխիկ համակարգը:
Անդրադառնալով այն պնդմանը, թե ԿԲ-ի կողմից լողացող փոխարժեքի քաղաքականություն է վարվում, Վահագն Խաչատրյանն ասել է. «Եթե ազատ շուկա չկա, եթե մենաշնորհների դեմ պայքար չկա, ապա ԿԲ-ն ուզենա էլ, չի կարող լողացող փոխարժեքի քաղաքականություն վարել»: Ըստ ՀԱԿ-ի ներկայացուցչի, ՀՀ ԿԲ-ն շարունակում է ֆիքսված կուրսի քաղաքականություն վարել: