Ամեն ինչ հնարավոր է փոփոխվող աշխարհում

08/02/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Ի՞նչ կարծիք ունեք խորհրդարանում Վերին պալատ ստեղծելու գաղափարի մասին:

– Դեռ սաղմնային վիճակում է, պետք է քննարկվի: Բոլորդ էլ գիտեք, որ դա ուղղակի կապված է Սահմանադրության հետ, պետք է իրականացվի Սահմանադրության բարեփոխում:

– Բայց այսօր աշակերտների հետ հանդիպման ժամանակ ասել եք, որ հիմա դրա ժամանակը չէ:

– Ոչ, ասել եմ, թե դա մեր քննարկվող հարցերի շարքում է: Ես գտնում եմ, որ ավելի կարեւոր հարցեր ունենք քննարկելու եւ լուծելու. մեր արտաքին քաղաքականությունը, մեր Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել խաղաղ բանակցությունների արդյունքում: Դա, իմ կարծիքով, ավելի գերակա է, քան երկպալատ խորհրդարանի մասին քննարկումը:

– ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգություն կա: Հնարավոր համարո՞ւմ եք, որ ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս գա:

– Ես այդ հրաձգությունն ԱԺ-ում չեմ զգում, երեւի դուք էլ եք ականատես, որ չկա նման հրաձգություն, ուղղակի քաղաքական ուժեր են, որի տարբեր ներկայացուցիչներ ունեն տարբեր կարծիքներ: Մենք ունենք 2007թ. ստորագրված կոալիցիոն հուշագիր, որի շրջանակներում համագործակցում ենք, եւ դեռ որեւէ խնդիր ես չեմ տեսնում:

– Բայց միմյանց հասցեին վիրավորական խոսքեր հնչեցին:

– Վիրավորական խոսքեր հնչեցնողները պետք է պատասխան տան եւ կոռեկտ լինեն: Ում վիրավորել են, նա կպատասխանի, իմ կարծիքով:

– Խորհրդարանական ընտրություններին ո՞ր ուժի կողմից եք լինելու:

– Ես իմ կողմերը չեմ փոխում, ես մեկ դիրքորոշում ունեմ, որը շատ հստակ է: Իսկ եթե որոշ մարդիկ տեսողության պրոբլեմ ունեն, իրենց կհորդորեմ դիմել բժշկի:

– Ճի՞շտ եք համարում ՀՀԿ-ի այն ակնկալիքը, որ ԲՀԿ-ն հայտարարի, թե 2013թ. նախագահական ընտրություններին պաշտպանելու է Ս.Սարգսյանի թեկնածությունը:

– Իմ տեսակետից շատ ճիշտ կլիներ, որ պաշտպաներ երկրի գործող նախագահին, որովհետեւ ինքն իմ թիմի, մեր կուսակցության ղեկավարն է:

– ԲՀԿ-ի տեսակետն այդ հարցի հետ կապված ինչո՞ւ է ուշանում:

– Բայց ինչո՞ւ դուք այդ հարցը չեք ուղղում ԲՀԿ-ին:

– Որովհետեւ շատ մտերիմ հարաբերություններ ունեք կուսակցության ղեկավարի հետ:

– Կուսակցության ղեկավարի հետ մեր բարեկամական հարաբերություններն ընդհանրապես մի կապեք քաղաքական տեսակետների հետ:

– Իշխանություններին չի՞ մտահոգում Տիգրան Կարապետյանի հանրահավաքների մարդաշատությունը:

– Մարդաշատությունը հարաբերական հասկացողություն է, եւ ես ընդհանրապես կողմ եմ բազմակարծությանը: Յուրաքանչյուր քաղաքական ուժ իրավունք ունի հանրահավաքներ կազմակերպել՝ օրենքով սահմանված կարգով, եւ իր տեսակետները, ծրագրերը հայտարարել հանրությանը: Ընդհանրապես ես մտահոգություն չունեմ:

– Չե՞ք կարծում, որ Եգիպտոսում տեղի ունեցող դժգոհությունների ալիքը կհասնի նաեւ Հայաստան: Մեր երկրում էլ կա սոցիալական լարվածություն:

– Ես չեմ կարծում, որ այդ ալիքը կտեղափոխվի, եւ այսօրվա կոալիցիոն իշխանություններն ամեն ինչ արել են եւ պետք է ավելի կազմակերպված անեն, որ համերաշխ, հանդուրժող ձեւով հաղթահարենք բոլոր սոցիալական եւ տնտեսական խնդիրները: Յուրաքանչյուր ընտանիքում, յուրաքանչյուր պետությունում էլ կա խնդիր: Մեզ մոտ դեռ որեւէ խնդիր չեմ տեսնում:

– Գնաճը մեծ չափերի է հասել, հայտարարվում է, որ գազն էլ կթանկանա, եւ սոցիալական լարվածությունն ավելի կխորանա:

– Դուք ենթադրություններով եք խոսում, ես խոսում եմ այսօրվա իրականության մասին: Որեւէ սոցիալական լարվածություն չկա, ուղղակի կա համաշխարհային ճգնաժամ, մեր կառավարությունը, ԱԺ-ն, կոալիցիոն քաղաքական ուժերը նախագահի գլխավորությամբ ամեն ինչ անում են, որ այդ խնդիրները մեղմեն:

– 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ ո՞վ է լինելու ՀՀԿ-ի թեկնածուն:

– ՀՀԿ-ի թեկնածուն իմ տեսակետից՝ լինելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանը, եւ դրա համար դուք չպետք է շատ զարմանաք:

– Խոսակցություններ կան, որ Դուք լինելու եք ԲՀԿ թեկնածուն:

– Դա ձեր կարծիքն է: Ես չեմ կարող ձեզ ուրախացնել, թե նման հարց կարող է ծագել, կամ նման մտադրություն, քննարկվող հարց լինի: Պետք է հուսախաբ անեմ, որ չի լինի:

– Ինչո՞ւ ՀՀԿ-ի շքանշան չեք ամրացնում:

– Ես հոգով եմ ՀՀԿ-ական, ոչ թե նշանով: Սա ՀՀ ԱԺ նշանն է, եւ նորմալ է, որ ԱԺ նախագահը կրի:

– Եթե Գագիկ Ծառուկյանն առաջադրվի նախագահի թեկնածու, Դուք կպաշտպանեք նրա՞ն, թե՞ Սերժ Սարգսյանին:

– Սերժ Սարգսյանին: Զարմանո՞ւմ եք: Խնամիությունն ի՞նչ կապ ունի նախագահ լինելու հետ: Մենք այդ պայմանով չենք դարձել խնամի, որ ինքը պիտի թեկնածու լինի, ես էլ պաշտպանեմ իրեն:

– Դուք նորից լինելու եք Սերժ Սարգսյանի շտաբի պե՞տը:

– Դա կորոշի կուսակցությունը:

– Լուրեր կան, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի վրա է դրված այդ լիազորությունը:

– Կարեն Կարապետյանը շատ պատասխանատու դիրք ունի մեր կուսակցությունում, նա համակարգում է մեր 10 մարզերը: Ես, ի ուրախություն ձեզ՝ ընդհանուր գաղափարախոսությունն եմ համակարգում:

– Ճի՞շտ եք համարում ԲՀԿ-ի պահվածքը, որ մինչեւ հիմա չի հայտարարում, թե 2013-ին ում է սատարելու: Ձեր կուսակիցներն ասում են, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի տարաձայնության պատճառը դա է:

– Բայց ՀՀ նախագահն այդ հարցին այնքան հստակ է պատասխանել, որ դուք ուղղակի ուզում եք ինձանից կորզել մեկ այլ պատասխան, որը ձեզ չի հաջողվելու:

– Ձեր կուսակիցներն են ասում, որ դա է հակամարտության պատճառը:

– Մեր կուսակիցներն` ովքե՞ր:

– Ռազմիկ Զոհրաբյանը:

– Ես համաձայն չեմ պարոն Զոհրաբյանի կարծիքի հետ:

– Նախագահական ընտրություններին Ռոբերտ Քոչարյանը կառաջադրի՞ իր թեկնածությունը:

– Իմ կարծիքով` ոչ:

– Հնարավո՞ր է, որ հայ-թուրքական արձանագրությունները հանվեն ԱԺ մեծ օրակարգից:

– Դա ՀՀ նախագահի իրավասության շրջանակներում է, եւ եթե նա ցանկանա, ետ կկանչի:

– Իսկ ինչո՞ւ շուտ-շուտ ասուլիս չեք տալիս:

– Ես չեմ զգացել, որ դուք իմ կարիքը շուտ-շուտ ունեք: Ես համաձայն եմ, որ մենք միասին խաշ էլ ուտենք: Համաձա՞յն եք: Կկազմակերպեմ:

– Ինչո՞ւ չէիք մասնակցում Բանակի օրվան նվիրված միջոցառումներին:

– Ես մի շարք լրագրողների կուզենայի ասել, որ Աբրահամյան Հովիկը գտնվում էր արձակուրդում, հանրապետությունում չէր:

– Բայց դա կարեւոր օր էր:

– Իմ ծննդյան օրն էլ կարեւոր էր, բայց այստեղ չէի, 24-ին էր: Մեր բանակը մեր ամենակարեւոր ատրիբուտներից մեկն է, սիմվոլ է մեզ համար:

– Դուք տարաձայնություններ չունե՞ք ՀՀ նախագահի հետ:

– Ոչ, չենք էլ ունեցել:

– Դուք ասում եք՝ շատ կարեւոր է ճգնաժամի հետեւանքները հաղթահարել, բայց ձեր կուսակցության պաշտոնյան ասել էր, թե ճգնաժամն ավարտվել է:

– Մեր կուսակցությունը բազմադեմ է, բազմակարծություն կա, մենք իրավունք ունենք մեր կարծիքները հայտնելու: Կարծում եմ, որ դա ժողովրդավարության տեսակետից շատ ճիշտ է:

– Կարծիք կար, որ առաջիկայում կալանավայրերից ընդդիմության բոլոր ներկայացուցիչներին ազատ արձակելու հնարավորություն կլինի: Այդ հնարավորությունը սպառվա՞ծ է:

– Ես գտնում եմ, որ հանրապետության նախագահը գնաց ընդառաջ, եւ բազմաթիվ մարդիկ, ովքեր դիմեցին, ազատ արձակվեցին: Դա անընդհատ պրոցես է եւ կարող է լինել շարունակական: Եվ ես կողմնակից եմ, որ լինի շարունակական, եւ ազատ արձակվեն: Բայց ոչ հանցագործները:

– Համաներումը հնարավոր համարո՞ւմ եք:

– Ամեն ինչն էլ հնարավոր է այս արագ փոփոխվող աշխարհում:

– ԱԺ-ն չի՞ կարող նախաձեռնություն ցուցաբերել:

– Ոչ: Նախագահը դիմում է ԱԺ-ին, եւ ԱԺ-ն ընդունում է որոշում:

– Սասուն Միքայելյանը հանցագո՞րծ է, թե՞ քաղաքական հայացքների համար է բանտարկված:

– Սասուն Միքայելյանը քաղաքական դաշտում եղել է մեր գործընկերը: Ես որքան գիտեմ, նրան կալանավորելը կապված է եղել զենք-զինամթերքի հետ: Եվ դա օրենքով հանցագործություն է:

– Ընդունեցի՞ք ամիսը մեկ լրագրողների հետ հանդիպելու առաջարկը:

– Եթե 15 օրը մեկ ուզեք, 15 օրը մեկ էլ ձեզ հետ կհանդիպեմ: Ես ի՞նչ ունեմ ձեզանից քաշվելու: Ես ձեզ հետ միշտ բաց եմ, երբ ուզենք՝ գնանք խաշ ուտենք, խորոված ուտենք:

– Կարծիք կա, թե ԱԺ-ում մեծամասնություն կփոխվի, որը Սերժ Սարգսյանին անվստահություն կհայտնի:

– Այս պահի դրությամբ չկա նման տարբերակ, թե կարող է ինչ-որ պատգամավորներ հավաքվեն եւ անվստահություն հայտնեն նախագահին:

– Բայց այդ դեպքում ԲՀԿ-ն ինչո՞ւ չի ասում իր թեկնածուի անունը:

– ԲՀԿ-ն միշտ պաշտպանել է Սերժ Սարգսյանին: Ես համոզված եմ, որ ապագայում էլ կպաշտպանի: Բայց որ Սերժ Սարգսյանը կհաղթի 2013-ին, ես…

– Դուք չե՞ք ուզում նախագահ դառնալ:

– Ոչ, ես հիմա նախագահ եմ: ԱԺ նախագահն ինձ բավարարում է: Հանրապետության նախագահը, լավ պատկերացում չունեք, շատ ծանր եւ պատասխանատու աշխատանք է:

– Ժամանակ առ ժամանակ լուրեր են շրջանառվում Ձեր հրաժարականի մասին:

– Ամեն ինչ հնարավոր է: Կարեւորը՝ Սերժ Սարգսյանի մասով բացառում ենք, որովհետեւ Սերժ Սարգսյանին փոխարինող դեռ չկա, ես չեմ տեսնում, իսկ ԱԺ նախագահի մասով հնարավոր է:

– Ո՞ր դեպքում հրաժարական կտաք:

– Կարող է հիմա խնդրեն` գնամ հրաժարական տամ: Մեր կուսակցությունը բազմադեմ է, Կարախանյան Վազգենը, օրինակ, կարող է առաջարկ անել, եւ դա ընդունվի: Գալուստ Գրիգորիչն էլ կլինի ԱԺ նախագահ, ի՞նչ վատ կլինի, որ…

– Քաղբանտարկյալների ազատ արձակումն ի՞նչ ժամկետներում եք հնարավոր համարում:

– Դա նախագահի խնդիրն է, եւ ես չեմ ուզում մտնել այդ դաշտ: