Բարիշե՞լ են

08/02/2011

Լավատեղյակ աղբյուրների համաձայն, առաջիկա օրերին, չի բացառվում՝ նաեւ այսօր, վերջնականապես կհանգուցալուծվեն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ անցած տարվանից սկսված տարաձայնությունները: Մեր տեղեկություններով, այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ղեկավար կազմերի` երեկ առավոտյան կայացած հանդիպման ժամանակ: Ըստ այդմ, առաջիկա օրերին կայանալու է կամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը (խոսքը ոչ թե կուլիսային, այլ հրապարակային հանդիպման մասին է, որի արդյունքների վերաբերյալ պաշտոնապես հայտարարվելու է), կամ կոալիցիայի նիստ, որի օրակարգում լինելու է կոալիցիային ԲՀԿ-ի անդամակցության հարցը: Իշխանական շրջանակներում ավելի հավանական է համարվում, որ, ի վերջո, այս պատմությունը կավարտվի նրանով, որ կոալիցիան` ԲՀԿ-ով հանդերձ, պաշտոնապես կհայտարարի 2013 թվականի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին:

Այս տարբերակի օգտին են խոսում նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հայտարարությունները: