Սիրիայում ինտերնետից օգտվողները վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ ազատ կարող են մուտք գործել «Facebook», «Twitter», «Youtube» կայքեր: Այդ մասին գրել է անգլիական «Guardian» թերթը: Սիրիայի իշխանությունների այս քայլը դիտվում է որպես Եգիպտոսում եւ Թունիսում տեղի ունեցած նմանատիպ իրադարձություններն իրենց երկրում կանխելու քայլ:
Հիշեցնենք, որ «The Wall Street Journal»-ին տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել էր, որ Սիրիային չեն սպառնում զանգվածային հակակառավարական ցույցեր, քանի որ Սիրիայում կատարվում են անհրաժեշտ բարեփոխումներ: Փետրվարի 5-ին սոցիալական կայքերում կազմակերպված «ցասման օրը» Սիրիայում այդպես էլ չկայացավ, ինչն էլ, թերեւս, եղել է մի շարք կայքեր մուտք գործելու արգելքը հանելու պատճառը: Նշենք, որ արգելքը դադարեցնելու մասին որեւէ պաշտոնական հայտարարություն չի հնչել. պարզապես պրոքսի սերվերների օգնությամբ այդ կայքերի արգելքը հաղթահարող այցելուները երեքշաբթի օրը պարզել են, որ արգելք այլեւս չկա: