ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՂՆԵՐԸ

10/02/2011 Արա ԳԱԼՈՅԱՆ

Գիտությանը վերաբերող խնդիրները հասարակական հնչեղություն չունեն: Գոնե վերջին 10-15 տարում: Չհաշված, իհարկե, գիտության դերի անկման եւ գիտության «ծերացման» մասին հազվադեպ հնչող ախ ու վախը: Դեկտեմբերին Գիտությունների ազգային ակադեմիան հերթական ընտրությունը հայտարարեց: Իսկական ու թղթակից անդամների ահագին տեղեր թափուր մնացին: Միակ ուրախացողը երեւի ՀՀ Կառավարությունն էր: Որովհետեւ խնայվեց ակադեմիկոսներին ու թղթակից անդամներին տրվող «պատվովճար» կոչվող գումարը: Այս խնդիրների հանդեպ հասարակական անտարբերությունը հավանաբար կարելի է բացատրել նույն հասարակության տրոհվածությամբ: Կամ լյումպենացմամբ: Այն պատճառով, որ հասարակական քիչ թե շատ կազմակերպված շերտեր համարյա չկան: Կամ, եթե կան, ապա դրանք, միեւնույն է, սոցիալական առումով թույլ են ինտեգրված: Հայ նորօրյա իրականության ամենաբնորոշ բանաձեւը տեղավորվում է «Ամեն մարդ իրեն դարդին» արտահայտության մեջ: Օրերս գիտաշխատող ծանոթս առաջարկեց մտնել Գիտության պետական կոմիտեի պաշտոնական կայք ու ծանոթանալ գիտության կազմակերպման մակարդակին: Այն, որ մեր գիտությունը վաղուց արդեն կազմակերպվում է թեմատիկ ֆինանսավորման սկզբունքով՝ շատերին է հայտնի: Գիտաշխատողներն էլ վաղուց արդեն համակերպվել են այդ համակարգին: Ծանոթս էլ պատրաստվում է գիտական թեմաների մասնակցության հայտ ներկայացնել: Հետեւաբար, վերցրել էր խիստ երկար, բայց հնչեղ անունով անհրաժեշտ փաստաթուղթը: Այն վերնագրված է «Հայաստանի Հանրապետության Կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտե. Հրավեր գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի»: Մրցույթի հրավերում հստակ ձեւակերպված է, թե ովքեր եւ ինչ պայմաններով կարող են հավակնել իրենց գիտական աշխատանքները պետական ֆինանսավորման արժանացնել: Դրամաշնորհներ առաջարկվում են 2-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերին: Հատ-հատ նշված է, թե ինչ չափանիշների պիտի բավարարի այդ խմբի յուրաքանչյուր անդամ: Օրինակ, 6-րդ կետում նշված է, որ «Խմբում պետք է ընդգրկվի մինչեւ 35 տարեկան առնվազն մեկ գիտաշխատող, կամ ասպիրանտ, կամ մագիստրոս»: Փաստորեն, հայաստանյան գիտության ծերացման լուրերը մեր չինովնիկներին էլ է հասել: Ու նրանք փորձում են կանխել այդ գործընթացը: Այս մղումը հավանաբար հասկանալի է: Բայց, հավանաբար, ուշացած: Որովհետեւ նույն փաստաթղթի երրորդ կետում գիտությունը կառավարող մեր չինովնիկները հստակ բացատրում են, որ գիտության «ծերացումը» իրենց աշխատանքի արդյունքն է: Ինքնամոռաց ու անխոնջ աշխատանքի: Երրորդ կետը սահմանում է, թե ով կարող է լինել գիտական թեմայի ղեկավար. «Գիտական թեմայի ղեկավար կարող է հանդիսանալ գիտական աստիճան ունեցող անձը, ով ունի առնվազն հինգ տարվա գիտական կամ գիտամանկավարժական գործունեության ստաժ եւ վերջին հինգ տարիների ընթացքում գրախոսվող ամսագրերում հրատարակած առնվազն հինգ հոդված»: Իսկ գիտական աստիճան չունեցող անձը այդ կարգավիճակին կարող է հավակնել, եթե «ունի առնվազն տասը տարվա գիտական կամ գիտամանկավարժական գործունեության ստաժ եւ վերջին տասը տարիների ընթացքում ունի հրապարակած առնվազն 20 հոդված այն ամսագրերում, որոնք հաստատված են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից»: Դժվար չէ ենթադրելը, որ մեր փառապանծ Կրթության եւ գիտության նախարարության նույնչափ փառապանծ Գիտության պետական կոմիտեի կողմից գիտությունը սահմանափակվում է միայն, այսպես կոչված, «գրախոսվող» եւ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատած ամսագրերի տարածքում: Ըստ սույն փաստաթղթի հեղինակների, ովքեր մեր գիտության կառավարման չինովնիկների բարձրագույն դասից են, գիտական աշխատանքի արժեք չունեն, օրինակ, Գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած ժողովածուները, նույն ակադեմիայի համակարգի բոլոր ինստիտուտների գիտական տարեգրքերը: Կամ, ասենք, ցանկացած գիտնականի գործունեության չափանիշ հանդիսացող մենագրությունները: Գիտության կառավարիչ չինովնիկները հավանաբար չգիտեն, որ դրանք հրատարակվում են ակադեմիական հիմնարկությունների երաշխավորությամբ: Նրանք հավանաբար չգիտեն, որ գիտական աշխատանք է համարվում, օրինակ, թարգմանված գիտական տրակտատի (մենագրության, ժողովածուի) գիտական խմբագրումը: Եվ բազում այլ նման մանրուքներ: Օրինակ` թե ինչպե՞ս են գնահատվելու դրամաշնորհի ներկայացված գիտական հայտերը: Նշվում է, որ պետք է լրացնել գիտական փորձաքննության գնահատման թերթիկ, որի յուրաքանչյուր պատասխան գնահատվելու է: 0 միավոր կտրվի, եթե «հարցի պատասխանը բացակայում է կամ այն չի կարող որոշվել տեղեկության բացակայության պատճառով»: Իսկ 1 միավոր կգնահատվի, եթե «հարցի պատասխանը ներկայացված է մակերեսորեն եւ անորոշ»: Ասեք, որ գնահատման համակարգն «զգլխիչ է»: Սովորաբար չսովորող, բայց ծանոթ մեջ գցած ուսանողներին են դասախոսները հորդորում՝ «Գոնե մի բան գրի, էջը սեւացրու, որ գնահատական դնեմ»: Հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ ի տարբերություն ՀՀ-ի, որ մեկ պետական լեզու ունի, ՀՀ գիտության պետական կոմիտեում դրանք հավանաբար երկուսն են: Որովհետեւ հրավերի 11-րդ կետը պարտադրում է «Հայտը պետք է ներկայացնել հայերեն եւ անգլերեն: Ալբերտ Էյնշտեյնը սիրում էր ասել, որ ինքը «Միայն երկու անսահման երեւույթ գիտի. տիեզերքը եւ մարդկային հիմարությունը»: Ասում էր ու ավելացնում, որ «առաջինի հարցում այնքան էլ վստահ» չի: Զբաղմունքի բերումով նա երեւի գիտության կառավարիչ-չինովնիկների հետ շատ էր շփվել: