Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասամբ բավարարել է ԱԺ գործարար պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Լեւոն Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի կողմից բարոյական վնասի հատուցման պահանջով «Հայկական Ժամանակ» օրաթերթի դեմ հարուցված հայցը: Ըստ դատարանի որոշման, «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հոդվածում հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Դատարանը պարտավորեցրել է «ՀԺ»-ին` դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հերքում տպագրել եւ պատգամավորներից յուրաքանչյուրին վճարել 2 միլիոն 44 հազար դրամ: Երեկվա որոշմամբ՝ ըստ էության սկիզբ է դրվում նախադեպը չունեցող երեւույթի. իշխանությունների պատվերով գործող դատարանը հերքում եւ վնասի փոխհատուցում է պահանջում ոչ թե տեղեկատվության աղբյուրից, այլ այդ տեղեկատվությունն ընդամենը հրապարակած լրատվամիջոցից: Հիշեցնենք, որ ՀԺ-ի այդ հոդվածում նշվում էր, որ ՌԴ իրավապահները կազմել եւ Մոսկվայում գործող «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ քննարկել են իրենց քննած քրեական գործերում շրջանառվող հայաստանյան պաշտոնյաների ու պատգամավորների մի ցուցակ, որում նշված են եղել նաեւ վերոնշյալ երեք անունները: Ընդ որում, դրանից հետո նույն Կարախանյանը տարբեր լրատվամիջոցներում մի քանի անգամ կրկնել է այդ տեղեկությունը: