ՖԵԴԵՐԻԿՈ ՖԵԼԻՆԻ, ՇԱՐԼՈՏԱ ՉԵՆԴԼԵՐ ԵՍ ՎԵՐՀԻՇՈՒՄ ԵՄ

10/02/2011 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

Սրտի տունը

Վերջնականապես ես տեղափոխվեցի Հռոմ 1938 թվականի հունվարին: Գնացքից իջնելով եւ ոտք դնելով կառամատույց, ես առաջին իսկ րոպեներից հասկացա, որ Հռոմը, որի մասին ես երազում էի, ինձ չի հիասթափեցնի: Այդպես էլ պատահեց: Ես աշխատանքի ընդունվեցի թերթում: Տասնութ տարեկան էի: Իմ վաստակած փողը ոչ մի բանի չէր բավում: Ես ինձ կարող էի թույլ տալ մի գավաթ սուրճ նախաճաշին, հաց եւ համեստ ընթրիք, բայց ճաշի համար փող չէր մնում: Բարեբախտաբար, այն սրճարաններում, որոնք ես հաճախ էի այցելում, ես օգտվում էի վարկից: Երբ գործերս ավելի հաջող ընթացան, ես սկսեցի ավելի կանոնավոր սնվել` կասկածելի առավելություն, ինչպես հետո պարզվեց:

Թերթի աշխատող դառնալուն ինձ դրդել էր Ֆրեդ Մաքմարիի գլխարկը: Լրագրողների մասին իմ պատկերացումները ես ստացել էի բացառապես ամերիկյան ֆիլմերից: Ամենակարեւորը, որ ես յուրացրել էի` նրանք շրջագայում են շքեղ մեքենաներով, եւ նրանց սիրում են գեղեցիկ կանայք: Արդեն հանուն դրա ես պատրաստ էի լրագրող դառնալ:

Իտալացի թերթագործների մասին ես դույզն-ինչ պատկերացում չունեի: Երբ իմ երազանքն իրականացավ եւ այնուհանդերձ լրագրող դարձա, ամեն ինչ այնքան ռոմանտիկ չէր:

Ես կիսով չափ հռոմեացի եմ: Մայրս` մաքրարյուն հռոմեացի է, նրա արմատները ուրվանշվում են 14-րդ դարի սկզբներից, բայց կարծում եմ, եթե խորը փորփրենք, ապա կարելի է ավելի հեռուն գնալ: Մեր նախնիների թվում էր եւ հանրահայտ (հնարավոր է, հարկ է ասել` տրտմորեն հանրահայտ) Բարբիանին: Նա դեղագործ էր, պապական շրջապատում էր, իսկ հետո նրան սենսացիոն դատավարությունից հետո բանտ նետեցին, որպես թունավորման նպատակով դավադրության մասնակցի: Անձամբ ես չեմ կասկածում նրա անմեղությանը: Ոչ մի այլ տեղեկություն չունենալով, ես, միեւնույն է, պետք է պաշտպանեմ նրան, չէ՞ որ նա իմ նախնին է: Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ եթե նա մեղավոր լիներ, ես դա կիմանայի:

Երբ Հռոմ եկա` կույս էի: Ես դա չէի խոստովանում Ռիմինիի ընկերներիս, որոնք (ըստ իրենց խոսքերի) մեծ սեքսուալ փորձ ունեին: Այն ժամանակ ես հավատում էի նրանց ամեն մի խոսքին: Ես էլ էի հուսահատ խաբում: Ես չէի կարող, իհարկե, մանրամասների մեջ մտնել, շատ քիչ բան իմանալով մարդկային հարաբերությունների այդ ոլորտի մասին` իմ փորձը գոյություն ուներ միայն երեւակայության մեջ: Հետագայում ես զարմանքով հայտնաբերեցի, որ երեւակայության եւ սեքսի միջեւ ուղիղ կապ կա: Երեւակայությունը` կարեւորագույն էրոգեն գոտին է: Հպարտանալով իմ սեքսուալ քաջագործություններով, ես երազներից էի ինֆորմացիա քաղում: Երազներն իմ հիասքանչ էին եւ մեծ բավարարվածություն էին պարգեւում: Դրանցում ես իսկական հերոս-սիրահար էի, իմ մարմինը երբեք չէր դավաճանում եւ չէր նեղում ինձ: Ոչ մի անշնորհքություն կամ պարապ բան չկար:

Ես հաստատ գիտեի, որ չեմ ուզում շուտ ամուսնանալ: Ես չեմ ուզում թակարդն ընկնել, որի մեջ ընկել էին հայրս ու մայրս: Աստված գիտե, թե ճակատագիրն ինձ ինչ է շնորհել, բայց ես հուսով էի, թե ես ապագա ունեմ, եւ ուզում էի այն ձեռք բերել:

Ես ծարավի էի ազատության: Ես չէի կարող կանոններով ապրել, որոնք մայրս էր հաստատել, ով համարում էր, թե պետք է իմանա իմ յուրաքանչյուր քայլը (թեեւ ես արդեն համարյա մեծ տղա էի), եւ եթե ես բավականաչափ հարգալից չէի խոսում նրա հետ, ինձնից վերցնում էր տան բանալիները: Երջանկությունը ես հասկանում էի որպես ազատություն:

Ելքը մեկն էր` ուղեւորվել բորդել: Այն օրերին հասարակաց տան հանդեպ վերաբերմունքն այլ էր, քան այսօր: Այն ընկալվում էր որպես կենսական անհրաժեշտություն: Եվ միաժամանակ զուգորդվում էր ինչ-որ արգելված եւ մեղսալի մի բանի հետ: Սատանայի անտեսանելի ներկայությունը, որ, հնարավոր է, բորդելի տիրուհու տեսք էր առել, մեծացնում էր հոգին կործանելու ռիսկը: Կաթոլիցիզմը սեքսը դարձրեց երեւակայությունը ծաղրող զբաղմունք` ընդ որում, առանց առանձնահատուկ կարիքի: Երիտասարդ տարիներին հորմոնները լրացուցիչ խթանիչի կարիք չեն զգում:

Իմ բախտը բերեց` երբ ես դահլիճ մտա, այնտեղ միայն մի ազատ աղջիկ էր նստած: Նա երիտասարդ էր: Փոքր-ինչ ինձանից մեծ: Նա բավական պատշաճ տեսք ուներ, իր ընկերոջը սպասող փառավոր աղջիկ: Եվ այդ ընկերը ես եղա:

Նրա հագին սեւ ժանյակավոր եւ ոչ էլ կարմիր ատլասե զգեստ չկար, ինչպես ընդունված է նմանատիպ կանանց շրջանում: Այդպիսի յուրահատուկ հանդերձանքը կարող էր ինձ վախեցնել: Հիշում եմ, ես այնքան հուզված էի, որ ցանկացած մանրուք կարող էր ինձ հավասարակշռությունից հանել:

Այդ աղջիկը շատ նուրբ ձայն ուներ, նա լռակյաց էր եւ ամենեւին ագրեսիվ չէր: Նա ամաչկոտ էակի տպավորություն էր թողնում: Ավելի ուշ ես որոշեցի, որ իմ կողմից մեծ միամտություն էր մտածելը, թե պոռնիկը կարող է ամաչկոտ լինել: Բայց տարիներ անց ես սկսեցի մտածել` իսկ ինչո՞ւ ոչ: Ես ճանաչել եմ ամաչկոտ դերասանների եւ դերասանուհիների: Ես ծանոթ եմ եղել ծաղրածուների, ովքեր, ծաղրածուական հանդերձանքն ու դնովի քթերը հանելուց հետո, դառնում էին ամաչկոտ մարդիկ: Ես գիտեի մի ամաչկոտ ռեժիսորի: Ես ինքս բավական ամաչկոտ եմ, երբ չեմ աշխատում եւ համակված չեմ ստեղծագործական էներգիայով, որը ստիպում է ինձ աշխարհի երեսին ամեն ինչ մոռանալ: Հնարավոր է, բոլոր մարդիկ ամաչկոտ են եւ պարզապես այլ են ձեւանում:

Երեւի աղջիկը գեղեցիկ էր։ Համենայն դեպս, այն ժամանակ նա ինձ համակրելի թվաց: Ճիշտն ասած, հիմա ես չեմ կարողանում նրա դեմքը հիշել: Լիովին հավանական է, որ հետո ինչ-որ անգամ ես անցել եմ նրա կողքով փողոցում, չճանաչելով: Իսկ նա կարող էր ինձ ճանաչել: Իսկ գուցե, հագուստով եւ չճանաչեր:

Հիշում եմ, հանդիպման ժամանակ ես մտածեցի, որ նա այն աղջիկներից է, ում հարկ է ճերմակ ձեռնոցներ բերել: Ես զարմացա, թե ինչու այսքան ջահել ու սիրունատես աղջիկը մենակ է նստած: Միայն տարիներ անց ես հասկացա, որ նա, երեւի, հենց նոր բաժանվել էր այլ այցելուից:

Ամեն ինչ հիասքանչ էր: Իրականությունն ակնկալվածից վատը չեղավ:

Հետո ես իմացա, որ աշխարհում գոյություն ունի եւ շատ ավելին` սեքսը սիրո մեջ: Իսկ այն ժամանակ, ես՝ տխմար ու անմեղ մի տղեկ, հավատացած էի, թե սիրում եմ այդ աղջկան, ում անունը հիմա չեմ հիշում, եւ չէի կասկածում, որ նա էլ, քանի որ մեզ համար այդքան լավ էր, սիրում է ինձ:

Ես ուզում էի նրան ավելի լավ ճանաչել: Ես նրան առաջարկեցի այլ տեղ հանդիպել: Երեւի թե, կանոնները դա արգելում էին: Հնարավոր է, եթե աղջկան ինձ հետ տեսնեին, ապա աշխատանքից հեռացնեին: Ես, որ դեռ ինքս չգիտեի, թե ինչպես պետք է փող վաստակեմ: Ես ի՞նչ իրավունք ունեի:

Իմ առաջարկությունն աղջիկը չընդունեց: Ոչ, նա չի կարող ինձ հետ հանդիպել այս տան սահմաններից դուրս, բայց փոխարենը՝ ես կարող եմ նրան այցելել այնքան հաճախ, որքան կամենամ: Նա համառորեն ինձ հրավիրում էր:

Ես պատրաստվում էի դարձյալ գալ, բայց ինչ-որ չէր ստացվում: Այլեւս ես այնտեղ չգնացի: Բայց մնացին ամենահիասքանչ հիշողությունները: Կարծում եմ, ես չէի ուզում տպավորությունը փչացնել: Կյանքս այլ ընթացք ունեցավ, եւ ես բորդել հաճախելու կարիք այլեւս չունեի, իսկ իմ փորձը ես, ինչպես կարողացա, օգտագործեցի իմ ֆիլմերում: Հասարակաց տունը` անգին փորձ է գրողի կամ ռեժիսորի համար:

Երբեմն ես հիշում էի այն աղջկան, ինքս ինձ հարց տալով, արդյո՞ք ես նրան չեմ նեղացրել այն բանով, որ այլեւս չեմ հայտնվել:

Ինձ միշտ հետաքրքրել է աշխարհը Իտալիայի սահմաններից դուրս, հատկապես Ամերիկան, բայց, Հռոմից դուրս գտնվելով, ես ամեն անգամ զգում էի, որ ինձ ինչ-որ բան չի բավում: Երկրի երեսին ոչ մի վայր, երբ ես հայտնվում էի այնտեղ, ոչ մի համեմատության չէր դիմանում դրա մասին իմ պատկերացման հետ: Միայն Հռոմը: Այն գերազանցեց իմ ամենահամարձակ սպասումները:

Երբ ես հայտնվեցի Հռոմում, ինձ թվաց, որ այնտեղ մշտապես ինչ-որ բան ուտում են: Ամենուր ես տեսնում էի մարդկանց, որ ախորժակով տարբեր համեղ բաներ էին ծամում, եւ դրանից թուքս կուլ էի տալիս: Ռեստորանների պատուհաններից ծիկրակում էին սպագետիներով փաթաթված բազում պատառաքաղներ: Ես նույնիսկ չէի կասկածում, որ մակարոնի այդքան տեսակներ կան: Իսկ հարստագույն պանրակրպակները, տաք հացի աննման բույրըգ

Ես փաստորեն ծնվել եմ ֆաշիզմի հետ նույն ժամանակաշրջանում: Փոքր ժամանակ ինձ վրա կրել եմ դաստիարակչական համակարգի ազդեցությունը, որը երկինք էր հանում պատերազմի հերոսներին: Մեզ ներշնչում էին, որ զինվորական համազգեստը եւ շքանշանները մարդկանց առանձնահատուկ են դարձնում, եւ նրանց, ովքեր այդ ամենի տերն են, հարկ է պատվել: Մեզ ուսուցանում էին, որ չկա ավելի արժանավոր բան, քան հանուն վսեմ գործի մահանալը, բայց այդտեղ ես վատ աշակերտ էի: Ես երբեք չեմ հիացել Մուսոլինիով: Նորություններում, որ ցուցադրում էին «Ֆուլգոր» կինոթատրոնում, նա սարսափելի տափակ տեսք ուներ: Նրա ողջ սեւ-սպիտակ կերպարից ես հիշում եմ միայն ճիտքակոշիկները:

Պատերազմը մեզ ներկայացնում էին ինչպես մի բան, ինչին հարկ է ձգտել` «ընդունելության» պես մի բան, որին բոլորն ուզում են ներկա լինել: Բայց ես նոր Հռոմի զինվոր դառնալու կոչերին կուլ չգնացի եւ մարշաքայլով չուղեւորվեցի թշնամու դեմ մենամարտի` ընդհակառակը, ես ամեն ինչ արեցի, որպեսզի «ընդունելությանը» ներկա չլինեմ: Ամենից շատ ես ուզում էի չկրկնել հորս ճակատագիրն Առաջին համաշխարհային պատերազմի օրերին: Այժմ իմ դիրքորոշումն եւ Մուսոլինիի բանակի զինվոր լինելու անկամությունը ճիշտ են թվում` այլապես ես նեցուկ կլինեի Հիտլերին եւ նացիստներին: Բայց այն օրերին ոմանք իմ այդ վարքը վախկոտության դրսեւորում էին համարում:

Ես կաշառում էի բժիշկներին եւ նրանց առաջ զանազան հազվագյուտ հիվանդություններ էի խաղում, դրանում հասնելով բավական վարպետության: Օրինակ, փայլուն կերպով պատկերում էի շնչահատությունը: Հաճախ հետազոտությունից առաջ ես մի քանի անգամ աստիճաններով վեր ու վար էի վազում: Ես այնքան համոզիչ էի հիվանդությունների ախտանիշների ցուցադրման մեջ, որ երբեմն ինքս էի դրանց հավատում՝ ինձ ահավոր վատ զգալով: Շատ ավելի վատ զգացի, երբ իտալացի բժիշկներին փոխարինեցին գերմանացիներըգ

Նշանակված ժամին ինձ հրավիրեցին սենյակ եւ առաջարկեցին հանվել:

Սպասելով իմ հերթին, ես գլխումս թարմացնում էի հիվանդության ախտանիշները: Բժիշկները պետք է զարմանան, որ ես դեռ ողջ եմ: Ես հուսով էի, որ աշխարհում եւ ոչ մի բանակ չի կամենա իր շարքերում այսպիսի հիվանդ զինվոր ունենալ:

Եվ ահա պատահեց դա: Ռումբ պայթեց:

Խառնաշփոթ սկսվեց: Շուրջբոլորը մարդիկ էին վազում: Ես դուրս թռա փողոց, առաստաղներն ու պատերը փլվում էին: Ես տրուսիկով դուրս թռա փողոց` գաջ ու փոշով պատված: Ձեռքիս կոշիկս էր, որ ես հասցրել էի վերջին պահին վերցնել, անհասկանալի է, թե ինչու էի միայն մեկը վերցրել:

Ես Բոլոնիայում ծանոթներ ունեի, նրանք հոսպիտալից հեռու էին ապրում: Ես տրուսիկով քայլում էի փողոցներով: Դա հիշեցնում էր Ռենե Կլերի ֆիլմերից մեկը, որի վերնագիրը չեմ հիշում, դրվագը, այնտեղ հերոսը կիսամերկ եւ թասակով մտնում է ոստիկանատուն, որ ինչ-որ բողոք ներկայացնի: Եվ ոչ ոք նրան չի կանգնեցնում, կարծես այդպես էլ պետք է: Ահա ինձ հետ նույն բանն էր կատարվում:

Լեգենդն ու փոքրիկ էկրանը

Փառքն ու լեգենդը` միեւնույն բանը չէ: Փառք ունենալով, աշխատելն ավելի հեշտ է: Ուսերիդ վրա լեգենդի բեռը զգալով` անհնար է:

Իմ կյանքի իմաստը աշխատանքի մեջ է: Միակ բանը, ինչին ես ձգտել եմ` աշխատելն է: Իսկ ակտիվ աշխատող ռեժիսորի համար լեգենդի պսակը ոչ այնքան պատվար է, որքան խոչընդոտ: Լեգենդի մեջ հետզհետե ես մտնում, համարյա՝ ինչպես ծերանում ես: Այն դառնում ես ոչ մեկ օրվա, եւ ոչ էլ մեկ տարվա ընթացքում, այդ պահը վրա է հասնում ինքդ քեզ համար էլ աննկատ, ինչպես նաեւ այն, երբ ողջ ակնհայտությամբ պարզվում է` քո վերջին ֆիլմն արդեն նկարահանված է, եւ քեզ ուղարկել են վաստակած հանգստի:

Ավանդույթ է դարձել երբեւէ Ֆելինիի ստեղծած մեծ կինոնկարները հիշատակելը, ընդ որում, չշտապելով տեսնել նրանք, որոնք ես նկարահանում եմ հիմա: Ընդհանրապես Ֆելինիի ֆիլմերի մասին չափազանց շատ է խոսվել` դրանց մասին բարբաջում էին նույնիսկ նրանք, ովքեր դրանցից որեւէ մեկը չեն տեսել: Արդյունքում ես նմանվեցի այն արձաններին, որոնց ոտքերի մատները սիրում էի խուտուտ տալ փողոցներով անցնելիս:

Հանրահայտ ռեժիսորին թույլատրված է ոչ միշտ հասնել հաջողության: Լեգենդը սպանում է վերլուծության առատությունը:

Ես բազմիցս նշել եմ, որ երբեք չեմ անում բարոյականությամբ հագեցած ֆիլմեր: Դա, անշուշտ, չի նշանակում, որ ես դրանց օգնությամբ ասելու բան չունեմ: Նույնիսկ ինձ հասնում են ազդակներն իմ պերսոնաժների շուրթերից: Այդպես, Կազանովան ինձ ասաց` «Ամենասարսափելին` սիրո բացակայությունն է»:

Դոնալդ Սազերլենդի մեջ ոչինչ չկար իր հերոսի իրական նախատիպից: Դա ինձ ձեռք էր տալիս: Լատինական սիրահարն ինձ պետք չէր: Ես բավականաչափ տեսել էի Կազանովայի դիմանկարները: Կարդացել եմ այն, ինչ նա գրել է: Ես պետք է նրա մասին ամեն ինչ իմանայի, բայց ձգտում էի այն բանին, որ այդ գիտելիքը չափազանց ազդեցություն չգործի պերսոնաժի մասին իմ նախնական պատկերացման վրա: Ես Դոնալդին զարդարեցի օտար քթով, օտար դնչով, ի հավելումն՝ նրա մազերի կեսը խուզեցի: Կազանովան` մանեկեն է: Կենդանի տղամարդը հարկ է որ փոքր-ինչ անհանգստացած լինի այն բանից, թե ինչ կզգա կինը նրա կողքին: Իսկ նա` նա ամբողջովին տարված է սեփական սեքսուալ վարպետության գաղտնիքներով, ըստ էության, մեխանիկական, ինչպես այն թռչուն-ամանակաչափը, որին նա իր հետ ամենուր քարշ է տալիս: Քանի որ Կազանովան ինձ պատկերանում էր որպես մանեկեն, միանգամայն բնական էր թվում, որ նա պետք է սիրահարվի մեխանիկական տիկնիկի` կնոջ իր իդեալը:

Իմ մանկական հափշտակվածությունը տիկնիկային թատրոնով, տիկնիկավարի իմ փորձը «Կազանովայում», ես կարծում եմ, ավելի ակնհայտ է, քան ցանկացած որեւէ այլ ֆիլմում: Հավելեմ, որ ես ինքս հմայված էի՝ երկար մնալով հերոսիս կողքին: Ես միշտ ձգտել եմ, որքան հնարավոր է, գտնվել յուրաքանչյուր նկարահանվող ֆիլմի «ներսում»: Սուզվելով դրանցից որեւէ մեկի մեջ, ես խորքեր էի հայտնաբերում, որոնց մեջ ներթափանցելն այլ կերպ պարզապես տրված չի: Ինձ միշտ հարցնում էին` «Ինչո՞ւ դուք եւս մեկ «Քաղցր կյանք» չեք նկարահանում»: Պատասխանում եմ` ես այդպես էլ վարվեցի: «Կազանովան» դարձավ 19-րդ դարի նախաշեմը նետած «Քաղցր կյանքը», միայն թե ոչ ոք դա չնկատեց:

Իմ տեսանկյունից, հեռուստատեսությունը ինչ-որ սկզբունքորեն այլ բան է, քան կինեմատոգրաֆիան: Երբ մարդիկ հավաքվում են կինոդահլիճում, այնտեղ իշխում է հանդիսանքի թաքնաթաքուր աուրան: Հեռուստատեսությունում դա չէ: Այն քեզ վրա է հասնում տանը, երբ քո պաշտպանական հակազդեցությունները ննջում են: Ձեր ֆիլմի ներխուժումը տուն հեռուստացույցի էկրանից ինչ-որ բանով հիշեցնում է խաղ օտար դաշտում` պահի ողջ հանդիսավորությունը, ողջ ակնածալի լռությունը ինչ-որ տեղ անհետանում են: Հայացք նետեք հասարակության վրա` այն կիսատկլոր է եւ փորն է լցնում: Իմ հեռուստաաշխատանքների քննարկումից առաջ ես այլ կերպ եմ տրամադրված լինում, քան այն ժամանակ, երբ պատրաստվում եմ խոսել իմ կինոժապավենների մասին: Չէ՞ որ այն, որ պետք է տեսնվի փոքրիկ «պատուհանիկի» միջոցով, ձեր մեջ տեղից ելնելու եւ կինո գնալու ցանկություն չի առաջացնում: Հեռուստատեսային արտադրությանը օրգանապես բնորոշ չէ կինոհանդիսանքի մոգությունը: Բայց ես հպարտանում եմ այն ամենով, ինչ արել եմ հեռուստատեսության համար, քանի որ հասել եմ մաքսիմումի, աշխատելով այնքան կարեւոր ոլորտում, որ չհամագործակցել դրան անհնար է: Քամահրել հեռուստատեսությունը պարզապես անհնար էր, այնքան որ նշանակալի է նրա դերը մեր ժամանակակիցների մտածողության կերպի ձեւավորման մեջ: Միաժամանակ ես չէի սկսի պնդել, որ հեռուստաֆիլմերում իմ անհատականությունն արտահայտվել է նույնքան ուղղակի եւ անմիջականորեն, ինչպես իմ կինոժապավեններում: Կինոյի համար նկարահանած իմ ժապավենները` երեխաներս են: Հեռուստատեսության համար արված ֆիլմերը` զարմիկներս ու զարմուհիներս:

«Նվագախմբի փորձը» ոչ թե պարզապես ժապավեն է նվագախմբի փորձի մասին, թեպետ, անշուշտ, վերջինս` նրա սյուժեի կենտրոնում է: Դրանում ուրվագծված է այն իրավիճակը, որ ձեւավորվում է մարդկանց ցանկացած խմբում, որ միավորված է ինչ-որ ընդհանուր գաղափարով, սակայն դրա հետ մեկտեղ՝ յուրաքանչյուրն ընկալում է նրա որոշումը յուրովի, ինչպես, ասենք, սպորտային մրցասպարեզում: Բացահայտելով այդպիսի իրավիճակը, ես ինչ-որ բաներ եմ ներմուծել կինոռեժիսորի իմ փորձից: Հավաքվելով փորձի, երաժիշտները դահլիճ են բերում ոչ միայն իրենց երաժշտական գործիքները` նրանք ոչ մի տեղ չեն կարող փախչել իրենց բնավորություններից, անձնական խնդիրներից, ցավերից, կանանց կամ սիրուհիների կռվարար ձայներից, եւ դե թեկուզ Հռոմի փողոցային իրարանցման տենդից: Ընդ որում, ինչ-որ մեկը ներկա է փորձի դահլիճում սոսկ անվանապես` մարմնով եւ իր գործիքով, ինչ-որ մեկը` պրոֆեսիոնալ հպարտության զգացողությամբ, իսկ շատ քչերը` հոգով եւ մարմնով:

Կուտակված երաժշտական գործիքների տեսքը տարօրինակ է եւ բազմատեսակ, բավ է համեմատել ձգված, անճոռնի ֆագոտը նուրբ, ջրահարսի պես նրբագեղ սրինգի հետ (իսկ չէ՞ որ դրանք շատ հաճախ ստիպված են լինում կողք կողքի լինել), կամ գեղանի քնարի հետ, որ միայնակ հառնում է մի կողմի վրա, լացող ուռենու նման, կամ չարագույժ տուբայի հետ, որ օղակաձեւ կծկվել է անկյունում, հանց քնած պիթոն, կամ կանացի թավջութակի հետ: Անհնար է հավատալ, որ կգա պահը, եւ այդ անհամակցելիի անըմբռնելի համակցումը` մարդու, ծառի, մետաղի, միաձուլվելով, կմարմնավորվի ինչ-որ վսեմ ու անկրկնելի բանում, կվերածվի երաժտության տարերքի: Ես այնքան ցնցված էի աղմուկի եւ քաոսի միջից այդ ներդաշնակության ծնունդից, որ հանկարծ պայծառատեսություն ապրեցի` չէ՞ որ այս իրավիճակն այլ բան չէ, քան հասարակության փոխաբերությունը, ուր ինքնարտահայտումը հնարավոր է միայն այս կամ այն անսամբլի շրջանակներում: Երկար ժամանակ ես կամենում էի ինչ-որ փոքր վավերագրական ֆիլմ անել, որում ես կկարողանայի արտահայտել հիացմունքի այդ անկեղծ զգացողությունը այդ հրաշքից, եւ որը հանդիսատեսի մեջ կսերմաներ հանդարտեցնող զգացողությունն այն բանի, ինչը կարելի է միասին անել` չկորցնելով սեփական անհատականությունը` ինչ-որ օգտակար եւ գիտակցված մի բան:Գործողության օպտիմալ միջավայր ինձ թվաց հենց նվագախումբը: Աշխատանքն այդ ֆիլմի վրա սկսվեց 1978 թվականին, երբ մյուս նախագծերը («Ջ. Մաստորնայի ճամփորդությունը», «Կանանց քաղաքը») մի կողմ դրվեցին: Պետք է խոստովանեմ, որ իմ վերաբերմունքն առ երաժշտությունը միանշանակ չէ, այն հանգեցվում է պաշտպանական հակազդեցության: Ես ինձ մշտապես որսում եմ այն բանում, որ բնազդաբար փորձում եմ նրանից թաքնվել: Քանի որ երաժշտությունն ունկնդրողին ամբողջովին իր տրամադրության տակ դնելու դավադրական հատկություն ունի, ես գերադասում եմ այդ դերում գտնվել խիստ ընտրությամբ: Չէ՞ որ այն ինչ-որ չափազանց լուրջ բան է, որպեսզի վերածես կողքից հնչող աղմուկի: Երբ ես, ասենք, մտնում եմ ռեստորան կամ բնակարան, որտեղ երաժշտությունը թնդում է դինամիկներից, խնդրում եմ անջատել այն` նույն տոնով, որով խնդրում եմ փակ շինության մեջ չծխել: Ինձ համար անտանելի է պասիվ ունկնդրող, պասիվ ծխող, պասիվ ինչ-որ բան լինելը: Չեմ հասկանում, թե ինչպես մարդիկ կարող են ուտել, խմել, կարծիքներ փոխանակել, մեքենա վարել, ընթերցել, նույնիսկ սեր անել երաժշտության ներքո: Միայն պատկերացրեք` դուք ստիպված եք լինում արագ ծամել, որպեսզի հանձնարարված ռիթմից դուրս չընկնեք: Եվ չէ՞ որ վիճակն անշեղորեն վատանում է: Չսպասված երաժշտությունը դառնում է նույնպիսի չարիք, ինչպիսին է օդի աղտոտումը: Նյու Յորքում երաժշտությունն ինձ վրա էր հասնում լսափողի մեջ, վերելակում, նույնիսկ զուգարանում` համարյա թե վերջին տեղում, ուր կարելի է պասիվ ունկնդրող գտնել:

Այդպիսի փոքր վավերագրական ժապավեն ստեղծելու հնարավորությունը եղավ իտալական հեռուստատեսությունում: Պայմանը այն հեռուստատեսային ֆորմատով անելն էր: Ստիպված եղա խնդիրը խցկել փոքր տուփի մեջ: Ֆիլմի բյուջեն յոթ հարյուր հազար դոլար էր կազմում: Այն ամենը, ինչ կապված էր գեղարվեստական լուծմանը, թողնված էր իմ հայեցողությանը: Օձ-գայթակղիչն այդպիսի կերպարանք առավ:

Կային, անշուշտ, եւ սահմանափակումներ: Ինձ ասացին, որ պիտի գերակշռի խոշոր պլանը, որ ֆիլմը ութսուն րոպեից ավելի չպիտի տեւի, եւ որ այնտեղ չպիտի լինի մերկ բնորդ:

Նախկինում ես երկու հեռուստաֆիլմ էի արել՝ «Ռեժիսորի օրագիրը» եւ «Ծաղրածուները», եւ ամեն անգամ դա նշանակում էր անկապակից, ընդհատ-ընդհատ կերպարների մեջ մտնել:

Հենց այն ժամանակ, երբ ես պատրաստվում էի նկարահանել «Նվագախմբի փորձը», շրջապատող աշխարհում ինչ-որ մղձավանջային բան տեղի ունեցավ` տնաբույծ «կարմիր բրիգադները» առեւանգեցին ու սպանեցին Ալդո Մորոյին՝ պրեմիեր մինիստրին եւ իմ ծանոթին: Տեռորիզմը` այն անընդունելի, անպատկերացնելի իրականության ոլորտից է, որը ես ունակ չեմ ընկալելու: Խորհրդածելով դրա մասին, շվարում ես: Ինչպե՞ս կարելի է սպանել մեկին, ում չես ճանաչում, իսկ հետո գործածիդ գիտակցությամբ անցկացնել կյանքիդ մնացած օրերը: Ի՞նչ դեւեր են քո մեջ բուն դնում: Պատերազմի ժամանակ մարդկանց մեծամասնությանը համակում է կոլեկտիվ խելագարությունը: Ինձ վրա աղոտ կերպով ազդել է իմ ծանոթությունը պատերազմի հետ: Եվ ահա պատերազմը սովորական խոսքից վերածվեց իրականության` այն բանի, որ ոչ թե արտաբերում ես լեզվով, այլ զգում ես ողջ էությամբ:

«Դա ինչպե՞ս կարող էր պատահել, մաեստրո»,- հարցնում է տարեց երաժիշտը դիրիժորին: Նա պատասխանում է` «Մենք պարզապես ուշադրություն չդարձրինք»:

Հիշում եմ, մի անգամ բանվորների բրիգադը մայթից հանում էր ասֆալտե ծածկույթը: Դրա տակ հայացքին էր դեմ առնում հողը` ճիշտ նույնպիսին, որի վրա ոտք ես դնում ինչ-որ տեղ ջունգլիներում: Մի՞թե մեր քաղաքակրթության շերտն այդքան բարակ է: Մի՞թե ժամանակակից քաղաքակիրթ մարդու գանգի տակ ապրում են նույն պրիմիտիվ բնազդները, որ սպառնում են առաջին իսկ հնարավորության դեպքում քայքայել մարդկային խմբակցությունը: Այդ մռայլ մտքերը պտտվում էին իմ գլխում, երբ ես մտածում էի իմ կարճ վավերագրական ֆիլմի մասին: Եվ միայն, երբ այն ավարտվեց, ես հասկացա, թե դրանք որքան են գունավորել իմ աշխարհազգացողությունն ու իմ ֆիլմը:

Ինքը՝ գործողության վայրը, արդեն մեկնություն է քսաներորդ դարի համար: Այն բանից հետո երբ մթին էկրանի վրա հայտնվում են տիտրերը, որ ուղեկցվում են Հռոմի փողոցային շարժման դժոխային աղմուկով, ձեր առջեւ պատկերանում է մոմերով լուսավորված տաճարի ներսը: Նոտաներ արտագրող ծերունին, որ տեղավորում է պարտիտուրները, հագնված է՝ ինչպես այլ դարաշրջանի մարդ: Նա ինձ պատմում է (այսինքն խցիկին), որ եկեղեցին կառուցված է 13-րդ դարում, եւ որ նրա սալիկների տակ հանգչում են երեք պապեր եւ յոթ եպիսկոպոսներ: Իր հիասքանչ ակուստիկ հատկությունների շնորհիվ՝ շինությունը վերանորոգվել էր նվագախմբային փորձերի համար: Հռոմի համար, ուր ամեն ինչ` պատմություն է, եթե ոչ հնէաբանություն, դա այնքան էլ արտասովոր բան չէ:

Հետզհետե այդ սարսուռ ազդող շինության մեջ հավաքվում են նվագախմբի անդամները: Նրանցից շատերն այնպիսի տեսք ունեն, կարծես թե նրանք եկել են ֆուտբոլային հանդիպման, այլ ոչ թե երաժշտական փորձի: Նրանցից մեկն իր հետ նույնիսկ մի փոքրիկ ռադիո է բերել, որպեսզի հետեւի խաղի ընթացքին եւ դրա մասին հայտնի իր գործընկերներին: Սակայն, բոլորը չէ, որ այդքան հաստակաշի են: Տարեց ոմանց, մասնավորապես՝ ձեռագրեր արտագրող ծերունու համար հիշելի են այն ժամանակները, երբ նվագախմբի անդամներն իրենց կոչումին ավելի լուրջ էին վերաբերվում եւ արդյունքում՝ ավելի լավ էին նվագում:

Ոմանց ես հարցեր եմ տալիս, ինձ բացատրում են իրենց գործիքների հետ փոխհարաբերությունների գաղտնիքները: Գործիքի հետ կապը զարգացվում եւ այլացվում է` ֆագոտիստը ատում է իր ֆագոտի ձայնը, քնարահարուհու համար քնարը` իր միակ մտերիմ էակն է: Ինքը՝ քնարահարուհին, փոքր-ինչ հիշեցնում է Օլիվեր Հարդիին, այդ պատճառով առաջին անգամ հայտնվելիս խաղացկուն տրամադրված փողային նվագարաններ գործածող երաժիշտները կատակներ են անում, ի հայտ բերելով Լաուրելի եւ Հարդիի թեման: Նա էլ է շատ սիրում ուտել: Նա սիրում է իր աշխատանքը: Եվ հակված չէ կաշվից դուրս գալու` շրջապատողներին հաճոյանալու համար: Ի հակադրություն սրնգահարուհու, ով (ի դեպ, նա իր բարալիկ մարմնով ասես կրկնում է գործիքը) պատրաստ է անիվի պես պտտվելու, միայն թե գրավի իմ ուշադրությունը:

Նվագախմբի անդամները միմյանց հետ շփվում են իտալերենի բոլոր բարբառներով, ոմանք նույնիսկ արտասահմանյան շեշտով` ամենից առաջ գերմանացի դիրիժորը, ով, բորբոքվելով, շատ հաճախ անցնում է տեւտոնական արտասանության: Գործի նկատմամբ իր վերաբերմունքը կրոնական ակնածանք է հիշեցնում, եւ, հավանական է, նրան փոքր-ինչ նեղում է, որ նա ստիպված է ինչ-որ գավառական իտալական փոքրիկ նվագախումբ ղեկավարել, այլ ոչ թե Բեռլինի ֆիլհարմոնիկը: Այդ դերակատարն ազգությամբ հոլանդացի է, ես դեմ առա նրա լուսանկարին, երբ ուրիշ դերակատարի էի փնտրում, բայց նրա դեմքը դրոշմվեց հիշողությանս մեջ: Ես շատ լավ տեսողական հիշողություն ունեմ, հատկապես դեմքերի առումով:

Փորձը տեմպ է հավաքում, ինչպես Հռոմի փողոցային շարժումը՝ սկզբնատիտրերում: Երաժիշտների մեծ մասը ձգտում է ավարտել այն եւ մի այլ տեղ գնալ: Ուր պատահի: Նրանց համար դա ընդամենը աշխատանք է, ինչպես «Ֆիատի» աշխատողների համար: Աշխատանքի հանդեպ նմանատիպ վերաբերմունքը, նույնիսկ ստեղծագործական ասպարեզում, այժմ շատ հաճախ է պատահում: Պրոֆմիության հարցերով:

Տեսնելով, որ նվագախմբի երաժիշտները գլուխ են պահում, դիրիժորը ագրեսիվ ու ամբարտավան է դառնում, ի վերջո կատաղի վեճ է ծավալվում, իսկ այնուհետեւ` տարերային խռովություն, որի ընթացքում պատերից կախված գերմանացի կոմպոզիտորների վրա են թռչում կղկղանքները:

Ի վերջո դիրժորի տեղում մի վիթխարի մետրոնոմ են կանգնեցնում, բայց հետո դա էլ են ավերում:

Այդ երեխայական անկարգությանը վերջ է դնում պողպատյա ահագին գունդը` փողոցային բրիգադի բանվորների գործիքը՝ խարխուլ շինությունները քանդելու համար: Անխղճորեն պատը քանդելով, այն ներխուժում է, անվերադարձ տանելով Կլարայի կյանքը` մեր սիրելի քնարահարուհու: Այսպիսով, կարգոկանոնին նորից փոխարինելու է գալիս քաոսը` գործընթաց, որը նորիցնոր ստիպված է ապրելու մարդկությունը: Սակայն, ինչպես եւ ցանկացած կործանման ընթացքում, ինչ-որ թանկարժեք մի բան ընդմիշտ կորչում է` այսուհետ նվագախումբը ստիպված կլինի ապրելու առանց քնարահարուհու եւ նրա պարտիայի: Այսպիսով, կորսված է գանձը` գուցե անվերադարձ: Ահա թե ինչն է ամենակարեւորը:

Փողոցային բրիգադի պողպատյա գունդը` մարդկային արժեքների թշնամին է:

Չեմ թաքցնի, ինձ հաճախ է շփոթեցնում այն, թե ինչ են մարդիկ գտնում իմ ստեղծագործության մեջ: Արարողի դերն այն է, որ բացի, այլ ոչ թե նեղացնի աշխարհը: Սակայն երբեմն դա վերածվում է սալոնային խաղի տարատեսակության, ուր մի մասնակից ինչ-որ բան է ասում իր հարեւանին, նա` իր, եւ այդպես շարունակ, արդյունքում, երբ խոսքը վերադառնում է ստեղծողին, նա դրա իմաստը չի հասկանում:

Հիշում եմ, մի անգամ, զուգարան մտնելով, ես մի անծանոթ մարդու լսեցի, ով հենց նոր էր նայել «Նվագախմբի փորձը»` «Դուք միանգամայն ճիշտ եք: Մեզ այսօր իրոք պետք է Քեռի Ադոլֆը»։ Ես խանութս փակեցի ու փամփուշտի պես դուրս թռա: