Նկարիչ Հակոբ Հակոբյանն իր էությամբ մեծ էքսպերիմենտատոր ու մեծ որոնող է։ Իր հետ շփվելով՝ հասկանում ես, որ նա առաջին հերթին ներքուստ ազատ մարդկանց է որոնում՝ վստահ լինելով, որ ազատ պետություն ասելով՝ ազատ մարդուն է պետք հասկանալ։ Երկար ու բարդ կյանք ապրած, համաշխարհային ճանաչում ունեցող Հակոբ Հակոբյանը դասական է, ում գեղանկարչական զուսպ ու առարկաների էներգիայով լեցուն ձեռագիրը միանգամից կռահվում է միլիոնավոր կտավների շարքում։ Նա մեծ հեղինակություն է Հայաստանում։ Եվ այդ հեղինակության գաղտնիքը թերեւս հենց նրա անհանգիստ ու համբերատար որոնման մեջ է։ Ինչպեսեւ բոլոր հայաստանցիները, նա շատ լավ տեսնում է մեր նորօրյա կյանքի բարդությունները, սակայն զարմանալի ոգեւորությամբ ու համառությամբ կարողանում է փնտրել, տեսնել ու նկատել նորը, ինքնատիպն ու անկեղծը։ Նա փորձում է մեր իրականության մեջ «կենդանի» լեզվով ստեղծագործողների գտնել ու վստահ է, որ հիմա հայ գրականությունը վերակենդանանում է։ Իր խոսքերով ասած՝ հիմա հայ գրականությունը նոր է ծնվում, քանի որ հիմա են հայտնվում այն գրողները, ովքեր ականջ են դնում ոչ թե իշխանական կոնյունկտուրային, այլ սեփական մարմնին ու զգացմունքներին։ Եռանդուն մարդկանց կողմից ստեղծված «անդեմ» արվեստի գործերով ողողված մեր կյանքում Հ.Հակոբյանը անհատականություններ է ցանկանում տեսնել։ Եվ ոչինչ, որ այդ դեմքերն այնքան էլ գեղեցիկ ու կատարյալ չեն, փողոցային լեզվի խառնուրդով են խոսում, կարեւորը, որ նրանք կենդանի են, մարմին, արյուն ու ուրույն մտքեր ունեն։ Այսինքն՝ իմիտացիա չեն։
«Այսօր իմիտացիան համընդհանուր երեւույթ է, տարածված կյանքի բոլոր բնագավառներում, պետական կառուցվածքներից մինչեւ շուկա։ Չեմ ուզում մանրանալ. լսեցեք հեռուստացույցի էկրանին երգող-պարող երիտասարդին ու նայեցեք խանութներում ցուցանակները, չեք իմանա՝ ո՞ր երկրի մեջ եք ապրում»,- գրում է նա վերջերս լույս տեսած իր «Ու մերթ լացավ, ու մերթ խնդաց իմ հոգիս» ժողովածուում տեղ գտած հոդվածներից մեկում։
Հ.Հակոբյանը շատ թանկ է համարում «կենդանի» լեզուն՝ նշելով, որ շատերը վարժված են իրենց ստին, կեղծիքին, ու իրենց ստի միրաժն են սիրում, այդ պատճառով էլ չեն կարողանում գնահատել իրական ապրումը։ Գրականության մեծ սիրահար լինելով՝ Հ.Հակոբյանը ոչ միայն հոգեբանորեն, այլեւ ֆինանսապես է օգնում գրքեր հրատարակելուն։ Նրա աջակցությամբ, օրինակ, Լուսինե Վայաչյանը կարողացավ իր դեբյուտային վեպը տպագրել։ Թեեւ Հ.Հակոբյանը չի ցանկանում իր օգնության մասին խոսել, սակայն դա ուշադրության արժանի փաստ է, քանի որ դա մեր իրականության մեջ չտեսնված ու չլսված երեւույթ է։ Երբեւէ չի եղել մի դեպք, երբ մի արվեստագետ (այն էլ վաստակաշատ ու փառքի հասած) օգնի այլ ոլորտի արվեստագետին (սկսնակ ու անհայտ) միայն այն պատճառով, որ գնահատել է գործը։ Առանց սպասելիքների, հաշվարկների ու հավակնության…
– Պարոն Հակոբյան, Դուք նշում եք, որ հիմա գրականությունը արթնանում է։ Ինչպես նաեւ արթնանում է հայերեն լեզուն։
– Երբ գրականության մասին կխոսիմ, ավելին, քան ընթերցող ըլլալ, չեմ կարող։ Գրականություն շատ կսիրեմ, մանավանդ հայ գրականությունը։ Եվ քանի որ օտար լեզուների չեմ տիրապետում, այն հաճույքը, որը ստացել եմ գրականությունեն, միայն հայ գրողներեն կամ էլ հայերեն թարգմանված գրքերեն եմ ստացել։ Այո, լավ գրականություն շատ եմ սիրում, լավ հայերենն ալ եմ սիրում։ Գիտեմ, որ եթե նույնիսկ ամենաընտիր հայերենով՝ գրաբարով դուն ստում ես, ուրեմն այդ լեզուն հիվանդանում ու աղճատվում է, որովհետեւ հայերենով պետք է կըրնալ ճիշտը ըսել։ Եթե գրականության, եւ ընդհանրապես արվեստի մեջ քո ապրած վիճակը չես արձանագրում, չես գրում քո մարդկային հարաբերությունների մասին, քո ստեղծած գրականությունն ալ ոչ մեկին պետք չէ։ Ահավասիկ, ասածս այն է, որ մաքուր հայերենը բնավ էլ հերիք չէ։ Հայերենը պետք է ճիշտ խոսելու, ճշմարիտ մարդկային հարաբերությունները արտահայտելու համար։ Լեզուն զգացում է, ապրում, եւ եթե զգացածդ սլենգով (կամ ինչպես կըսին՝ փողոցային հայերենով) է, ուրեմն հենց այդ լեզվով էլ պիտի խոսիս։ Դժբախտաբար մարդ արարածի համար հրեշային ժամանակը՝ Սովետի ռեժիմը ստեղծեց մի իրավիճակ, երբ ժողովուրդն իր գրությունն ատում էր։ Մարդիկ իրար չէին վստահում, իրարից վախենում էին։ Տղամարդը կնոջից էր վախենում, հարեւանը՝ հարեւանից։ Իսկ երբ վախենում ես, սիրել ալ չես կըրնալ։ Մարդը վերածվել էր «մանկուրտի»։ Եվ դժբախտաբար այդ նույնը շարունակվում է նաեւ հիմա։ Մենք սովորել ենք ազատ չըլլալ։ Իսկ երբ մարդն ազատ չէ, չի կարող իր ապրածը ճշմարիտ գրականության վերածել։ Դա չըլլալու բան է։
– Իսկ ո՞վ է ազատ մարդը։
– Իմ հասկացողությամբ՝ ազատ մարդը նա է, ով աշխատանք ունի։ Եթե կարողանում է աշխատել, մի բան ստեղծել, ինքն իրեն պահել, ուրեմն ազատ է։ Ազատ մարդուն ոչ ոք չի կարող ըսել՝ տուր ինձ քո ձայնը։ Իսկ եթե մարդն ազատ չէ, նա հեշտությամբ իր քվեն կծախի, օրինակ, 5 հազար դրամով։ Եվ այս պայմաններում հայ գրողները (որոնք իմ կարծիքով՝ բոլորն էլ տաղանդավոր են, բայց խոսքս տաղանդի մասին չէ) չեն կըրնար բնական մարդկային հարաբերությունների մասին գրել, քանի որ նրանց հարաբերությունները անվստահության, վախի վրա են հիմնված։ Իսկ վախի մթնոլորտում գրականություն չի ծնվում։ Իմ կարծիքով՝ Չարենցից հետո հայ գրականությունը պարզապես գոյություն չունի։ Շատ քիչ արժեքավոր բան է ստեղծվել։ Սիլվա Կապուտիկյանն, օրինակ, իր հայրենասիրության մասին է պատմել, բայց դրանք իր անձնական ապրումները չէին։ Եթե Սիլվան իրապես իր «մարմնով» գրեր, նա կստեղծեր նորմալ, «կենդանի» գրականություն, որտեղ մարդկային վիճակն է երեւում, եւ մենք էլ այդ վիճակը կըրնայինք ընկալել։
– Գրում էին այն, ինչը պետք էր իշխանություններին։ Նույնը անում էին նաեւ նկարիչները։
– Արվեստի մարդն ընդհանրապես միայն մի պայման է կարեւորում, ուզում է, որ իրեն չկաշկանդեն։ Երբ կաշկանդված ես, որեւէ բան չես կըրնալ բացահայտիլ։ Ասենք՝ արվեստում պիտի մի նորություն ստեղծեիր, որը միայն քո բացահայտումը պիտի ըլլար, բայց չարեցիր, քանի որ սպասածդ ազատությունը չկար։ Գիտեք, արվեստի տեսությունը միշտ նկարչից հետո է ստեղծվում։ Ասենք՝ նկարը ավարտելուց հետո հայտնվում է տեսաբանն ու ասում՝ սա իմպրեսիոնիզմ է։ Նկարիչը երբեք տեսություն չի ունենում, նա նկարում է լիակատար անորոշության մեջ՝ գիտենալով միայն, որ նոր բան պիտի հայտնաբերի։ Իսկ երբ նա գիտե, որ պետք է սոցռեալիզմի շրջանակներում աշխատի, ուրեմն՝ վերջ, նա որեւէ բան չի կըրնա հայտնաբերել։ Նույն վիճակը եւ գրականության, եւ արվեստի, եւ արվեստաբանության մեջ է։ Կաշկանդվածության պայմաններում անկարելի է որեւէ նորմալ բան ստեղծել։
– Իսկ հիմա՞։
– Հիմա մենք ազատ երկիր ենք։ Ճիշտ է, մենք տակավին շատ վախերից դեռ ձերբազատված չենք, բայց համենայնդեպս մենք գիտենք, որ կըրնանք ազատ ըլլալ։
Հիմա, կարծում եմ, հայ գրականությունը նորեն սկսել է ծնվել։ Ես արդեն հույսս կորցրել էի, որ կըրնամ որեւէ նոր, անակնկալ բան կարդալ, եւ չէի կարդում, քանի որ սովետական գրականությունն անչափ «անկենդան» էր։ Բայց հետո կարդացի Վահագն Գրիգորյանի գործերը ու շատ հավանեցի։ Այնքան ոգեւորված էի, որ նույնիսկ մի հոդված գրեցի այդ մասին։ Առաջին անգամ ես զգացի, որ գրողն իր ժողովրդին է ներկայացնում։ Այսինքն՝ ժողովուրդն իր գրածի մեջ է։ Ակսել Բակունցի գրածի մեջ, օրինակ, ես չէի տեսնում ժողովրդին։ Չարենցի «Երկիր Նաիրիից» հետո, ոչ մի տեղ ժողովուրդը չէր երեւում։ Իսկ Վահագն Գրիգորյանի գործի մեջ ժողովուրդը զարմանալիորեն ներկա էր։ Նա գրել էր մի մոր մասին, որն ամեն ինչ անում է, որպեսզի իր զավակին բանակ չղրկեն։ Տղան հայտնվում է այլ երկրում, իր տպավորությունների, մտահոգությունների մասին է պատմում։ Այդ տղան դասալիքի շատ սիմվոլիկ մի կերպար է։ Մենք բոլորս էլ գրեթե դասալիքներ ենք, համենայնդեպս՝ դասալիքի վիճակում ենք ապրում՝ մտածելով մեր երկրից փախչելու, այստեղ չապրելու մասին։ Հետո ես պատահաբար ամսագրում կարդացի Լուսինե Վայաչյանի «Բալագոյե» վեպից մեկ մաս։ Շատ զարմացա, նույնիսկ՝ ապշեցի, թե ինչպես է այդ աղջիկը կարողացել բոլորովին նոր բան գրել, եւ այդքան անկեղծ։ Սկսեցի փնտրել նրան, զանգահարեցի ու ըսեցի, որ շատ ոգեւորված եմ իր գրածով ու կուզիմ օգնիլ, որ գիրքը տպագրի։ Լուսինեն իմ իմացած գրողներից առաջինն էր, որն իր մարմնով էր գրում, այսինքն՝ իր զգացումները, ապրումները, տագնապները, սայթաքումները, սարսափները, ծանր վիճակից դուրս գալու փորձերը (հատկապես թմրամոլության ազդեցության տակից) այդչափ ճշգրիտ էր նկարագրում։ Որպես գրող՝ նա ինձ շատ հետաքրքրեց։
– «Մարմնով» գրելու ունակությունը շատ դիպուկ եք նշում։ Չե՞ք կարծում, որ շատ հաճախ գրողները չեն կարեւորում սեփական զգացմունքները, քանի որ իրենք իրենց այդքան էլ չեն սիրում։ Նրանք մտնում են այն մարդու մաշկի մեջ, որը կուզեին դառնալ, եւ հետո նրա անունից են գրում։
– Իրականում մարդը միշտ պիտի գրի իր մարմնով, քանի որ իր մարմնի միջով են անցնում բոլոր ապրումները։ Եվ իր մարմնին լսելով ալ՝ գրողը կարողանում է հանկարծ անակնկալ մի բան սովորեցնիլ մեզ։ Խնդրում եմ, ասածս մի ընկալեք որպես արվեստաբանի խոսք, ես պարզապես որպես գրականությունը շատ սիրող մարդ կխոսիմ։ Կարեւորն այն է, որ հիմա կարող եմ կոնկրետ օրինակներ բերիլ։ Շատ ուրախ եմ, որ կա գրող Արմեն Շեկոյանը, ում գրածը ես «Առավոտ» թերթում կարդացի ու ցանկացա անձնապես իր հետ ծանոթանալ։ Կարծեմ հիմա նա իր «Հայկական ժամանակ» վեպի 11-րդ հատորն է տպում։ Դա հրաշալի գրականություն է, Արմենը գրում է այն, ինչը զգում է, ինչը ապրել է եւ որեւէ ճիգ չի անում՝ իր ժողովրդին զգալու համար։ Նա պարզապես զգում է։ Արմենը գրելու շատ հետաքրքիր ձեւ է ընտրել ու անընդհատ մշակում է իր ոճը։ Նա գրում է Հայաստանում ապրող հայ մարդու զգացումների մասին։ Դրանք մեր ապրումներն են, ոչ ֆրանսիացու, ոչ ալ այլ ազգի մարդունը։ Մեր գրականությունն ընդհանրապես սկսել է զարգանալ եվրոպական կամ ռուս գրականության մոդելի վրա։ Քանի որ հայ ժողովուրդը իբրեւ պետություն, իբրեւ անկախ խումբ գոյություն չուներ, մարդիկ իրենց գրականությունը զարգացնում էին սկզբից թարգմանելով, հետո նմանակելով։ Օրինակ, շատ լավ, բարձր գրող Գրիգոր Զոհրապի գործերը կարդալիս, զգում ես, ասենք, Մոպասանի, Չեխովի ազդեցությունը։ Իսկ Արմենն ու Լուսինեն գրում են հենց մեր վիճակի, մեր կյանքի, մեր պրոբլեմների մասին։
– Այդ գրողները կարծես թողնում են, որ կյանքն իրենց գրածի մեջ պարզապես հոսի, առանց պատնեշների, ինքնացենզուրայի, տաբուների, դադարների։ Նրանք անկեղծ են։
– Այո, եւ դա է նորմալը։ Հայտնաբերելով Արմենին, ես հասկացա, որ մեր հայ գրականությունը մեռած չէ։ Նույնիսկ այն համոզումն ունիմ, որ աշխարհաբար հայ գրականությունը հենց հիմա է ծնվում։ Նախկինում չի եղել, իսկ հիմա ծնվում է, որովհետեւ առաջին անգամ է, որ հայ գրողներն ապրում են հայկական միջավայրի մեջ։ Այսինքն՝ իրենց երկրում։
Միգուցե այդ երկիրը թույլ, հիվանդ, վնասված երկիր է, բայց առաջին անգամ է, որ հայ գրողն այլեւս չի մտածում, թե Մոսկվան իրեն ինչ կասի, նա պարզապես գրում ու տպագրվում է։ Սա մեծ մխիթարանք է։ Գրող ըլլալը բարդ բան է։ Նկարիչն, օրինակ, միշտ ավելի ազատ է եղել, քան գրողը, որի գրած ամեն մի բառը հսկողության տակ է եղել։ Իհարկե նկարչության պարագայում ալ՝ եթե ուզեին մի պատմություն սարքիլ, անպայման սարքում էին, բայց նկարչին դժվար է ենթարկիլ։ Երբ, օրինակ, ուսումնասիրում էին Մինասի գործերը, նրա նկարած մեկ քառակուսի սանտիմետրում անգամ չէին կարող հակասովետական որեւէ բան գտնիլ, բայց սովետական իշխանությունները սարսափելի ատում ու վախենում էին նրանից։ Հենց նման վախից դրդված ալ Փարաջանովի պես մեծ արվեստագետին շինծու մեղադրանքով տարան բանտը գցեցին։ Փարաջանովը ոչ միայն մեծ արվեստագետի, այլեւ՝ արի մարդու կերպար է, ով ամեն ստորացումներուն հակառակ՝ չփչացավ, չվնասվեց։ Նա ոչ թե ինքն իրեն, այլ՝ իր գործն էր պաշտպանում։ Նա ազատ մարդ էր։
– Դուք իսկական որոնողական աշխատանք եք կատարում գրականության մեջ։ Իսկ նկարիչների շարքերում նույնը չե՞ք անում։
– Սովորաբար ես միշտ այցելում եմ բոլոր ցուցահանդեսները՝ հանկարծ ուրախանալու, անակնկալ նոր մի բան գտնելու համար։ Նկարչության մեջ (գրականության մեջ ալ թերեւս նույն վիճակը պիտի ըլլա) շատ բան կրկնվում է։ Տեսնում ես նկարն, ու տպավորություն է, որ այդ գործը քեզ ծանոթ է, կարծես որեւէ տեղ արդեն տեսել ես այն։ Հիմա արվեստի մեջ շատ ուժեղ է դրսի ազդեցությունը, եւ գրականության, եւ նկարչության, եւ երգի մեջ ալ նույնն է։ Ժողովուրդն արդեն սովորել է դրան, քանի որ միշտ էլ նույն վիճակում է եղել։ Մեր «հանցանքը» նրանում է, որ մենք փոքր ենք, ու մեզ միշտ ճնշել, ծեծել, քշել են։ Փոքր ըլլալը հանցանք է, փոքրին չեն հանդուրժում, քացի են տալիս, սպանում են։
– Ճնշված մնալը դրոշմվա՞ծ է մեր գեների մեջ։
– Հազար տարի առաջ էլ էինք նույնը, հիմա ալ նույնն ենք։ Մենք դատապարտված ենք փոքր ու ճնշված ըլլալու։ 20-րդ դարը գենոցիդի դար է (թուրքերի ու ռուսների կողմեն իրականացված)։ Եվ հակառակ դրան՝ մեր ժողովուրդը շատ շնորհքով, ընտիր ժողովուրդ է։ Հայը շատ ընդունակ է, պատրաստ է սովորիլ ու կըրնա ամեն դժվարության տակից դուրս գալ։ Բայց նա պետք է դա ուզի։ Տպավորություն է, որ հայ ժողովուրդը բնավ էլ չի ուզիլ դուրս գալ այդ վիճակից, ընդհակառակը՝ ուզում է փոքր մնալ ու սպասիլ, որ իրեն խփին։ Կարծես հաճույք է ստանում, երբ իրեն ծեծում ու սպանում են։ Ախր մենք միայն այս փոքր երկիրն ունինք, ինչո՞ւ չենք կըրնա իրարու հետ պահիլ այն։ Այդ մասին վերջերս շատ եմ մտածում։ Իհարկե, տակից դուրս գալու շնորհքը կօգնի մեզ, նորեն կշարունակինք ապրիլ։ Չէ՞ որ եւ դրսում, եւ ներսում կարողանում ենք ապրիլ, մեր ինքնությունը պաշտպանիլ ու վատ ալ չենք ընում դա։ Մեզ միայն կըրնան սպանիլ կամ էլ հիվանդացնիլ, ինչպես հիմա են ընում։ Ես համոզվեցի, որ հայ ժողովուրդն այսպես է ապրում. իրեն ջարդում, կոտորում են, բայց նա տակավին շարունակում է ստեղծագործիլ։ Եթե չհիվանդացավ, այսպես էլ շարունակելու է գոյություն ունենալ։
– Ժողովուրդը հիմա հիվա՞նդ է։
– Դժբախտաբար, այո, հայ ժողովուրդն այսօր հիվանդ է։ Եվ դա շատ պարզ եւ, միեւնույն ժամանակ, շատ ծանր հիվանդություն է, որը կոչվում է «գործազրկություն»։ Այդ հիվանդությունեն են սկսվում լեզվի խնդիրները, կաշառակերությունը եւ այլ շատ հիվանդություններ։ Հայ մարդիկ դարեր շարունակ, նույնիսկ օտար լծի տակ գտնվիլով, միշտ անկախ մարդիկ են եղել, որովհետեւ ունեցել են արհեստ ու իրենց վաստակածով կարողացել են ապրիլ։ Իսկ հիմա հազարավոր մարդիկ Հայաստանում անգործ են։ «Գործազուրկ» բառը հայերեն բառ չէ, դա բառ է, որը պիտի ծնվի մարդկային զարգացման որոշ պահին, կապիտալիստական հասարակարգի մեջ։ Հայերը երբեք գործազուրկ չեն եղել, ինչպես նաեւ՝ գործադուլ չեն արել։ Հայերը միշտ եղել են լավ արհեստավորներ, բավական է նայիլ հայերու ազգանուններին, որոնց մեծ մասը մասնագիտություն են մատնանշում՝ Դարբինյան, Ոսկերչյան, Դերձակյան։ Այն մարդը, որը աշխատանք ունի ու մի բան է ստեղծում, ազատ է։ Հիմա հայ մարդը ազատ չէ, եւ դա նրա մեղքը չէ։ Սովետական ռեժիմը մարդուն պրոլետարիատ դարձրեց, բայց հայ մարդը պրոլետար չէր։ Նա բանվոր չի աշխատիլ, նա արհեստավոր կամ ալ՝ հողագործ է եղած։ Բանվորն ու արհեստավորը տարբեր հոգեբանություն ունին, արհեստավորը ստեղծագործող է, իսկ նրան ամենացածր՝ բանվորի մակարդակի հասցրեցին, ասին՝ քեզանից ոչինչ կախված է։ Հողագործին ալ դարձրին հողի վրա աշխատող բանվոր, մինչդեռ հողը մշակող հողագործն ամեն ինչ գիտեր հողի, անձրեւի, եղանակի, ինքն իր մասին։ Եվ արդյունքն եղավ այն, որ հիմա Հայաստանի գյուղերում մարդիկ փող ունին, բայց չեն կըրնար հողը մշակիլ, քանի որ չգիտեն՝ ինչպե՞ս անիլ դա։ Բայց ես չեմ ուզիլ այդ մասին խոսիլ, մեր զրույցը գրականության մասին պիտի ըլլար։
– Արմեն Շեկոյանը նշում է, որ չի ուզում իր գրքերը գրախանութներում փոշոտվեն, այլ կյանք մտնեն՝ թերթի էջերից։ Շատ նկարիչներ էլ նույնն են ուզում՝ զգալով, որ թանգարանում կյանք չկա։ Ձեր կարծիքով՝ նկարչության «կենդանությունը» որտե՞ղ է։
– Զուտ տեխնիկական նոր հնարավորություններից ես տեղյակ չեմ։ Հասկանալի է, որ արվեստագետները նոր ճանապարհներ են փնտրում նկարչության համար։ Ես այդ իմաստով՝ հին մարդ եմ, գիտեմ, որ նկարը նկարում են կտավի վրա՝ յուղաներկով ու վրձնով։ Եթե նայինք Փարաջանովին, որին ես ոչ թե որպես կինոյի մարդ, այլ մեր մեծագույն նկարիչներից մեկն եմ համարում, ապա կտեսնինք, որ նա այնպիսի մակերես է դուրս գալիս, որն արդեն հեռանում է նկարչությունից եւ շատ լավ տեղավորվում է ֆոտո ու տեսասարքերի հարթության մեջ։ Իսկ թե նոր տեխնիկաները ինչպե՞ս կըրնան նոր բացահայտումներ անիլ, չգիտեմ։ Ես շարունակում եմ նկարել իմ նկարները կտավի վրա եւ ուրիշ ձեւ չգիտեմ։ Ավելին ինձ պետք չէ։ Հիմա խաղալիքներ եմ սարքում տարբեր գործիքներից։
– Աքցանները, պտուտակները, հարթաշուրթերը քանդակներ են դառնում։ Եվ նույնիսկ հայտնվում են կտավների մեջ։
– Սկզբում այդ գործիքները իբրեւ խաղալիք էի օգտագործում, հետո տեսա, որ նոր բան է ծնվում։ Ես գտնում եմ, որ խաղալը, խաղալիք ստեղծելը արվեստի մեջ ամենաբարձր բանն է, որովհետեւ խաղալու պահերին դուն պրետենզիաներ չունիս։ Դուն պարզապես զվարճանում ես, եւ այդ պահին նոր բան ես բացահայտում։ Երանի հիմա ես կարողանայի զվարճանալ նկարելով այնպես, ինչպես զվարճանում եմ այս քանդակները ստեղծելով։
Զրուցեց ՆՈՒՆԵ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ