Օստրակիզմը` քաղաքական աքսորի տարատեսակ
Հին Հունաստանում դեսպանների հաշվետվության մեխանիզմը հանդիսանում էր Ժողովրդական ժողովի կողմից կիրառվող պետական հսկողության, աուդիտի եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործող համակարգի օղակներից մեկը: Այդ համակարգին կարող են նախանձել այսօրվա առաջադեմ շատ երկրներ` իրենց օմբուդսմեններով հանդերձ: Այստեղ հատուկ տեղ էր գրավում, այսպես կոչված, օստրակիզմը (հունարեն՝ «ostrakismos», «խեցի»), որը հաճախ էր կիրառվում պաշտոնյաների, բնականաբար` նաեւ դեսպանների նկատմամբ, եւ որից նրանք պակաս չէին վախենում, քան մահապատժից: Օստրակիզմն աթենքյան դեմոկրատական համակարգի հատուկ ինստիտուտներից մեկն էր: Կրելով ավելի շուտ քաղաքական` քան իրավաբանական բնույթ, այն կիրառվում էր աթենացու նկատմամբ՝ երկրից վտարելու նպատակով` առանց նրան դատական պրոցեսի ենթարկելու: Դա կանխարգելիչ օրենք էր, որը զանցանքը պատժելու փոխարեն՝ բացառում էր այն: Օստրակիզմն առաջին անգամ գործադրվել է 487թ. Կլիսթենեսի օրոք` ժողովրդի կամքը կյանքի կոչելու եւ բռնապետությունից` տիրանիայից, խուսափելու նպատակով: Ամենաբարձր պաշտոնյայից մինչեւ վերջին չինովնիկը կարող էին ենթարկվել օստրակիզմի, որն իրականացվում էր հետեւյալ կերպ: Ամեն տարի Ժողովրդական ժողովը որոշում էր. օստրակիզմ լինելո՞ւ է, թե՞ ոչ: Եթե տվյալ անձնավորության լոյալությունը պետության եւ ժողովրդի նկատմամբ խնդրո առարկա էր, հարցը քննարկվում էր 6 հազար մարդու մասնակցությամբ: Կասկածները հաստատվելու դեպքում նա ենթարկվում էր մասսայական քննադատության, հետո հավաքվում էին խեցիները` օստրակոնները, որոնք վաղօրոք բաժանված էին լինում ներկաներին: Խեցիների վրա գրվում էր այն անձնավորության անունը, ում ժողովուրդը ցանկանում էր օստրակել` այսինքն վտարել: Պրոցեսը գաղտնի էր: Անգրագետը կարող էր դիմել հարեւանի օգնության: Սա ավելի ազնիվ է, քան կողքի սեղանի կոճակը սեղմելը, ինչպես անում են ժամանակակից պատգամավորները քվեարկելիս: Եթե խեցու վրա գրված քաղաքացու անունը ջնջվում էր, նա 10 տարով արտաքսվում էր երկրից: Սա ուներ հոգեբանական նշանակություն. չկա անուն` չկա մարդը: Օստրակիզմը լայնորեն գործում էր Աթենքում, Արգոսում, Սիրակուզայում եւ մի շարք այլ քաղաքներում: Արտակարգ իրավիճակներում կամ պետությանը վտանգ սպառնալու դեպքում Ժողովրդական ժողովը հատուկ որոշմամբ կարող էր ետ կանչել արտաքսվածին: Սալամիսի ճակատամարտի ժամանակ, օրինակ, Պերիկլեսի օստրակված հայրը վերադարձավ Աթենք: Օստրակիզմն իր ձեւով հիշեցնում է երեսունական թվականների խորհրդային «քաղաքական աքսորը», որը կիրառվում էր քաղբանտարկյալների նկատմամբ: Միայն ձեւով: Իրականում մերը շատ ավելի դաժան եւ անմարդկային էր: Հայերենում օստրակիզմը թարգմանվում է «խեցեվճիռ», որը միանգամայն համապատասխանում է այդ պատժամիջոցի ձեւին եւ բովանդակությանը: Ինչպես բոլոր կայսրություններում, այնպես էլ Հին Հունաստանում, կենտրոնն էր տոն տալիս ծայրամասերին: Աթենքյան քաղաքական ինստիտուտները, մեխանիզմներն ու աշխատաոճն այս կամ այն ձեւով իրենց արտացոլումն էին գտնում մյուս պոլիսներում: Օստրակիզմը կիրառվում էր Սիրակուզայում (Սարդինիա): Այնտեղ դա անվանվում էր «պետալիզմ» եւ զանցառուի անունը գրվում էր ոչ թե խեցու, այլ ձիթենու տերեւի վրա: Աքսորի ժամկետն էլ ավելի մեղմ էր. ոչ թե տասը, այլ` հինգ տարի:
Անտիկ շրջանի դեսպաններին բնորոշ էր ազնվությունը եւ պատվախնդրությունը: Մեծամասամբ, լինելով իրազեկ եւ բարձրակարգ մասնագետներ, նրանք պետական ծառայությանը մոտենում էին ամենայն պատասխանատվությամբ: Իսկ անտարբերություն ու անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերած դեսպաններին հասարակությունն անմիջապես իր վերաբերմունքն էր արտահայտում, ընդհուպ ենթարկում օստրակիզմի: Չարաշահումների եւ կոռուպցիայի մասին խոսելն անգամ ավելորդ է: Հույն դիվանագետի սխալի կամ անհաջողության գինը խիստ բարձր էր:
Դաշինքի խախտումը` մահացու մեղք
Հին Հունաստանի դիվանագիտության կարեւոր ձեռքբերումներից մեկը եղավ բանակցային գործընթացի եւ պայմանագրերի վավերացման մեխանիզմների ստեղծումը: Պոլիսներում հիմնվեցին սիմախիներ, որոնք պաշտպանական կամ հարձակողական բնույթի ռազմաքաղաքական միություններ էին:
ՆԱՏՕ-ի, Վարշավյան պայմանագրի, ՍԵԱՏՕ-ի եւ մյուս ռազմաքաղաքական բլոկների հիմքում ընկած են նույն սիմախիների սկզբունքներն ու նպատակները:
Գոյություն ունեին երկու խոշոր միություններ. Լակեդեմոնյանը, որի անդամներն էին Պելոպոնեսյան թերակղզու քաղաքներն ու համայնքները` Սպարտայի գլխավորությամբ, եւ Աթենքյան կամ Դելոսյան ռազմածովային միությունը, որը կազմավորվեց հունապարսկական պատերազմի ժամանակ` թշնամու դեմ պայքարի նպատակով: Հունաստանի պատմության մեջ կարեւոր դեր խաղաց Կորինֆյան լիգան, որին անդամակցում էին բոլոր պետությունները, բացի Սպարտայից (337 թ.): Լիգան կազմավորվեց, երբ Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս II-ը փաստորեն իրեն ենթարկեց ողջ Հելլադան, դարձավ միացյալ զորքերի գերագույն հրամանատար եւ երկիրը պատրաստեց Պարսկաստանի դեմ պատերազմելուն: Մեզ է հասել Լիգային անդամակցելու երդման տեքստը:
«Երդվում եմ Զեւսով, Գեայով, Հելիոսով, Պոսեյդոնով, Աթենքով եւ Արեսով, բոլոր աստվածներով եւ աստվածուհիներով: Երդվում եմ հարգել խաղաղության պայմանները եւ չխախտել Փիլիպոս Մակեդոնացու հետ կնքված պայմանագիրը: Ո՛չ գետնի վրա, ո՛չ ծովում ես զենք չեմ բարձրացնի պայմանագրի որեւէ անդամի դեմ: Ես թույլ չեմ տա որեւէ ոտնձգություն պայմանագրի անդամ պետության քաղաքի, նրա ամրությունների եւ նավահանգիստների դեմ: Ես չեմ կռվի Փիլիպոս Մակեդոնացու եւ նրա հաջորդների դեմ: Եթե որեւէ մեկը սպառնա պայմանագրի անդամ երկրին՝ ես պատրաստ եմ նրա կողքին կռվել ընդհանուր խաղաղությունը խախտողի դեմգ»:
Եթե վերցնելու լինենք ժամանակից պետությունների զինված ուժերում ընդունված երդումների տեքստերը, ապա կտեսնենք, որ նրանք շատ կետերով նմանակում են նշված երդումի տեքստը, որից մեզ բաժանում է գրեթե երեք հազար տարի:
Համարվում էր, որ ռազմաքաղաքական միություններն ունեն կախարդական ուժ, հետեւաբար, դրանք խախտողը ենթակա է աստվածային պատժի: Երդումից բացի, փաստաթղթերն ամրագրվում էին հեթանոսական զոհաբերություններով: Երդման արարողությունը տեղի էր ունենում այն քաղաքի մագիստրի ներկայությամբ, որտեղ ստորագրվում էր պայմանագիրը կամ համաձայնագիրը: Երդմանն ավելանում էր անեծքի տեքստը, որը կարող էր «թափվել» այն ոտնահարողի գլխին: Սրանք դատարկ սպառնալիքներ չէին: Պայմանագրի խախտումը քննարկվում էր միջնորդ դատարանի կողմից, եւ խախտողի նկատմամբ կիրառվում էին պատժամիջոցներ, անգամ հայտարարվում էր սրբազան պատերազմ: Փաստաթուղթը գրվում էր մի քանի, այդ թվում՝ բանակցող կողմերի լեզուներով: Մի օրինակը հանձնվում էր արխիվ, իսկ եթե դիվանագիտական հարաբերությունները նրանց միջեւ խզվում էին կամ պատերազմ էր հայտարարվում, այն ոչնչացվում էր, ինչը նշանակում էր, որ միջպետական փաստաթուղթը կորցրել է իր ուժը: Եթե չկա փաստաթուղթ` ուրեմն չկա եւ պարտավորություն:
Միջպետական պայմանաիրավական փաստաթղթերի կազմման եւ կիրառման հին հունական պրակտիկան կարող էր լավ օրինակ հանդիսանալ ժամանակակից միջազգային հարաբերությունների գործում: Գաղտնիք չէ, որ պետությունների միջեւ կնքված պայմանագրերն ու համաձայնագրերն այսօր հաճախ չեն գործում կամ գործում են կիսատ-պռատ: Ամերիկյան մասնագետների կարծիքով, եթե դրանք իրականացվում են 25%-ով, արդեն լավ է: Դիվանագիտական շատ ծառայություններ պատշաճ հսկողություն չեն սահմանում վերցված պարտավորությունների կատարման վրա, եւ հասարակությունն անտեղյակ է մնում, թե այս կամ այն երկրի հետ կնքված պայմանագիրն ինչպե՞ս է կատարվում, եւ ի՞նչ է իրեն բերում: Հայաստանի
ԱԳՆ-ն իր օրինակով կարող է փաստել այս իրողությունը: Եթե, իհարկե, ցանկանա:
Սակայն գերագնահատել հելլենական միջազգային իրավունքը` նույնպես ճիշտ չէր լինի: Փաստաթղթերի նկատմամբ գոյություն ունեցող ակնածալից վերաբերմունքն ամենեւին չէր նշանակում, որ այդ շրջանի պետական ու ռազմական գործիչներն ազնվության մարմնացում էին, եւ նրանց խոսքն ու խոստումն անսասան էին:
գԱլեքսանդր Մակեդոնացին խստագույնս հավատարիմ էր մնում միջպետական փաստաթղթերի ոգուն եւ տառին` նույնը պահանջելով դրանք ստորագրողներից: Իսկ, երբ Աթենքի մշտական թշնամի Բովտիայի խոշորագույն քաղաք Թեբեն ուխտազանց եղավ եւ խախտեց Մակեդոնիայի հետ բարեկամության պայմանագիրը, նա գոչեց. «դաշինքին դավաճանելու համար` մահ», եւ հիմնահատակ կործանեց այդ քաղաքը, սրատեց նրա բնակիչներին:
Իսկ պարսիկների երդմնազանցության մի դիպված ունեցել է էլ ավելի տխուր հետեւանքներ:
գԱրքայորդի Արկեսիլիաոսը մեծ խառնակչություններ է անում իր հայրենակիցների նկատմամբ, նեղացնում նրանց: Հետո դավեր է նյութում հարազատ եղբայրների դեմ եւ փախչում Բարկայից: Որոշ ժամանակ անց նա ծպտված վերադառնում է հայրենի քաղաք: Մարդիկ շուկայում ճանաչում են նրան եւ տեղնուտեղը սպանում: Արքայորդու մայրը` Փերետիմեն տենչում է վերժ լուծել տղայի մահվան համար: Փախստականի կարգավիճակով գտնվելով Եգիպտոսում՝ նա Դարեհի սատրապ Արյուանդեսին համոզում է զորքեր տրամադրել իրեն՝ Բարկան կործանելու համար: Պարսիկներին համոզելու հարկ չկար. նրանց առիթ էր պետք Հունաստանին վատություն անելու համար: Եգիպտոսում տեղակայված պարսկական ցամաքային եւ ծովային ուժերը դրվում են վրիժառու կնոջ տրամադրության տակ: Պարսիկները պաշարում են հելլենական Բարկան ամբողջ ինը ամիս: Շատերն են ընկնում երկու կողմից էլ: Պարսից հետեւակի զորապետ Ամասիսը՝ համոզվելով, որ հնարավոր չէ ուժով նվաճել բարկացիներին, այլ միայն խորամանկությամբ, այսպիսի հնար է մտածում: Գիշերվա ընթացքում լայն խրամատ փորելով, այն ծածկում է բարակ տախտակներով, վրան փռում է հողի բարակ շերտ եւ հավասարեցնում գետնին: Առավոտյան Ամասիսը բարկացիներին առաջարկում է դիվանագիտական բանակցություններ սկսել: Բարկացիները հոժարությամբ ընդունում են, քանի որ նրանք արդեն սովամահ էին լինում եւ հաշտության էին ձգտում: Եվ մոտավորապես այսպիսի մի համաձայնություն են գոյացնում: Պարսիկները, ուշադրություն դարձրեք, երդվում են քողարկված խրամատի վրա կանգնած` ասելով. «քանի այս հողն այսպես ամուր է, մեր երդումը եւս հաստատ կլինի»: Բարկացիները համաձայնում են արքային հարկ վճարել, իսկ պարսիկները խոստանում են այսուհետեւ բարկացիներին չվնասել: Այս երդումից հետո բարկացիները, հավատալով պայմաններին, ոչ միայն իրենք են դուրս գալիս քաղաքից, այլեւ բաց անելով բոլոր դարպասները, թույլատրում են, որ պարսիկներին, ով ցանկա, մտնի ներս: Պարսիկները նախ քանդում են խրամատը ծածկող գաղտնի տախտակամածը, հետո խուժում են քաղաք: Ինչո՞ւ են նրանք քանդում տախտակամածը: Նրա համար, որպեսզի խախտած չլինեն խոստումը, թե` իրենք կմնան հաստատուն իրենց երդման մեջ, քանի դեռ այդ հողը եւս հաստատուն կլինի: Իսկ հողածածկ տախտակամածը քանդելուց հետո երդումը կորցնում է իր ուժըգ
Երեւի տարբեր ժամանակներում մարդիկ տարբեր միջոցներ են հորինել խոստումն ու երդումը դրժելու, հետո խղճի ձայնը խլացնելու համար: Միջնադարում կաթոլիկական եկեղեցին, Պապի անունից, փողով կամ այլ ծառայությունների համար, մեղքերի թողության թուղթ էր տալիս` գործած եւ գործվելիք զանցանքների համար: Այն ուներ հնչուն անուն` ինդուլգենցիա:
Իսկ մենք երեխա հասակում գտել էինք երդումը դրժելու ավելի հասարակ ու ձրի ձեւ: Երբ ստում էինք՝ ձեռքներս թաքցնում էինք մեջքի հետեւում եւ միջնամատը խաչաձեւում ցուցամատի հետ: Ճիշտ է, մեծ մասամբ բռնվում էինք, բայց բոլոր դեպքերում ուրախ էինք, որ ստելու այդ միջոցը կագ
Ուրեմն, պարսիկները՝ ներխուժելով քաղաք, carte blanche են տալիս անափ գազազած Փերետիմին: Տիկին, արա սրտիդ ուզածը: Սա էլ կատարում է սահմռկեցուցիչ արարք: Հրամայում է տղամարդկանց ցցահան անել պարսպի շուրջը, իսկ կանանց ստինքները կտրել ու գամել նրանց կողքին: Հետո զորքը ճամփա է ընկնում դեպի Եգիպտոս: Սակայն պարսիկների մեծ մասը տեղ չի հասնում. նրանցից շատերին անապատի ավազուտներում լիբիացիները սպանում են: Փերետիմեին հաջողվում է հասնել Եգիպտոս, բայց քիչ անց նա մեռնում է դաժան մահով: Դեռեւս կենդանություն օրոք նրա մարմինը սկսում է փտել վխտացող որդերից: Ճիշտ է նկատում Հերոդոտոսը, երբ ասում է. «Դաժան վրեժը մարդկանց ատելի է դարձնում աստվածներին»: Նրա վրեժը համաքաղաքացիների վրեժից դաժան էր: Դաժան եղավ նաեւ իր մահը:
Շարունակելի
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ