Հայկական կադրեր՝ մեծ ֆիլմում

10/02/2011

Հոլիվուդյան պրոդյուսեր Րիդլի Սքոթի եւ ռեժիսոր Քեւին ՄակԴոնալդի տարբեր երկրներում նկարահանված «Life in a day» վավերագրական ֆիլմը սկսվում է երիտասարդ հայազգի ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի` Հայաստանում նկարահանված տեսարանով: Ինչպե՞ս հայ ռեժիսորի փոքրիկ ֆիլմը հայտնվեց աշխարհահռչակ ռեժիսոր Քեւին ՄակԴոնալդի վավերագրական ֆիլմում: Պրոդյուսեր եւ ռեժիսոր Րիդլի Սքոթը, ով հայտնի է հանրությանը՝ որպես «Գլադիատոր» ֆիլմի ռեժիսոր, անցյալ տարի ֆիլմերի մրցույթ հայտարարեց, որի համաձայն՝ աշխարհի տարբեր երկրներից տարբեր ռեժիսորներ պետք է մի քանի րոպե տեւողությամբ շատ կարճ վավերագրական ֆիլմեր նկարահանեին` մեկ օրվա մասին: Լիլիթը, ի թիվս այլազգի մի շարք ռեժիսորների, ներկայացրել էր իր աշխատանքը: Արդյունքում՝ նրա նկարահանած տեսարանով էլ սկսվելու է «Լife in a day» վավերագրական ֆիլմը:

«Մեզ բոլորիս առաջադրանք էր տրված միայն հուլիսի 24-ին` առավոտից մինչ օրվա վերջ, նկարահանել կարճ վավերագրական ֆիլմ` հուլիսի 24-ի մասին: Նկարահանել կարող էինք անգամ բջջային հեռախոսով: Հուլիսի 24-ը ընտրված էր այն պատճառով, որ ոչ տոնական, սովորական օր էր: Եվ ֆիլմում փորձ էր արվել հասկանալ, թե ինչպե՞ս է աշխարհի տարբեր ծայրերում անցնում այդ շատ սովորական օրը` հուլիսի 24-ը: Ինձ համար ֆիլմը գալիս է ասելու, որ յուրաքանչյուր օր կարեւոր է եւ իմաստալից: Եվ պարտադիր չէ, որ այն կարմիր գույնով նշված լինի օրացույցում»,- ասում է ռեժիսոր Լ. Մովսիսյանը: Նրա ներկայացրած «Երեւան քաղաքի լույսերը» ֆիլմի հերոսը դերասան եւ հաղորդավար Արսեն Գրիգորյանն է, ով հանդես է եկել հարբեցողի դերով: Ա. Գրիգորյանը համառոտ պատմեց մեզ, թե ինչպես է սկսվում «Լife in a day» ֆիլմը: «Այգում արբած վիճակում նստած իմ հերոսին պատահական անցորդ է մոտենում եւ հարցնում, թե ի՞նչ օր է այսօր: «Իմ կյանքի ամենալավ օրն է այսօր»,- ասում է հարբեցողը` գարեջուր խմելով: «Օրացույցով, ի՞նչ օր է»,- կրկին հարցնում է անցորդը: «Ի՞նչ հիմար հարց ես տալիս: Հուլիսի 24-ն է»,- պատասխանում է նա` հեռախոսի մեջ նայելով:

Ռեժիսոր եւ պրոդյուսեր Րիդլի Սքոթը հուլիսի 24-ին ԱՄՆ-ում կազմակերպելու է «Life in a day» 90 րոպեանոց ֆիլմի պրեմիերան, որին հաջորդելու է ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Ֆիլմի ռեժիսոր Քեւին ՄակԴոնալդը հսկայական աշխատանք է տարել.197 երկրներից ուղարկված 95.000 տեսանյութերից, որոնք ընդհանուր առմամբ կազմում են 4500 ժամ, մոնտաժել եւ ստեղծել է 90 րոպե տեւողությամբ վավերագրական ֆիլմ: Նման նախաձեռնության նպատակն է` մեկ ընդհանուր ֆիլմի մեջ հավաքել եւ ներկայացնել տարբեր երկրներում տարբեր ազգերի ընդամենը մեկ շատ սովորական, բայց եւ կարեւոր օրը` հուլիսի 24-ը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ