Աշխարհահռչակ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան պատրաստվում է ֆիլմ նկարահանել սերբ գրող, գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Իվո Անդրիչի «Կամուրջ Դրինի վրա» ստեղծագործության հիման վրա: Գրքում իրադարձությունները ծավալվում են Վիշեգրադում` Բոսնիայի հյուսիսում գտնվող քաղաքներից մեկում` ժամանակային առումով ընդգրկելով 4-դարյա ժամանակահատված: Սյուժեի հիմքում ընկած է քրիստոնյաների ու մուսուլմանների համակեցության խնդիրը` սկսած Օսմանյան կայսրությունից մինչեւ Ավստրո-հունգարական կայսրություն ու Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբ: Կուստուրիցայի մտահղացումն արդեն հավանության է արժանացել Սերբիայի կառավարության կողմից: Ներկայումս ռեժիսորը փորձում է ստանալ բոսնիական կողմի աջակցությունը: Քաղաքի հնագույն պատկերը վերստեղծելու նպատակով Կուստուրիցան նախատեսում է կառուցել հսկայական դեկորացիաներ: Դեռեւս հայտնի չէ, թե երբ է Կուստուրիցան սկսելու ֆիլմի նկարահանման աշխատանքները, ովքեր են լինելու դերասանները եւ ով է ֆինանսավորելու ֆիլմի նկարահանման աշխատանքները: Նշենք, որ Իվո Անդրիչի «Կամուրջ Դրինի վրա» վեպն առաջին անգամ հրատարակվել է 1945թ.: Ընդունված կարծիքի համաձայն, հենց այդ ստեղծագործության շնորհիվ էլ 1961թ. Անդրիչին Նոբելյան մրցանակ է շնորհվել: